Հոկտեմբեր 07, 2017 16:06 Asia/Yerevan

Այսօր ավելի քան 60 հազար հեկտար տարածքում շուրջ մեկ միլիոն տոննա նուռ աճեցնելով, Իրանը նռան խոշոր արտադրող ու արտահանող պետություններից է համարվում:

Նուռն այգեգործական արտադրանք է, որը  չորս հազար տարվա հնություն ունի: Մեծ թվով բուսաբաններ համոզված են, որ նռնենին Իրանի տեղական մրգի ծառ  է և այս միրգը Իրանից է փոխադրվել Հնդկաստան, Հյուսիսային Աֆրիկա, Չինաստան, Եվրոպա և Ամերիկա: Իրանի տարբեր շրջաններում, այդ թվում Կասպից ծովի ափերում, երկրի արևմտյան շրջանների՝ Լոռեստան, Քուրդստան, Չահարմահալ Բախթիարի, Ֆարս և Բելուչեսթան նահանգների դաշտային անտառներում ու տափաստաններում, Էլբուրս լեռնաշղթայի հարավային ստորոտներում և Գիլան նահանգում Մանջիլի ու Լոշանի հովիտներում վայրի նռան աճելը հաստատում է այն միտքը, թե նուռը իրանական միրգ է:

Ղուրանում երեք անգամ ասվել է նուռ բառը: Անամ սուրայի 99-րդ այայում, անձրևը և տարբեր տեսակ բույսերի ու մրգերի, այդ թվում նռան աճելը Աստծո վեհության խորհրդանիշ է համարվել: Իսկ Ալ-Ռահման սուրայի 68-րդ այայում նուռը դրախտային միրգ է կոչվել: Անամ սուրայի 141-րդ այայում Աստված հավատացյալներին խորհուրդ է տվել նուռ օգտագործել:

Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են (ըստ ավանդության՝ 365 հատ)՝ պատված բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն հյութալի շերտով։ Բնի բարձրությունը մինչև 5 մ է։ Տերևները կաշեկերպ են, փայլուն, նշտարաձև կամ երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր։ 

Համի առումով նուռը լինում է թթու, քաղցր և թթվաշաքաղցր համերով: Իրանցի անվանի գիտնական, բժիշկ Ավիցեննան համոզված էր, որ ավելի գերադասելի է քաղցր նուռը և հետո թթվաշաքաղցր և թթու նռները: Նրա համոզմամբ, Նռան բոլոր մասերը բուժիչ հատկություն ունեն: Մինչ այսօր բազում ուսումնասիրություններ են կատարվել նռան հատկությունների մասին: Նռան կեղևը, արմատը, ծաղիկն ու հատիկները մեծ կիրառում ունեն դեղագործության արդյունաբերության մեջ:

Ավանդական բժշկության փորձագետների համոզմամբ նուռն ունի բազում հատկություններ և կյանքի էլիքսիր է:  Նռան հյութը պարունակում է В խմբի վիտամիններ, С վիտամին, ինչպես նաև А պրովիտամին (կարոտին): Այս բոլոր վիտամիններն օրգանիզմի նյութափոխանակության համար մեծ դեր են խաղում, կարգավորում են ճարպերի և ածխաջրերի նյութափոխանակությունը: Նուռը հարուստ է հանքանյութերով: Նռները մեծ քանակությամբ կալիում են պարունակում, ինչը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար: Նուռը պարունակում է կալցիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, նատրիում: Նուռը պաշտպանում է լյարդը: Նռան հյութը ոչ միայն պաշտպանում է լյարդը, այլեւ նպաստում է դրա վերականգնմանը, եթե այն ինչ-որ պատճառներով վնասվել է: Նուռը կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները: Նուռը օգնում է օրգանիզմին ոչնչացնել  անոթներում գտնվող ազատ ռադիկալները, ինչն էլ իր հերթին նվազեցնում է  մի շարք սրտային հիվանդությունների ռիսկը: Իրանի ավանդական բժշկության մեջ նուռը համարվում է երիկամների աշխատանքը խթանող միրգ:  Այս միրգն ախտազերծում է նաև բերանն ու կկոկորդը և օգտակար է նաև ուժեղ հազերի դեպքում: Նուռը անփոխարինելի է շագանակագեղձի և հաստ աղիքի քաղցկեղի առկայության դեպքում, քանի որ այն  կանխարգելում է դրանց զարգացումը: Այն պարունակում է մեծ քանակով հակաօքսիդանտներ, որոնք կանխում են օրգանիզմի վաղաժամ ծերացումը: Նուռն օգտակար է նաև ոսկորների փափկության և նյարդերի թուլության դեպքում: Այս միրգը լավագույն հակադեպրեսանտ է և կենսուրախություն է պարգևում  մարդուն:

Նռան գույնը հեշտությամբ չի մաքրվում և գույնի կայունության պատճառով անցյալում նռան ճյուղերը, արմատը, ծաղիկն ու տերևները կիրառվում էին կաշվե արդյունաբերությունում և մանվածքի, բրդի ու թելի ներկման գործում: Մեր օրերին նռան կեղևը կիրառվում է ավանդական ներկերի պատրաստման մեջ: Նռան հյութը նույնպես կիրառվում է ոչ-բուսական մանրաթելերի ներկրման համար:

Նռան հյութը ախտահանիչ և մանրեասպան հատկություն ունի: Նուռից պատրաստվում են բազում մթերքներ, այդ թվում նռան սոուս, ջեմ, ժելե, խմիչք, պաղպաղակ, համեմունքներ, թթուներ, թթու լավաշ, քացախ և անասնակեր: Նռան հատիկը ուժեղ հակաօքսիդանտ հատկություն ունի:

Այսօր ավելի քան  60 հազար հեկտար տարածքում շուրջ մեկ միլիոն տոննա նուռ աճեցնելով, Իրանը նռան խոշոր արտադրող ու արտահանող պետություններից է համարվում: Իրանում ավելի քան 700 տեսակի նուռ է աճեցվում Ֆարս, Խորասան, Կենտրոնական (Մարքազի), Սպահան, Յազդ և այլ նահանգներում:

Հատկանշական է, որ Իրանի կենտրոնական անապատի շրջակա տարածքներում գտնվող բոլոր նահանգներում հնուց ի վեր նուռը ամենաշահավետ տնտեսական արտադրանքն է եղել: Սավե, Նեյռիզ, Ֆերդոս և Բոջեսթան քաղաքները Իրանում նռան ամենախոշոր արտահանողներն են: Սավեի նուռը իր համի, որակի, բարակ կեղևի,  երկար ժամանակ տեսքը պահպանելու և օրգանական լինելու շնորհիվ համաշխարհային համբավ է վայելում: Բարձր թթվայնության պատճառով Սավեում արտադրված նուռը կարող է 18 ամսից երկու տարի պահպանվել, դա այն դեպքում, երբ նռան մյուս տեսակները միայն չորս ամիս են պահպանվում:Հիշյալ տարածքներում նռան ավելի քան 70 տեսակներ են աճեցվում և արտահանվում աշխարհի տարբեր շրջաններ: Իրանի Հարավային Խորասան նահանգի Ֆերդոս քաղաքի այգիներում տարեկան 20-30 հազար տոննա նռան բերք է հավաքվում և փոխադրվում ներքին ու միջազգային շուկաներ:Մյուս շրջանների համեմատությամբ, Ֆերդոսում արտադրված նուռը երկու տոկոսով ավելի շատ քաղցրություն ունի:

Նռան բերքահավաք Իրանում

Ամենաշահավետ նուռն արտադրվում է Իրանի Սպահան նահանգի Ֆինե Քաշանի շրջանում: Այնպես որ այդ տարածքում աճած հինգ կիլո նուռից միայն կես կիլոն է անօգտագործելի գնորդի համար: Իսկ ամենաթանկ նուռը պատկանում է Յազդ նահանգին: Իրանի որոշ շրջաններում, այդ թվում Գելուգահ քաղաքում ավելի քան 300 հեկտար տարածության մեջ այգիների ու ցանքսատարածքների մոտակայքում, վայրի նռներ են աճում: Կլիմայական բազմազանության պատճառով Իրանի արևելյան Ատրպատական նահանգում Արաքս գետի ափամերձ տարածքները նույնպես շատ հարմար վայր են նռան աճեցման համար:  Նռնենին հիմնականում աճում է մերձարևադարձային շրջաններում: Այդ պատճառով Ջուլֆա քաղաքի մերձարևադարձային կլիման բարենպաստ միջավայր է ստեղծել նռան աճեցման համար: Սեֆիդյազդին, Ֆարուղը և Ղարե Ղաբուղը Ջուլֆայում աճող նռան տեսակներ են, որոնք շատ ցանկալի են շուկայում: Այնպես որ այս տարածքում արտադրվող թթվաշաքաղցր նուռը մեծ պահանջարկ ունի հարևան երկրներ՝ Հայաստանում և Ադրբեջանում: Իրանական նուռն արտահանվում է տարբեր երկրներ՝ Հնդկաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Թուրքմենստան, Հարավային Կորեա, Իրաք, Պարսիցծոցյան երկրներ, այդ թվում Արաբական միացյալ Էմիրություններ, Կատար և Քուվեյթ: