Ծանոթանանք 1398 թ.-ին Իրանի գրքի մայրաքաղաք՝ Յազդ քաղաքին
(last modified Fri, 01 Mar 2019 22:14:49 GMT )
Մարտ 02, 2019 01:44 Asia/Tehran
  • Ծանոթանանք 1398 թ.-ին Իրանի գրքի մայրաքաղաք՝ Յազդ քաղաքին

Յազդ քաղաքն ընտրվել է Իրանի գրքի 5-րդ մայրաքաղաք ՝ ընթերցանության ծրագրերի բազմազանության և մշակութային կրեատիվ ու ակտիվ գործունեություն ծավալելու համար: Հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք քաղաքին և առաջիկա տարում նրա մշակութային ծրագրերին:

Փետրվարի 23-ին Թեհրանում տեղի ունեցած միջոցառմանը Յազդ քաղաքն ընտրվել է որպես Իրանի գրքի 5-րդ մայրաքաղաք: Միջոցառմանը ներկայացվել են նաև ոլորտի լավագույնները: Ընտրյալներից լավագույնն էր Հյուսիսային Խորասան նահանգի Բազանջ գյուղը: Գրքասեր գյուղեր են ճանաչվել Ֆարսի, Խորասան Ռազավի, Հարավային Խորասանի, Սեմնանի, Մազենդարանի, Սիստան և Բալուչեստանի, Արևելյան Ատրպատականի և Համադանի նահանգների որոշ գյուղեր: Բարձր են գնահատվել նաև արևմտյան Ատրպատականի Մահաբադ, Ֆարսի Սադրա և Շիրազ, իսկ Խուզեստանի Դեզֆուլ քաղաքները ՝ որպես ընթերցանության կրեատիվ քաղաքներ:

 

Ավելի քան 8000 գյուղեր ու քաղաքներ, 200 հազար մանուկներ ու պատանիներ, շուրջ երեք հազար խմբեր ու կառույցներ, վերջին հինգ տարիներին փառատոնի շրջանակում սերտ կապեր են հաստատել գրքի և ընթերցանության հետ: Իրանի գրքի 5-րդ մայրաքաղաքի քարտուղար Էբրահիմ Հեյդարին ասել է .«Գրքասերների հինգ փառատոներին իրենց մասնակցությունն են բերել ավելի քան 5500 քաղաքներ ու գյուղեր և էշիրեթներ»:

«Իրանի գրքի մայրաքաղաքը» իրանական նախագծի անվանումն է, որի շրջանակում ամեն տարի մի քաղաք է ընտրվում որպես գրքի տարվա մայրաքաղաք: Փառատոնը գրքի համաշխարհային մայրաքաղաքի նախագծի կրկնօրինակումն է, սակայն գործադիր կառուցվածքի առումով, շատ է նմանվել Իրանում մշակութային աշխատանքներին: 2001 թվականից ի վեր «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից քաղաքին տրվող տիտղոս է ի նշան գրքերի և ընթերցանության խրախուսման ծրագրերի որակի և գրքի արտադրության ոլորտում բոլոր մասնակիցների նվիրվածության գնահատման։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակ ունի այսպիսով թափ հաղորդել գրքին առչնվող մշակութային ծրագրերին: Ընտրության համար դրամական պարգև չի նախատեսված: Նպատակը միմիայն գրքի ու ընթերցանության լավագույն ծրագրերի խրախուսումն է:

Իրանի գրքի առաջին մայրաքաղաք էր ընտվրել Ահվազ քաղաքը : Գրքի երկրորդ, երրորդ ու չորրորդ մայրաքաղաքներն են եղել Նեյշաբուրը, Բուշեհրը և Քաշանը : Իրանի գրքի մայրաքաղաքի ընտրության նախագիծն ունի կարևոր նպատակներ, որոնք են գրքի ոլորտում մասնավոր ու պետական սեկտորների տարբեր կառույցների մասնակցության ու համագործակցության ծավալումը, մասնավոր բաժնում ներդրումների գրավումը, նորարարական ու կրեատիվ ծրագրերի հովանավորումը և գրավիչ ծրագրերի մշակումը:

 

Յազդը Իրանի գրքի մայրաքաղաքն է

 

Յազդն Իրանի պատմական քաղաքներից է, որը համարվում է նաև հնագույն գրավչությունների քաղաք: Յազդը ճանաչվել է Իրանի առաջին կավե և աշխարհի երկրորդ պատմական քաղաքը: Հաշվի առնելով քաղաքի գրավիչ շինությունները, քաղաքը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գրանցումը և նրա անունը հիշատակվում է որպես միջազգային քաղաք: Յազդը հայտնի է նաև իր քամու աշտարակներով ու ջրատարներով:

Յազդ քաղաքն ունի երեք հազարամյա անցյալ: Որոշ պատմիչներ քաղաքի հիմնադրումը վերագրում են Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանին : Ըստ այդ պատմիչների վկայությունների, նա կառուցել է մի բանտ, որն այդպես է անվանել : Ոմանք էլ կարծում են, որ 4-րդ դարում սասանյանների օրոք Հազկերտ Ա.-ի հրամանով այդ շրջանում նույնանուն քաղաք է հիմնադրվել: Յազդ քաղաքի անունը եկել է հենց այստեղից՝ սրբազան, բարվոք և լավ իմաստով : Մ.թ.ա 3000 թվականից ի հայտ եկան քաղաքի մասին հիշատակումներ։ Հույն պատմաբանները հին ու պատմական քաղաքն անվանել են  Իսատիս։ Իսլամից հետո քաղաքը կոչել են Դար-ոլ-էբադե: Այս տարածքը Աքեմենյանների օրոք ունեցել է փոստային կենտրոն ու ճանապարհային վարչություն: Վերջինս այնքան կարևոր է եղել հին քաղաքում, որ Ալե Մոզզաֆարը թագավորության է հասել Մեյբոդի շրջանի ճանապարհային վարչությունում պաշտոնավարելուց հետո:

 

 

Յազդ, Դար-ոլ-էբադե

 

Յազդի ժողովրդի լեզուն պարսկերեն է ՝ քաղաքին բնորոշ բարբառով: Պարսկերեն բառերը պահպանել են բարբառային առանձնահատկությունները: Յազդի բարբառում նկատելի են նահանգի տարբեր շրջանների խոսակցական ոճեր: Զրադաշտները խոսում են բեհդինի բարբառով : Նրանց կրոնական ծիսակատարությունները կատարվում են հենց այդ լեզվով:

Յազդի նահանգի բնակիչների մեծ մասը շիա մուսուլմաններ են: Այդ քաղաքում մեծ շուքով են կատարվում ամուսնության, կրոնական ու ազգային տարբեր տոները ՝ Նովրուզը, Ֆեթրը , Ղադիր Խոմը, Մաբաասը, մեծ մարգարեի ծննդյան և այլ տոները:

Արմավենու տոնակատարությունը Յազդում ընդունված տոնախմբություններից է: Արմավենին խորհրդանշում է Իմամ Հոսեյնի դագաղը: Արմավենին տեսքով ծառի տերև հիշեցնող մեծ լաստակ է, որը սակայն արմավենու տերևին ոչ մի նմանություն չունի: Արմավենին ծածկվում է սև հյուսվածքով: Հայելիներով, մրգերով ու գունավոր մետաքսի կտորներով զարդարված հարյուրավոր սրեր, դանակներ ամրացվում են արմավենու վրա: Շիաների սգո երկու ամիսների Մոհառռամի առաջին տասնօրյակին կամ Սաֆարի վերջին տասնօրյակին, ժողովուրդը ճոճում է արմավենին: Սգակիրները երեք անգամ պտտեցնում են արմավենին, որից հետո վերադարձնում են այնտեղ՝ որտեղից բերվել էր: Արարողակարգն ուղեկցվում է սգո երգերով:

Յազդ նահանգը վաղուց եղել է արդյունաբերական շրջան: Գորգագործություն, դանակագործություն, զամբյուղագործություն, քարտաշություն, հյուսվածքագործություն, ոսկերչություն ու արծաթագործություն և մի քանի այլ տեսակի արվեստներ ու արհեստներ տարածված են Յազդում: Նահանգում են արտադրվում Իրանի տեքստիլների կեսը:

Յազդում տարածված է  նաև հրուշակագործությունը, որը հին անցյալ ունի: Յազդի թխվածքները համաշխարհային համբավ են վայելում: Յազդում են պատրաստվում ղոթթաբը, փաշմաքը և փախլավան:

Քաղաքն առանձնանում է անապատային կառուցվածքով: Քաղաքի ճարտարապետության հրաշքներն են քամու աշտարակները, մինարեթներն ու գմբեթները: Այստեղ քամին օգնում է զով պահել շինությունը: Քաղաքի ճարտարապետական ոճը բնորոշ է աշխարհում չոր ու տաք կլիմա ունեցող քաղաքներին: Անսահման գեղեցկության կողքին, այն համապատասխանում է բնակիչների մշակութային ու կենցաղային պահանջներին: Թաղամասերի կենտրոններում կան բաղնիքներ, շուկաներ, ջրամբարներ, մզկիթներ, հոսեյնիեներ, փոքր արհեստանոցներ ու ջրի առվակներ:

Վերջին ամսիներին Յազդ նահանգում հիմնադրվել են ընթերցանության հազար ակումբներ՝ «Համաշխարհային Յազդը ՝ իմաստնության հազար ակումբ» կարգախոսով: Այս ձեռքբերումը եղել է քաղաքը գրքի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքներից մեկը: Նահանգի 40 քաղաքներում անց են կացվել գրքի 40 տոնակատարություններ, բացվել են գրքի այգիներ: Այս տարվա նովրուզին Իրանի մշակույթի ու արվեստի առաջին քայլն արվել է Յազդի Մազարիհայի փողոցում : Դա ավելի ցայտուն կերպով է դրսևորել Իրանի անապատի հարսի մշակութային հնարավորությունները: Յազդը Իրանի կարևոր նահանգներից է նաև գիտական, մշակութային ու կրոնական առումներով: 25 տարի շարունակ, նահանգը մեծ նվաճումներ է ունեցել համալսարաններում ու բուհերում ընդունված ուսանողների բարձր թվեր ապահովելու բերումով:

Յազդ նահանգում ստեղծվել են 1833 ընթերցանության ակումբեր, որը Սպահանի նահանգից հետո, քանակի առումով այն զբաղեցնում է երկրորդ տեղը : Իսկ հաշվի առնելով նահանգի բնակչության թիվը, նահանգը զբաղեցնում է առաջին տեղը ՝ ընթերցանության կառույցների ստեղծման առումով: Հանրային գրադարանները լուրջ ծրագրեր ունեն առաջիկա տարվա համար: Զբոսաշրջային գրադարանների ծրագրերից մեկն էլ «Մեկ գավաթ թեյ , մի նոր պատմություն» ծրագիրն է, որը նախատեսվել է իրանցի և արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Մյուս ծրագրերից են ընթերցանության հավաքների, գրքերի քննարկում ու շնորհանդեսների կազմակերպումը, գրողների մեծարումը, գրքերի հարցում խորհրդատվությունը, նաև մոր և մանկան ստեղծագործական դասընթացների իրականացումը:

Յազդ նահանգում կան 111 հանրային գրադարաններ ՝ 96 գյուղական ու քաղաքային և 15 ընդհանուր գրադարաններ: Բնակչության թվի համեմատությամբ նման մեծ թվով գրադարաններ ունենալով, Յազդը համարվում է Իրանում գրադարաններով հարուստ առաջին նահանգը: