Նոյեմբեր 15, 2017 20:04 Asia/Yerevan
  • Ճանաչենք իսլամը (163)

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում շարունակելու ենք Իմամ Հասան Ասկարիի առաջնորդության շրջանի քննարկումը:

Ինչպես ասացինք Իմամ Հասան Ասկարիի առաջնորդության ժամանակաշրջանը եղել է Աբբասյանների իշխանության ամենաանհանդարտ շրջաններից մեկը: Խալիֆաների անարժանությունը, իշխանության պարագլուխների միջև ուժի պայքարը, ժողովրդի դժգոհությունն ու իրարահաջորդ ընդվզումներն այդ ժամանակաշրջանում քաղաքական ու հասարակական անբարենպաստ պայմանների գործոններից էին:

Աբբասյան խալիֆաները ամենաշատը մտահոգված էին Իմամ Հասան Ասկարիի որդու ծնունդով: Նրանք մարգարեից փոխանցված վկայությունների համաձայն գիտեին, որ Իմամ Հասան Ասկարին տղա զավակ է ունենալու, որը փրկիչ է համարվելու: Ամենուր տարածվել էր այն լուրը, թե նա ով իր աշխարհատարած շարժմամբ աշխարհից վերացնելու է բռնությունն ու չարիքը, Իմամ Հասան Ասկարիի որդին է: Աբբասյանները լսել էին այն հադիսը, թե մարգարեին փոխարինողները 12 հոգի և բոլորն էլ Ղորայշի ցեղից են: Այդ հադիսը բազմիցս բերվել է նաև սունիների աղբյուրներում:

Փաստերի վկայությամբ Աբբասյան իշխանները զգում էին, որ Մահդիի հայտնվելու մասին կանխատեսումները կարող են մոտ ապագայում իրականություն դառնալ: Դա առավել քան երբևէ նյարդայնացնում էր նրանց: Հետևաբար նրանք առավել ճնշում են գործադրում Իմամ Հասան Ասկարիի և նրա հետևորդների վրա: Այդ նպատակով տարիներ առաջվանից կանխարգելիչ քայլի դիմելով Իմամ Հադիին իր որդու իմամ Հասանի հետ Մեդինայից Սամերա քաղաք էին կանչել:

Իմամ Հադիի և Իմամ Հասան Ասկարիի դամբարանները՝ Սամերայում

 

Նրանք շարունակ վերահսկում էին Իմամ Հասանի երթևեկը և մեծ զգայնությամբ քննում էին նրա բնակարանից ստացվող զեկույցները, որպեսզի գտնեն այն մանկանը, որ պիտի ծնվի և նրա կապակցությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն: Այդուհանդերձ չնայած Աբբասյանների մեծ ջանքերին, Աստծո կամքն այնպես տնօրինեց, որ Իմամ Հասան Ասկարիի որդին ծնվի:

Իմամ Հասան Ասկարին գաղտնի էր պահում Իմամ Մահդիի ծնունդը: Անկասկած եթե թշնամիները տեղեկանային Հազրաթ Մահդիի ծննդյան մասին, հնարավոր էր, որ նրան սպանելու և վերացնելու որոշում ընդունեին: Իմամ Ասկարին այդ պատճառով նրա ծնունդը լիովին գաղտնի էր պահում: Աստծո կամքով Իմամի կնոջ հղիություն էլ Մովսեսի մոր հղիության նման աննկատ մնաց և մինչև նորածնի ծննդյան պահը որևէ մելը արտաքինից չեր կարող նկատել, որ Իմամ Մահդիի մայրը՝ Նարջես Խաթունը հղի է: Չնայած իրենց լրտեսների ու գործակալների կողմից իրականացված խիստ վերահսկողության, Աբբասյան իշխանավորները այդ մասին ոչինչ չիմացան: Այդուհանդերձ Իմամ Հասան Ասկարին մերձավորներին ու վստահելի անձանց տեղյակ է պահում երեխայի ծննդյան մասին ու նրանցից որոշներին ցույց է տալիս իր երեխային, որպեսզի իր նահատակությունից հետո ժողովուրդը Իմամ Մահդիին ճանաչելու հարցում մոլորության մեջ չընկնեն: Այդ պատճառով էլ Իմամ Հասան Ասկարիի նահատակությունից հետո նրա աջակիցները համակարծիք էին այն հարցում, որ նա իր որդուն հաջորդ Իմամ է նշանակել:

 

Իմամ Ասկարիի մտածված քայլերից մեկը իր որդու՝ Հազրաթ Մահդիի բացակայության շրջանի համար ժողովրդի նախապատրաստելն էր: Քանի որ Իմամ Մահդիի բացակայությունը անսովոր երևույթ էր, որի համար ժողովրդին պիտի նախապատրաստել: Մինչ այդ մեծ մարգարեի գերդաստանի հետևորդներն ու սիրահարները անձամբ էին ներկայանում իմամներին և իրենց անհատական ու հասարակական խնդիրներն ու հարցերը կիսում էին նրանց հետ: Իմամներն էլ բավարարում էին նրանց մտային, հոգևոր ու նյութական կարիքները և պատասխանում էին նրանց խնդրանքներին: Այս կարգի հարաբերության պատճառով մեծ մարգարեի գերդաստանից սերող իմամների հետ ժողովրդի ուղղակի կապը սովորական բնույթ էր կրում: Իմամ Հասան Ասկարին հասարակությանը պիտի նախապատրաստեր բացակայության շրջանի համար: Բացակայություն, որն ըստ երևույթին պատճառ էր դառնալու, որ ժողովուրդը հեռու մնա իմամից և նրա հետ կապվելու հնարավորություն չունենա:

Այդ նպատակով Իմամն աջակիցներ է դաստիարակում, որոնք պիտի իրենց վրա վերցնեին բացակայության շրջանին վերաբերող պատասխանատվությունը: Դա ի տես այն բանի, որ նախորդ իմամների ժամանակվանից այդ կապակցությամբ քայլեր էին ձեռնարկվել և շիաները մասամբ նախապատրաստվել էին բացակայության շրջանի համար:

Մյուս կետն այն է, որ ժողովրդի հետ Իմամ Հասան Ասկարիի կապերի մեծ մասն իրականացվում էր գրավոր կերպով ու նամակագրության միջոցով: Նա տարբեր տարածքներում գտնվող շիաներին պահպանելու համար կապի ամուր ցանց էր ստեղծել: Շիաների կենտրոնացման կենտրոնների ցրված լինելը պարտադրում էր կապի կանոնավոր համակարգ ստեղծել, որպեսզի դրա միջոցով շիաների ու իմամի միջև ու նաև շիաների միջև կապեր հաստատելու հնարավորություն առաջանար և նրանք այդ միջոցով կրոնական ու քաղաքական տեսակետից առաջնորդվեին ու կազմակերպվեին: Քուֆեն, Մադաենը, Եմենը, Բաղդադը, Ռեյը, Ատրպատականը, Նեյշաբուրը, Ղոմը, Սամերան ու Գորգանն այդ օրերին Իմամի հետևորդների ու համակիրների գլխավոր կենտրոններից էին համարվում:

Այդ պատճառով Իմամ Հասան Ասկարին տարբեր տարածքների հայտնի ու ճանաչված գործիչների միջից իր համար ներկայացուցիչներ է նշանակում ու այդ միջոցով շարունակական կապ է պահում իր հետևորդների հետ: Նրանք ընտրյալ ու արժանավոր մարդիկ էին, որոնք համարվում էին մեծ մարգարեի մտային ու գաղափարական ներկայացուցիչներ և տարբեր քաղաքների բնակիչները հանդիպում էին նրանց: Օրինակ Ղոմում՝ Ահմեդ Իբն Էսհաղ Ղոմին, Նեյշաբուրում՝ Էբրահիմ Իբն Աբդե Նեյշաբուրին, իսկ Ահվազում՝ Էբրահիմ Իբն Մահզիարն Իմամի ներկայացուցիչներն էին: Շիա ճանաչված ու վստահված գործիչներից Օսման Իբն Սաիդն Իմամի գլխավոր ներկայացուցիչն էր և ամբողջ գույքը կենտրոնացած էր նրա մոտ:

Քանի որ Աբբասյան իշխանավորները ցանկանում էին առավել նեղը դնել մեծ մարգարեի գերդաստանի սիրահարներին, նրանց պայմաններն ամեն օր ավելի էր ծանրանում, այնպես որ բացի ներկայացուցիչների ու դեսպանների միջոցով Իմամների հետ կապվելու հնարավորություն չունեին: Այսպիսով ինչքան շիաներն ավելի էին մոտենում բացակայության շրջանին, Իմամի հետ ուղղակի կապվելու հնարավորությունն ավելի էր սահմանափակվում: Այդուհանդերձ այդ սահմանափակությունների պատճառով իսլամ ժողովրդի մոտ առավել ամրապնդվում էր ներկայացուցչության համակարգը:

Ներկայացուցչության համակարգն իմամի արժեքավոր ուղերձներն ու ցուցմունքները հեռու ու մոտիկ վայրեր փոխանցելու համար միջոց էր: Իմամ Հասան Ասկարին հաստատեց իր ժամանակ կամ ավելի վաղ գրված օրենսգիտական որոշ աղբյուրներ և մեծարեց դրանց հեղինակներին: Իմամը նպատակ ուներ բացակայության շրջանում հասարակության ընդունակությունների ընդլայնման համար հող նախապատրաստել: Նա տարբեր միջոցներով ժողովրդին խրախուսում էր բացակայության շրջանում դիմել իմամների մոտ դաստիարակված գիտնականներին ու օրենսգետներին և նրանցից ստանալ կրոնական ուսուցումները: Իմամ Հասան Ասկարից փոխանցվել է հետևյալ հադիսը, որը վկայում է այդ մասին. «Ուրեմն օրենսգետներից նա ով մաքրակենցաղ լինի, պահեցողությամբ զբաղվի, կրոնի պահապանը լինի ու դեմ գնա իր ցանկություններին ու իր առաջնորդի հետևորդը լինի, ժողովուրդը պիտի հետևի նրան»:

Իմամ Հասան Ասկարիի յուրահատկություններից մեկը բռնակալների ու չարագործների դիմաց չհանձնվելը և իսլամական անխառն գաղափարների ու ուսուցումների պաշտպանության ճամբին նրա անխախտ կամքն էր: Աբբասյան Մոթամեդ խալիֆան լավապես տեղյակ էր Իմամ Հասան Ասկարիի հոգևոր ու գիտական ներազդեցության չափերի մասին: Նա նկատում էր, որ ժողովրդի տարբեր խավերը մեծ մարգարեի ծոռանը գերադասում էին ուրիշներից: Նա զգաց, որ իմամի գործունեության շարունակվելը թուլացնելու է իր բռնապետական իշխանության հիմքերը: Հետևաբար որոշեց վերացնել Իմամ Հասան Ասկարիին: Նա իր գործակալների միջոցով իրագործված դավադիր քայլով Իմամին թունավորեց: Սաստիկ թունավորման պատճառով Իմամը մի քանի օր մնաց անկողնում: Այդ օրերին Մոթաեմդը շարունակ Իմամի մոտ էր ուղարկում պալատական բժիշկներին ու այնպես էր ձևացնում, որ իբր թե իշխանությունն Իմամի դեմ դավադիր քայլին որևէ մասնակցություն չի ունեցել: Ի վերջո մի քանի օր տևած հիվանդությունից հետո Իմամ Հասան Ասկարին նահատակվեց լուսնային հիջրեթի 260 թվականի ռաբի-ալ-ավալ ամսվա 8-ին: Թեև Աբբասյան Խալիֆան ու նրա գործակալները մեծ ջանք գործադրեցին որպեսզի նրա մահը բնական ձևացնեն, սակայն Իմամի նահատակության հետ կապված ճշմարտությունները շիաների ու նրա հետևորդների համար թաքուն չմնացին: Իմամի նահատակության մասին լուրը անմիջապես տարածվում է Սամերայում: Սամերայում անորոշության ու վշտի մթնոլորտ է տիրում: Այդ ժամանակ դեռ մանուկ Իմամ Մահդին աղոթք է կարդում իր հոր՝ Իմամ Հասան Ասկարիի դիակի վրա:

 

Նահատակության ժամանակ Իմամ Հասան Ասկարին ընդամենը 28 տարեկան էր: Նրանից հիշատակ է մնում արժեքավոր մի որդի, որն աշխարհի փրկիչն ու աշխարհի վրա Աստծո ապացույցն է: Նա մի օր հայտնվելու է և աշխարհը լցնելու է արդարությամբ: Մեր հաջորդ հաղորդումներում կանդրադառնանք Իմամ Մահդիի կյանքին ու նրա բացակայության թեմային: