Հոկտեմբեր 10, 2017 19:36 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք իրանցի փիլիսոփա, պատմագիր և մեկնաբան Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարիի մասին:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում խոսելու ենք իրանցի պատմագիր, մեկնաբան, իսլամական օրենսգետ և հադիսագետ Մոհամմեդ Իբն  Ջարիր  Թաբարիի մասին:

---------------------

Դարեր առաջ, լուսնային հիջրեթի 224 թվականին Իրանի հյուսիսային Ամոլ քաղաքում մի երեխա ծնվեց, որը Աստծո կամոք պիտի դառնար իսլամի պատմության առաջին մեծ պատմագիրն ու Ղուրանի մեկնաբանը: Այդ երեխան Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին էր: Ամենահին աղբյուրը, որտեղ Թաբարիի մասին համեմատաբար մանրամասն տեղեկություններ կան, Իբն Նադիմի «Ալ-Ֆեհրեսթ» արժեքավոր աշխատությունն է, որը գրվել է լուսնային հիջրեթի 377 թվականին՝ Թաբարիի վախճանումից 67 տարի անց: Իբն Նադիմն իր գրքում անդրադառնալով Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարիի կենսագրականին ներկայացրել է նրա ստեղծագործությունների ցուցակն ու նրա աշակերտներից և օրենսգիտական դպրոցի հետևորդներից շատերի անունները:

Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին ընդունակ ու տաղանդավոր անհատներից էր, որոնց շատ հազվադեպ են հանդիպում: Նա համակ սեր էր հանդեպ գիտությունը և ամբողջ կյանքը հատկացրեց ուսմանն ու նույնիսկ այդ պատճառով հրաժարվեց ամուսնանալուց:  Թաբարին իր տաղանդի ու ապրած հիացմունքի մասին գրում է. «Ես 7 տարեկանում անգիր գիտեի Ղուրանը, 8 տարեկանում հավաքական աղոթքի պետ դարձա ու ժողովրդի համար աղոթք էի կարդում, իսկ 9 տարեկանում սկսեցի հադիսներ գրել»: Նա ապա նշում է, որ իր հայրը մի երազ է տեսել ու դրա պատճառով մանուկ հասակից նրա ուսման կապակցությամբ մեծ ջանք է գործադրել:

Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարի

 

Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին տարրական ուսումն ստանում է ծննդավայրում, իսկ 12 տարեկանում  իր հոր խրախուսանքով ու առավել գիտություն վաստակելու նպատակով ուղևորության է մեկնում և առաջինն այցելում է Ռեյ քաղաքը:

Այդ ժամանակ Ռեյն Իրանի ամենամեծ քաղաքներից էր և գիտության տեսակետից գլխավորում էր բոլոր քաղաքները: Ռեյում Մոհամմեդ Իբն Համիդ Ռազիի մոտ սերտում է հադիսի գիտությունը և ապա Մոհամմեդ Իբն Էսհաղ Սողդիի մոտ սերտում է իսլամի մեծ  մարգարեի պատերազմների պատմությունը, որը հայտնի է «Մաղազի» անունով: Թաբարին գիտության հանդեպ իր մեծ սիրո կապակցությամբ ասում է. «Ես Ահմեդ Իբն Համադ Դուլաբիի մոտ պատմություն էի սերտում և ամեն օր այդ նպատակով Ռեյ քաղաքից մեկնում էի մերձակա գյուղերից մեկը և այցելում այնտեղ ապրող Ահմեդի մոտ, այնուհետև անմիջապես վերադառնում էի Ռեյ և խելագարի նման մասնակցում  Մոհամմեդ Իբն Համիդ Ռազիի հադիսի դասին»:

Թաբարին Աբու Աբդոլլահ Ահմեդ Իբն Հանբալին աշակերտելու նպատակով Ռեյից մեկնում է Բաղդադ, սակայն տեղ հասնելով ստանում է Ահմեդ Իբն Հանբալի մահվան բոթը: Թաբարին Բաղդադից մեկնում է Բասրայի ու Քուֆեի միջև գտնվող Վասեթ քաղաքը և ինչքան հնարավոր էր հադիսի գիտությունը սերտում է Աբուքարիբ Մոհամմեդ  Իբն Ալա Համադանիի մոտ ու հետո վերադառանում է Բաղդադ: Դրանից հետո նա սկսում է իսլամական օրենսգետի նման կրոնական հրահանգներ՝ ֆաթվաներ արձակել:

Նրա պրպտող ոգին Բաղդադում հանգիստ չի առնում ու մի առ ժամանակ Միջագետքում բնակվելուց հետո գիտնականների հետ ծանոթանալու նպատակով մեկնում է Եգիպտոս: Այդ ուղևորության ընթացքում նա անցնում է Շամից ու Բեյրութից և լուսնային 253 թվականին Ահմեդ Իբն Թոլոնի իշխանության օրոք ժամանում է Եգիպտոս ու երեք տարի մնում է այդտեղ և Եգիպտոսի Ֆասթաթ քաղաքում աշակերտելով որոշ գիտնականների, Օնս Իբն Մալեքից, Շաֆեիից ու Իբն Վահաբից բազմաթիվ հադիսներ է գրի առնում:

Թաբարին իր երկար ուղևորությունների ժամանակ ընթերցում է իր ժամանակի պատմությունն ու աշխարհագրությունը ներկայացնող ուղեգրություններ: Այդ ուղևորությունների ընթացքում հանդիպում է իսլամ աշխարհի շատ կենսագիրների ու նրանցից բազմաթիվ տեղեկություններ է քաղում: Երեք տարի Եգիպտոսում բնակվելուց հետո Շամի ճանապարհով վերադառնում է Բաղդադ ու կարճ ժամանակ անց իր հայրենիքն այցելելու նպատակով մեկնում է Թաբարեսթան և լուսնային հիջրեթի 290 թվականին վերադառնում է Ամոլ: Թաբարին Ամոլի միջավայրը ուսման համար նպաստավոր չգտնելով կրկին վերադառնում է Բաղդադ և բնակություն հաստատելով «Ռահիա Յաըղուբ» շրջանում շարունակում է իր ուսումնասիրությունները:

Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարիին վերագրվող պատկեր

 

Թաբարին Բաղդադում լրացնում է օրենսգիտության, պատմության ու հադիսի բնագավառում իր գիտելիքները և դաստիարակում է աշակերտներ: Բաղդադի «Ղանթարա Ալ-Բորդան» շրջանում բնակվելիս սկսում է արաբերեն լեզվով՝ «Թարիխ-ալ-ռոսալ վա ալ-մոլուք»(Մարգարեների և թագավորների պատմությունը) խորագրով  իր պատմության շարադրումը, որը հայտնի է «Թարիխ-ե Թաբարի» անունով: Նա օրական գրի էր առնում 40 էջ և իր կյանքի շուրջ 40 տարիները նվիրում է «Թարիխ-ե Թաբարի»-ի աշխատությանը: Նա 48 տարեկան հասակից սկսում է հավաքագրել ուղեգրությունների ցրված էջերը և 65 տարեկան հասակից Բաղդադում շարունակաբար, 23 տարիների ընթացքում մշակում է իր գրությունները և դրանք ավարտին է հասցնում նախքան իր մահը: Թաբարին իր պատմությանը զուգահեռ Աբբասյան խալիֆա Ալ-Մոքթաֆիի խնդրանքով հրիտակների մասին գիրք է գրում, որը ներառում է մինչ այդ օրերն ապրած մուսուլման գիտնականների ու օրենսգետների տեսակետները: Նա նաև գրի է առնում «Ալ-Ֆազաել» անունով մի գիրք, որը ներկայացնում է Խոլաֆայե Ռաշեդինի կյանքը, ապացուցում է Ղադիրի հանդիսի իսկությունը և դա ավարտում է թվելով Հազրաթ Ալիի հատկանիշները: Այդ բոլոր տարիների ընթացքում Թաբարին  նաև գրում է «Ջամե-ալ-բայան Էնա Թաըվիլ-ալ-Ղորան» խորագրով Ղուրանի մեկնաբանությունը:

Թաբարիին ժամանակակից պատմագիրներն ու բանասերները հաստատում են այն կետը որ գիտության և բարեպաշտության ճանապարհին նա երբևէ ուրիշներին հաճելի դառնալու համար ճշմարտության ուղուց չհրաժարվեց: Ո՛չ մեկից վախենում էր և ո՛չ էլ պաշտոնի ու փառքի էր ձգտում: Այդ պատճառով էլ նախանձ ու տգետ հավակնորդների կողմից շատ բռնությունների ենթարկվեց: Այդուհանդերձ ժամանակի գիտնականները բոլորն էլ հաստատել են նրա բարեպաշտությունը, ճգնությունն ու համեստությունը: Նա իր ամբողջ կյանքն ապրեց Թաբարեսթանում իր հորից ժառանգություն ստացած մի հողատարածքի չնչին հասույթով և որևէ պետական պաշտոն չընդունեց:

Մալեք-օլ-Շոարա Բահարը Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարիի բարոյական հատկանիշների մասին ասել է. «Թաբարին խստորեն հրաժարվում էր գիտությանը հակասող պահվածքից ու մինչև այն օրը երբ վախճանվեց չխախտվեց նրա ճգնավորությունը, բարեպաշտությունն ու համեստությունը: Նա խոնարհության, բարեպաշտության ու ճգնության տիպար էր: Չափազանց զգայուն էր: Խիստ նեղացավ այն մարդկանցից, ովքեր նրան կրոնում նորամուծություն կատարողի մեղադրանք էին հասցրել: Այնպես որ ասում են մահվան ժամանակ մեկն ուսուցչին ասում է ներիր թշնամիներիդ: Ուսուցիչն ասում է, թե բոլորին կներեմ բացի նրանցից ովքեր ինձ նորամուծության մեղադրանք վերագրեցին»:

Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարիի դավանանքի մասին տարբեր տեսակետներ գոյություն ունեն: Ոմանք Թաբարեսթանից լինելու պատճառով նրան շիա են համարել, իսկ ոմանք էլ համոզված են, որ նա սունի է եղել: Այդուհանդերձ նրա ստեղծագործություններից ու ժամանակակիցների վկայություններից կարելի է հասկանալ, որ Թաբարին օրենսգիտությունը սերտելով ու էջթեհադի աստիճանին հասնելով հրաժարվում է ժամանակին տարածված դավանանքներից և օրենսգիտական անկախ դավանանք է հիմնում, որը հայտնի է Ջարիրի դավանանք անունով, իսկ նրա հետևորդներին Ջարիրիե են կոչել: Իբն Նադիմը «Ալ-Ֆեհրեսթ» գրքում, ինչպես նաև «Թարաջեմ վա Ահվալ» գրքի հեղինակը ներկայացրել են Թաբարիի դավանանքին հետևող շատ օրենսգետների ու մտավորականների անուններ:

Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարին վախճանվեց շաբաթ՝ լուսնային հիջրեթի 310 թվականի շավալ ամսի 26-ին և նրան հողին հանձնեցին իր տանը: Իբն Ասիրն իր պատմության գրքում Թաբարիի վախճանման մասին գրում է. «Երբ նա վախճանվեց, հանրությունը թույլ չտվեց որ նա ցերեկով հուղարկավորվի ու հողին հանձնվի և ասում էին, որ նա ռաֆեզի կամ հավատուրաց է: Այդ հրահրումները կատարվում էին Ահմեդ Իբն Հանբալի հետևորդների կողմից: Այդ թշնամության պատճառն այն էր, որ Թաբարին օրենսգետների տարաձայնությունների մասին գիրք էր գրել ու այդտեղ թվել էր մեծ օրենսգետների և տարբեր դավանանքների առաջնորդների անուններն ու նրանց տեսակետները, սակայն Ահմեդ Իբն Հանբալի մասին որևէ բան չէր նշել: Երբ նրան հարցնում են պատճառն ասում է, որ Ահմեդ Իբն Հանբալը ոչ թե օրենսգետ, այլ մոհադես է: Այդ արտահայտությունը զայրույթ է առաջացնում հանբալի հետևորդների մոտ և նրանք թշնամանում են Թաբարիի հետ: Քանի որ այդ ժամանակներում Բաղդադում Հանբալի հետևորդները մեծ թիվ էին կազմում, Թաբարիի մասին ինչ-որ ցանկացան ասացին ու կատարեցին»: