Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք (14)
«Արտադրության բարգավաճումը, զարգացման առանցք» հաղորդաշարում այս շաբաթ Ձեզ՝ սիրելի ունկընդիրներին կծանոթացնենք Իրանի մի քանի խոշոր հանքավայրերին:
Ցանկացած հասարակության մեջ տնտեսական տարբեր ոլորտներ կապված են միմյանց հետ: Սա նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրի արտադրանքն օգտագործվում է մյուս ոլորտներում՝ ավելի բարձր ավելացված արժեքով ապրանք կամ նոր ծառայություն ստեղծելու համար: Հանքային ռեսուրսները, ներառյալ հանածո էներգակիրները, մետաղներն ու ոչ մետաղները այդպիսի դեր են խաղում պետությունների տնտեսություններում: Հանքարդյունաբերությունը Իրանի ամենակարևոր արդյունաբերություններից մեկն է, որը նշանակալի դեր ունի հարստություն ստեղծելու գործում: Իրանի տնտեսության արտադրության ընդհանուր ծավալի ավելի քան մեկ երրորդը կախված է հանքարդյունաբերության ոլորտից: Իրանական այս տարում, որը Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից կոչվել է «արտադրության բարգավաճման» տարի, այս հատվածում ներդրումները կարող են թափ հաղորդել երկրի արտադրության ցիկլին: Մինչ այժմ երկրում հայտնաբերվել է մոտ 9000 հանքավայր, որոնցից ավելի քան 5,500-ը ակտիվ, իսկ մնացածը վերազինման փուլում են: Երկրի հանքավայրերի 74 տոկոսը վերաբերում են շինանյութերին ու դեկորատիվ քարերին: Հանքավայրերի 20 տոկոսը ոչ մետաղական, իսկ մնացածը 6 տոկոսը մետաղական են:

Իրանի խոշոր հանքերից մեկը՝ Սարչեշմեի պղնձի հանքը գտնվում է Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում։ Քերմանի ընդարձակ նահանգը իր հարուստ ու բազմազան հանքային պաշարների, այդ թվում պղնձի, քարածխի, երկաթաքարի, քրոմիտի ու տիտանի հանքերի շնորհիվ հայտնի է որպես Իրանի հանքային դրախտավայր: Սարչեշմեի պղնձի հանքավայրի առկայությունը նպաստել է նրան, որ Իրանը իր անվամբ գրանցի աշխարհի ամենայուրահատուկ հանքավայրը: Սարչեշմեի պղնձի հանքավայրը հանդիսանում է Արևմտյան Ասիայում բաց երկնքի տակ գտնվող ամենամեծ, իսկ աշխարհում խոշորագույն հանքերից մեկը:
1972 թ. հուլիսի 3-ին հիմնադրվեց Քերմանի Սարչեշմեհի պղնձահանքերի ընկերությունը, իսկ 1976 թ. վերանվանվեց Իրանի պղնձի արդյունաբերության ազգային ընկերություն: Ընկերության գործառույթները ներառում են պղնձի հանքերի արդյունահանումն ու շահագործումը, բարձր հարգ ունեցող հանքաքարերի ու պղնձամթերքների, այդ թվում՝ կաթոդների, slab և billet տեսակի ձուլակտորներ և ութ միլիմետրանոց մետաղալարերի արտադրությունը: Սարչեշմեհի հանքում առաջին անգամ պղնձաձուլումն իրականացվել է 1982թ. մայիսի 24-ին, իսկ ներկայումս տարեկան արտադրվում է 800 հազար տոննա պղնձե կաթոդ։ Մոտ 20000 մարդ անմիջականորեն աշխատում են Պղնձի ազգային ընկերությունում:
Սարչեշմեհի պղնձահանքից դեպի հյուսիս-արևմուտք132 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Իրանի մեկ այլ կարևոր պղնձի հանքավայրերից մեկը՝ Քերմանի Միդուկ պղնձի հանքավայրը: Իրանը գտնվում է աշխարհում պղնձով հարուստ մի գոտում, և այդ իսկ պատճառով երկրի նահանգների մեծ մասում պղնձի հանքավայրեր գոյություն ունեն, ինչը ընդհանուր առմամբ Իրանում պղնձի բազմազանություն է առաջացրել: Պղնձի գոտին սկսվում է Բուլղարիայից, անցնելով Թուրքիայից մուտք է գործում Իրան և շարունակվում է մինչև Պակիստան և Հարավարևելյան Ասիա: Երկրում պղնձի հանքավայրերի մեծ մասը պորֆիրի տեսակի է: Անցած երկու դարերի ընթացքում պղինձը արդյունահանվել է լարային հանքաքարերի տեսքով, որի պաշարները լինում են քիչ, սակայն բարձր հարգով: Իսկ այսօր բացահայտվել է պորֆիրի տեսակի պղինձը, ու չնայած նրա հարգը ցածր է, սակայն նման հանքավայրերը ունեն խոշոր ծավալների հանքային պաշարներ:
Թերևս Պորֆիրի հանքավայրերի հայտնաբերումը կարելի է համարել հեղափոխություն պղնձի հանքաարդյունաբերության աշխարհում: Աշխարհում պղնձի պորֆիրի պաշարները սահմանափակ են: Այս պաշարները հարուստ են պղնձով, միևնույն ժամանակ պարունակում են նաև այլ արժեքավոր մետաղական նյութեր: Մոլիբդենը, արծաթը, ոսկին, կապարը, պլատինը, պալադիումը և վոլֆրամը արժեքավոր մետաղներ են, որոնք պղնձի հետ միասին հանդիպում են այս կարմիր մետաղի պորֆիրի տեսակի հանքավայրերում: Քերմանի Սարչեշմեհի և Միդուկ պղնձի հանքավայրերը աշխարհում պղնձի պորֆիրային տեսակի հանքավայրերից են: Տնտեսական տեսանկյունից, հանքային ձեռնարկություններում կողմնակի արտադրանքներից ստացվող եկամուտները կարևոր գործոն են պղնձի արտադրության ծախսերի իջեցման համար: Այդ պատճառով հետախուզական ընկերությունները միշտ փնտրում են պղնձի պորֆիրի տեսակի խոշոր հանքավայրեր:
Եթե անցնենք Քերմանի «Գոլ Գոհար» երկաթաքարի հանքավայրից, որը Մերձավոր Արևելքում երկաթաքարի ճանաչված ամենամեծ հայտնի հանքավայրն է, և մեկնենք դեպի Յազդի նահանգ, ապա մենք իրականում մուտք կգործենք Իրանի՝ մեծությամբ երկրորդ հանքային սիրտը համարվող տարածք: Այս նահանգի առավել նշանավոր հանքային պաշարներն են երկաթաքարը, կապարը և ցինկը: Չադրմալուի հանքավայրը, Բաֆղի երկաթի հանքավայրը, Իրանի կենտրոնական բարձրավանդակում գտնվող (Չահ-Գազ և Հյուսիսային Անոմալիա) հանքերը, Մեհդի-Աբադի կապարի և ցինկի հանքավայրերը Իրանի խոշոր հանքերից են: Այս հանքավայրերը ազգային մեծ նշանակություն ունեն: Յազդի նահանգը երկաթի հանքաքարի խոշորագույն արտադրողն է երկրում: Այս նահանգում տարեկան 30 միլիոն տոննա երկաթի հանքաքար է արտադրվում և արտահանվում տարբեր նահանգներ և երկրներ: Բաֆղի Չողարտ երկաթի հանքավայրը, որը առաջին երկաթի հանքավայրն է Իրանում, հայտնաբերվել և շահագործվել է հենց այս նահանգում: Այս նահանգում կարելի է նշել նաև Չադրմալուի երկաթի հանքավայրը՝ 320 միլիոն տոննա արդյունահանվող պաշարով, որը ներկայումս երկրում երկաթաքարի խտանյութի ամենամեծ արտադրողն է:
Մեհդի-Աբադի կապարի և ցինկի համալիրը որպես աշխարհում կապարի և ցինկի երկրորդ խոշոր հանքավայր, գտնվում է Յազդ քաղաքից դեպի հարավ-արևելք 115 կմ հեռավորության վրա: Հանքավայրն ունի 200 միլիոն տոննա հանքային պաշար, որը ներառում է 70 տոկոս ցինկ և 30 տոկոս կապար: Յազդի Մեհդի-Աբադի կապարի և ցինկի հանքավայրը նաև Իրանում բարիտի արդյունահանման ամենամեծ ծավալներն ունի։
Հատկանշական է, որ Իրանի հյուսիս-արևմուտքում Զանջան նահանգում գտնվող Անգորանի կապարի և ցինկի հանքավայրը Իրանի կարևորագույն հանքավայրերից մեկն է: Փաստորեն, դա Միջին Արևելքի կապարի և ցինկի ամենամեծ հանքավայրն է, որը ըստ պլանավորումների, 9 միլիոն տոննա պաշարներով առաջիկա 12 տարիների ընթացքում կմատակարարի գործարանների հումքը: Բայց քանի որ այս հանքի պաշարներն արդեն սպառվում են, որոշվել է այն փոխարինել Յազդի Մեհդիաբադի հանքավայրով: Անգուրանը իր ցինկի բարձրակարգ մաքրության շնորհիվ համարվում է աշխարհի եզակի հանքավայրերից մեկը:
Իրանի խոշոր հանքավայրերից է նաև Արևմտյան Ատրպատական նահանգում գտնվող Զարշուրանի ոսկու հանքավայրը, որը որպես Իրանի ամենախոշոր ոսկու հանքավայր, գտնվում է Թախտէ-Սոլեյմանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության համալիրից 15 կմ հեռավորության վրա: Հանքը պարունակում է 150 տոննա մաքուր ոսկի: Չնայած Իրանը ոսկու արտադրության ոլորտում առաջատար երկրներից մեկը չէ, այնուամենայնիվ վերջին մի քանի տարիներին իրանական ոսկու հանքավայրերում ներդրումներն աճել են ոսկու համաշխարհային գների աճի պատճառով: Իրանում ոսկու արդյունաբերությունը մի քանի հազար տարվա պատմություն ունի և ուշագրավ է նաև երկրի ոսկու հանքավայրերի իրավիճակը: Արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարության տվյալների համաձայն, Իրանում կա մոտ 15 ոսկու հանք: Իրանի արդյունաբերության այս հատվածի ակտիվիստները, ներդրումներ կատարմամբ և Զարշուրանի ոսկու վերամշակման գործարանի կառուցմամբ, ցանկանում են աշխարհի մակարդակով առաջին լայնածավալ գործարանը հիմնել այս տարածաշրջանում և յուրահատուկ ու ամբողջովին տեղական եղանակով զբաղվել ոսկու արդյունահանմամբ: Այս գործարանում ոսկու արտադրությունն իրականացվելու է քիմիական մեթոդներով: Այս մեթոդը մշակվել և արտոնագրվել է մի իրանական ընկերության կողմից: Մշակման իրանական մեթոդի առավելություններից է ծախսերի խնայողությունը և ծրագրի իրականացումը աշխարհում ընդունված մեթոդում սովորական գների մեկ երրորդով։
Իրանի արևելքում Խորասան-Ռազավի նահանգում գտնվող Նեյշաբուրի փիրուզայի հանքավայրը ևս Իրանի խոշոր հանքավայրերից մեկն է: Նեյշաբուրի փիրուզայի հանքը խոշորագույն փիրուզայի հանք է ոչ միայն Իրանում, այլև ամբողջ աշխարհում: Այս հանքավայրն ունի ամենաորակյալ փիրուզաքարը այնքանով, որքանով որ այն աշխարհում փիրուզաքարի գնահատման սանդղակն է, և բոլոր երկրներն իրենց փիրուզաքարերի արժեքը համեմատում են Իրանի Նեյշաբուրի փիրուզաքարի հետ: Այս հանքավայրն 9000 տոննա թողունակությամբ ունի տարեկան 19,000 տոննա արտադրություն: Հաշվարկները ցույց են տալիս, որ այս հանքավայրում յուրաքանչյուր տոննա չմշակված փիրուզայի հանքանյութից ձեռք է բերվում 8-10 կգ փիրուզաքար:
Իրանի այլ հանքային ռեսուրսներից պետք է նշել քարի հանքերը: Իրանը իր տիրապետության տակ ունի աշխարհում քարի՝ չորրորդ ամենախոշոր հանքային պաշարները: Շինարարական քարերի հանքավայրերը կազմում են Իրանում հայտնաբերված հանքավայրերի մեկ քառորդը: Արդյունահանված քարերի բազմազանությունը մեծացրել է իրանական քարի հանքերի նշանակությունը: Արդյունահանված քարերի տեսակի և գույնի լայն բազմազանության շնորհիվ Իրանը հայտնի է դարձել որպես շինարարական քարի հանքավայրերի դրախտ: Իրանում շինարարական քարերի հանքերի բազմազանությունը պատճառ է դարձել, որ այս ոլորտի արտադրանքները կարողանան բավարարել տարբեր ճաշակի տեր մարդկանցով համալրված շուկայի պահանջարկը: Իրանում արտադրված քարերի գույնի և որակի բազմազանությունը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Հայտնաբերված հանքերի բազմազանության առումով կարելի է նշել, որ մարմարիտ, գրանիտ, ճենապակյա, տրավերտին և մարմար քարատեսակները Իրանի շինարարական քարերի կարևորագույն հանքավայրերն են: