Հուլիս 11, 2018 19:09 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կշարունակենք Քավարանի աշխարհի մասին զրույցը:

Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք այն հարցին, որ մահից հետո մարմնի և հոգու միջև կապը խզվում է և հոգին իր գոյությունը շարունակում է «Բարզախ» կամ «Քավարան» կոչվող աշխարհում: Նաև ասացինք, որ մահից հետո մարդը պահպանում է գիտակցությունը, ըմբռնման կարողությունը, զգացմունքներն ու իղձերը:

Քավարանի մասին զրույցը կշարունակենք մի պատմական իրադարձության ակնարկ կատարելով:

«Բադր»-ի պատերազմի ժամանակ, երբ իսլամի բանակը հաղթանակ է տանում թշնամու դեմ և սպանվում են մի խումբ անհավատներ, մարգարեն կանգնում է այն հորի վրա, որտեղ էին գտնվում դիակները: Դիմում է նրանց ու ասում է. «Իրավացի գտանք այն ինչը, որ Արարիչը խոստացել էր մեզ, արդյոք Ձեր Արարչի խոստումներն էլ իրավացի էին»: Այդ պահին մարգարեի որոշ աջակիցներ հարցրեցին. «Ով Աստծո առաքյալ, սրանք անշունչ մարմիններ են, արդյոք մեռելների՞ հետ ես խոսում: Միթե սրանք կարո՞ղ են հասկանալ քո ասածը»: Մարգարեն ասում է. «Նրանք այս պահին Ձեզանից ավելի լավ են լսում»:

Սա վկայում է այն մասին, որ մարդը մահից հետո էլ գիտակցության տեր է և նույնիսկ լսում է:

Մահով ու այս աշխարհում մարդու կյանքը վերջ գտնելով նրա մարմնի մասերը փլուզվում եւ փտում են, բայց նրա հոգին Քավարանում պատկանում է մի նուրբ մարմնի, որը չունի նյութական աշխարհին բնորոշ յուրահատկությունները: Քանի որ այդ դա շատ նման է մարդու աշխարհիկ մարմնին, դա ընդօրինակված կաղապար կամ ընդօրինակված մարմին են կոչում:

Ընդօրինակված մարմինը նյութեղեն չէ, այսինքն մասսա, կշիռ ու խորք չունի, բայց օժտված է նյութեղեն իրերի որոշ յուրահատկություններով օրինակ մարմին ու չափեր ունի և այդ տեսակետից նման է բնական մարմնին:

Ընդօրինակված կամ քավարանային մարմնի մասին պարզ պատկերացում կազմելու համար կարելի է ուշադրություն դարձնել երազում տեսած մարդկանց դեմքի վիճակին: Անկասկած երազում մարդկանց տեսքն ու դեմքը նյութեղեն չէ, տեղ չի զբաղեցնում, ծավալ ու կշիռ չունի, այդուհանդերձ տեսք ու չափեր ունի և նման նյութեղեն մարմնին: Քավարանային աշխարհում էլ դեմքերը նույն ձևով են լինում:

Ընդօրինակված մարմինը կարելի է համեմատել հայելու մեջ երևացող մարդու պատկերի հետ: Հայելու մեջ մարդու դեմքը միանշանակ նման է նրան, սակայն դա նրա նյութեղեն մարմինը չէ: Հենց այս պարզ յուրահատկությունը նկատի առնելով է, որ մարդը երազում մահացած մորը, հորը կամ ընկերոջը տեսնում է հենց այն դեմքով ու տեսքով, որ վախճանվել է:

Քավարանային աշխարհում մարդը հայտնվում է աշխարհիկ մարմնին նմանող կաղապարում և նրա ընդօրինակված մարմինը նման է նրա աշխարհիկ մարմնին: Հետևաբար ուրիշները նրան ճանաչում են հենց այն կերպարանքով, որ ապրել է աշխարհում: Նրան հարցնում են տարիներ առաջ աշխարհում ապրած մարդկանց մասին և ինքն էլ փոխադարձաբար այդ աշխարհում մտաբերում է իր բարեկամներին ու հարազատներին:

Քավարանում կյանքն այնպես է, որ մարդ ձերբազատվում է նյութական կարիքներից ու կապանքներից: Հենց այնպես երազի աշխարհում ժամանակն ու վայրը ներկայացված չեն և մարդը նույն պահին կարող է տարբեր կետեր այցելել, Քավարանում էլ նա իր ընդօրինակված մարմնով տեղաշարժվում է:

Քանի որ Քավարանում ապրում ենք մեր ընդօրինակված մարմնով և հոգին պատկանում է նրան, ուրախություններն վշտերը և շիրիմի ծանրությունն ու պատիժը նաև զգացվում են նրա միջոցով: Այս կյանքը շարունակվում է մինչև  Ահեղ դատաստանի օրը, երբ իրավիճակը փոխվում է: Այդ օրը Աստծո կամքով մարդու մարմնի ցրված մասերը հավաքվում են և մարդու մարմինը կրկին արարվում  է: Այդ ժամանակ հոգին վերադարձվում է մարմնին:

Անդրշիրիմյան կյանքը դեպի հավիտենականություն տանող անվերադարձ ճանապարհին մարդու առաջին հանգրվանն է: Երբ մարդը մահանում է և նրա մարմինը տեղավորվում է գերեզմանում, դա լինում է ցանկացած մարդու ամենածանր պահերից մեկը: Շիրիմյան կյանքի առաջին գիշերը նույնիսկ հավատացյալ ու բարեպաշտ մարդու համար ծանր է լինում, այդուհանդերձ մարդն իր համոզումներով, լավ ցանկություններով ու արժանի արարքներով կարող է  այդ գիշերվա որակի մեջ փոփոխություն մտցնել և մեղմել դրա հետ կապված վախն ու տագնապը:

Շիրիմյան կյանքի առաջին գիշերվա կարևոր իրադարձություններից մեկը հրեշտակների հարցաքննությունն է: Յուրահատուկ կերպարանք ունեցող հարցաքննող երկու հրեշտակներ հարցնում են վախճանված մարդու հավատքի, համոզումների ու արարքների մասին: Մեկը կանգնում է վախճանյալի աջ, իսկ մյուսը՝ ձախ կողմում և մեկը մյուսից հետո հարցեր են ուղղում:

Որոշ փորձագետներ հավատացած են, որ Քավարանում մարդու կյանքը նման է այն մարդուն, որին այս աշխարհում դատարան են կանչել ու հարցաքննում են, որպեսզի նրա նրա դեմ գործ հարուցվի, իսկ նա սպասում է դատաքննությանը:

Էմամ Սաջադը մահվան և շիրիմյան կյանքում հարցաքննության կապակցությամբ զգուշացնելով, ասում է. «Ով դու Ադամի որդի, որ անուշադիր ես գտնվում, սակայն քո հանդեպ անուշադիր չեն լինում: Մահն ամենայն արագությամբ վրա է հասնում, որոնում ու գտնում է քեզ: Ասես այդ պահը վրա է հասել ու մահվան հրեշտակն առել է քո հոգին և միայնակ շիրիմ ես իջել ու հարցաքննող հրեշտակները ծանր քննության ու հարցաքննության համար ներկայացել են քեզ:

Նա ասում է. «Առաջին հարցումն այն Աստծու մասին է, որին պաշտում էին ու այն մարգարեի, որ ուղարկվել էր քեզ մոտ, այն կրոնի, որին դավանում էիր, այն գրքի, որն ընթերցում էիր, այն էմամի, որին հետևում էիր: Նաև հարցնելու են կյանքիդ մասին և այն որ դա ինչպե՞ս ես անցկացրել, հարցնելու են այն մասին, թե ինչպե՞ս ես վաստակել հարստությունդ ու դա ի՞նչ ճանապարհի ես ծախսել»: Էմամ Սաջադն ապա շարունակում է. «Նայիր ինքդ քեզ և հարցաքննությունից առաջ պատրաստվիր շիրիմյան կյանքի առաջին գիշերվա հարցաքննության համար»:

Բնականաբար դրանք հիմնական հարցեր են, որ ոչ միայն մահից հետո, այլ ամբողջ կյանքի ընթացքում հայտնվում են ցանկացած մարդու դիմաց: Այլ խոսքով այս հարցումների մասին խորհելով մարդն ապրում է ճիշտ ուղեգծով:

Իհարկե եթե մեկը հավատքի մասին հրեշտակների հարցումներին ճիշտ պատասխան տա և ասի, որ Աստվածն իմ Արարիչը, իսլամն իմ կրոնն ու Մոհամմեդն իմ մարգարեն են, հրեշտակները նրան կասեն. «Աստված քեզ հաստատուն պահի այն ինչի դեպքում, որով դու ուրախ ու երջանիկ ես»:

Եթե հավատացյալ մարդը ճիշտ կերպով ճանաչի Բարու ճանապարհը և մարգարեի ու կրոնական առաջնորդների ճշմարիտ հետևորդը լինի, Արարչի կամքով բարի խոսքեր կարտասանի ու ճիշտ պատասխաններ կտա հրեշտակների հարցումներին: Այդ մարդը փրկվածներից է լինելու: Այդ պահին հիշյալ երկու հրեշտակները գեղեցիկ դեմքերով նրան դրախտի ու դրա բազմաթիվ բարիքների խոստումը կտան ու հնարավոր չափերով կընդլայնեն նրա գերեզմանի տարողությունը և այնուհետև նա կապրի բարիքների մեջ:

Իսկ եթե վախճանված անձը կամակոր անհավատներից լինի, այդ երկու հրեշտակները նրան կհայտնվեն բիրտ ու սարսափելի կերպարանքով: Բարու ճանապարհից շեղվելու և ամբողջ կյանքում սխալ ընթացքի հետևելու պատճառով նա անկարող է լինելու պատասխանել հրեշտակների հարցումներին և հրեշտակները նրան կրակ են խոստանալու: Գերեզմանը նրա համար մութ, միայնակ ու սարսափելի տուն է դառնալու և ապրելու է տանջանքներով ու տառապանքով: Այդ պատճառով էլ Էմամ Ալին իր որդուն գրած նամակում ասում է. «Գերեզմանը կամ դրախտային այգիներ և կամ էլ դժոխային կրակով լցված փոս է լինելու»:

Իսլամական աղբյուրներում նաև ակնարկ է կատարվել Քավարանում մարդուն տանջանք և կամ երջանկություն ու անդորր պարգևող գործոններին: Քավարանում տանջանք ու տառապանք պատճառող գործոններից են՝ աղոթքը թեթև համարելը, թույլերին ու ընչազուրկներին չօժանդակելը, վատաբանությունն ու չարախոսությունը և կողակցի ու ընտանիքի հանդեպ վատ վերաբերմունքն ու նրանց անհանգստություն պատճառելը:

Միևնույն ժամանակ Քավարանում մարդուն երջանկություն կարող են պարգևել Աստծո ճանապարհին նահատակությունը, աղոթքի ուղղությամբ ջանք գործադրելը և այս աշխարհից վախճանյալների հոգու համար կատարվող բարեգործությունը: Քանի որ վախճանյալ անձանց համար ողորմություն խնդրելը Քավարանում նրանց հոգիներին ուրախություն է պատճառելու: Էմամ Սադեղն ասում է. «Հենց այնպես որ ողջերը նվերներ ստանալով ուրախանում են, մեռելներն էլ ուրախանում են երբ նրանց համար ողորմություն են հայցում»:

Այս կապակցությամբ Աստծո մարգարեն ասում է. «Շիրիմի մեջ հայտնված մեռելը նման է խորտակվող մարդուն ու ամեն պահ օգնության է սպասում ու երբեմն էլ հայցում է սրա ու նրա բարի աղոթքը: Երբ նկատում է, որ մեկը նրա համար ողորմություն է հայցում ու բարի աղոթք է կատարում, այնքան է ուրախանում, որ ասես ամբողջ  աշխարհն են տվել նրան»:

Փրկության մյուս ազդակներից են մարգարեի և նրա գերդաստանի առաջնորդությունն ու սերը: Իսլամի մեծ մարգարեի վկայությամբ նրա և նրա գերդաստանի բարությունն ու հետաքրքրությունը յոթ սարսափելի վայրերում փրկում են մարդուն: Դրանցից մեկը անդրշիրիմյան կյանքն ու այն պահն է, երբ մարդը հարցաքննվում է հրեշտակների միջոցով: