Երրորդ հազարամյակի երրորդ արդյունաբերությունը
Այսօրվա մեր թողարկումը նվիրված է տուրիզմի համաշխարհաին օրվան որի կարգախոսն է` «Տուրիզմը բոլորի համար-աշխարհի հասանելիության տարածումը»:
Այս տարի` սեպտեմբերի 27-ին նշվեց տուրիզմի համաշխարհային օրը: Այս օրը նշվում է ամեն տարի ՄԱԿ-ի Տուրիզմի համաշխարհային կազմակերպության կողմից. սկսած` 1980 թվականից: Օրվա գլխավոր նպատակն է բարձրացնել համաշխարհային հանրության տեղեկացվածությունը տուրիզմի նշանակության մասին: Շատ կարևոր է, որ մարդիկ տեղեկացված լինեն տուրիզմի սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական կարևորությունների մասին: Այս օրը նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես նշվեց, օրվա կարգախոսն է «Տուրիզմը բոլորի համար-աշխարհի հասանելիության տարածումը»։ Կարգախոսը պատահական չի ընտրված: Այն նպատակ ունի հանրության ուշադրությունը սևեռել դեպի տուրիզմը և ստեղծել առավել բարենպաստ պայմաններ`սահմանափակ կարողություններով անձանց, տարեցների և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների ճանապարհորդելու համար:
Վերջին տասնամյակներում տուրիզմի աննախադեպ աճը վկայում է այն մասին, որ այն շքեղությունից վերածվել է շատ մարդկանց կյանքի անբաժանելի և կարևոր մասի: Կարելի է անգամ ասել, որ զբոսաշրջության իրավունքը դարձել է մարդու իրավունքներից մեկը: Հատկանշական է , որ անցած տարվա ընթացքում, չնայած որոշ տուրիստական վայրեր համարվում էին անապահով, աշխարհում գրանցվել է մոտ մեկ միլիարդ 200 միլիոն զբոսաշրջիկ:
Զբոսաշրջիկները ունենում են ամենատարբեր հետաքրքրություններ. բնություն, ժամանց, գնումներ, ուխտագնացություն, առողջապահական նկատառումներ, պատմական հուշակոթողների այցելություն և այլն: Տասնյակ նմանօրինակ հետաքրքրություններ կարող են ստիպել մարդուն դուրս գալ ճանապարհորդության բավականին երկար ժամանակով: Տուրիզմով զբաղվող մարդու ամենակարևոր ձեռքբերումներից մեկն էլ ճամփորդական փորձն է, որը ձևավորվում է տարբեր երկրների տարբեր մշակույթ ունեցող անձանց հետ շփման արդյունքում: Այցելությունը նոր վայրեր, մարդկանց տալիս է նոր փորձ ու գիտելիքներ:
Նոր փորձ ու գիտելիք ձեռք բերելու իրավունք ունեն բոլորը, այդ թվում նաև հաշմանդամներն ու տարեցները: Չմոռանանք Բարձրյալի պատգամն այն մասին, որ բոլոր մարդիկ հավասար են, ուստի և պետք է ունենան հավասար իրավունքներ:
Պարատուրիզմը զբոսաշրջության հատուկ տեսակ է, որը թույլ է տալիս ծերերին ու հաշմանդամներին գնալ ճամփորդության` իրենց հետ ունենալով հատուկ սարքավորումներ ու հարմարանքներ, ինչպես նաև ճամփորդել ծանոթների կամ տվյալ ոլորտի մասնեգետների ուղեկցությամբ: Այսպիսով, ուղեկցող անձինք նույնպես կարող են վայելել ճամփորդությունն ու առավելագույն հաճույք ստանալ դրանից: Վերջին ժամանակներում տուրիզմի այս ճյուղը հայտնվել է տարբեր երկրների հասարակությունների և կառավարությունների ուշադրության կենտրոնում. Կատարվել են բազում ներդրումներ. որպեսզի հնարավորինս հեշտացվի տարեցների ու հաշմանդամների ճամփորդությունը: Ըստ վիճակագրական տվյալների, աշխարհում ապրում է մոտ 900 միլիոն տարեց մարդ, իսկ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հաղորդում է, որ աշխարհի բնակչության 10 տոկոսից ավելին ունեն հաշմանդամության տարբեր աստիճաններ ու ձևեր`հենաշարժիչ համակարգի, տեսողության, մտավոր և այլն: Կասկած չկա, որ ապահովելով այս մարդկանց ճամփորդելու հնարավորությունը, մենք նրանց կօգնենք զգալ ավելի առողջ, կենսուրախ, կնպաստենք նրանց կարողունակության բարձրացմանը, կվերականգնենք ինքնավստահությունը, կպարգևենք կենսախինդ ժպիտ: Ճանապարհորդելով նրանք ձեռք կբերեն նոր ընկերներ, ծանոթներ ինչը միանշանակ դրական ազդեցություն կունենա միջմշակութային կապերի, զբոսաշրջության և այլ ոլորտների վրա:
Ինչպես արդեն նշվեց, վերջին շրջանում համաշխարհային հանրությունը և բազմաթիվ երկրների կառավարություններ սկսել են հատուկ ուշադրություն դարձնել պարատուրիզմին, այսինքն հաշմանդամների և տարեցների զբոսաշրջությանը: Վերջին շրջանում սկսում է զարգանալ նաև նրանց զբոսաշրջության համար նախատեսված հատուկ գործիքների արտադրությունը: Հատուկ ուշադրություն է հատկացվում նաև քաղաքային, միջքաղաքային, ծովային և օդային տրանսպորտի միջոցների սպասարկմանը: Աշխատանքներ են տարվում նաև այցելավայրերի հասանելությունը ավելի արագ ու դյուրին դարձնելու ուղղությամբ:
Զբոսաշրջությունը աշխարհի ամենագեղեցիկ ու իմաստալից զբաղմունքներից մեկն է: Ըստ Տուրիզմի համաշխարհային կազմակերպության տվյալների` 2015 թվականին զբոսաշրջությունից գոյացած եկամուտը կազմել է մոտ 1232 միլիարդ դոլլար: Այսքան գումար ծախսվել է կացության, ժամանցի, սննդի, ըմպելիքների և տարատեսակ ծառայությունների վրա: Այսպիսով զբոսաշրջության տեսակարար կշիռը համաշխարհային արտահանումներում գերազանցել է 7 տոկոսը:
Ցանկացած պետության զբոսաշրջության զարգացումը սերտորեն կապված է տնտեսական, սոցալական, մշակութային և քաղաքական բազմաթիվ գործոնների հետ: Սակայն պետք է ընդունել, որ այդ գործոններից գլխավորը ապահովությունն է նշված բոլոր բնագավառներում: Այսօր ողջ աշխարհում ապահովության հիմքի վրա են նախագծվում զբոսաշրջությունը խթանող բոլոր ծրագրերը: Սակայն պետք է փաստել, որ ինչպես անվտանգությունը , այնպես էլ զբոսաշրջությունը, կարող են վերելք ապրել, հետո լճանալ և անկում ապրել: Իսկ անկումից խուսափելու համար պետք է առաջին հերթին բարձր մակարդակի վրա պահել անվտանգությունն ու ապահովությունը, ինչը անկասկած անտարբեր չի թողնի օտարերկրացի զբոսաշրջիկներին:
Սովորաբար զբոսաշրջիկները չեն գնում աղետի գոտիներ կամ ռազմականացված տարածքներ, այլ, բնականաբար, մինչև ճամփորդության մեկնելը փորձում են հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել, թե որքանով է իրենց նպատակակետը ապահով ու անվտանգ: Որպես օրինակ կարող ենք բերել Ֆրանսիան, որտեղ բազմաթիվ ահաբեկչական ակտերից և 130 զոհերից հետո, տուրիզմը նկատելիորեն անկում ապրեց:
Ֆրանսիայի վիճակն ու տուրիզմի կրճատումը
Գրեթե նույն պատկերը նկատվում է Թուրքիայում: Թուրքիայի ներքին քաղաքական իրադրությունը, Սիրիայի հետ կապված սահմանային լարվածությունը, Ռուսաստանի ռազմական ուղղաթիռի կործանումը և վերջերս տեղի ունեցած հեղաշրջման փորձը հանգեցրին երկրում զբոսաշրջիկների թվի զգալի կրճատման:
Հակառակ գործընթաց է նկատվում մի քանի այլ երկրներում, որոնց նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունը վերջին շրջանում անհամեմատ մեծացել է: Այդ երկրների շարքին է պատկանում Իրանի Իսլամանական Հանրապետությունը, որտեղ նույնպես վերջին տարիներին տուրիզմը զարգացել է:
Tripadvisor-ը ամենաշատ հետևորդներ ունեցող վեբ կայքրերից է: Այս կայքում զբոսաշրջիկները կիսվում են իրենց այցելած վայրերի տպավորություններով և ձեռք բերված փորձով, որպեսզի օգնեն նաև մյուսներին ովքեր ցանկանում են այցելել նույն վայրը: Այս կայքում կան նաև Իրան այցելած շատ զբոսաշրջիկների մեկնաբանություններ, որոնք հիմնականում հետևյալ թեմայի շուրջ են: Նրանք գրում են, որ հակառակ արևմտյան լրատվամիջոցների ստեղծած տպավորության , որոնք մշտապես փորձում են Իրանը ներկայացնել որպես վտանգավոր երկիր, այս երկիրը զբոսաշրջիկների համար ամենաապահովներից է աշխարհում:
Ավստրալացի 50-ամյա Ալենը, որ իր ընկերոջ հետ ճանապարհորդել է դեպի Իրան, ներկայացնելով կնոջ ու զավակների նկարները գրում է. «Իրանի մասին սխալ պատկերացումներից վախենալով, նրանք չեկան ինձ հետ, բայց հիմա արդեն գիտեն թե որքան անվտանգ երկիր է» :
Բուլղարացի 37-ամյա մի կին գրում է.«Կարծում եմ աշխարհի բնակչության մեծ մասը չի ճանաչում Իրանը, չգիտի ինչպիսի հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի այն և ինչպիսի համեղ ուտեստներ: Իհարկե, երբ դեռ չէի եկել Իրան, ինքս էլ չգիտեի այս ամենի մասին, սակայն գալով համոզվեցի, որ ամեն ինչ տարբեր է արևմտյան հեռուստաընկերությունների մատուցածից»:
Մարիետա Բեյսազը շվեցարացի 34-ամյա մի աղջիկ է: Նա գրում է. «Դեպի Իրան ճանապարհորդությունիցս առաջ շատ բաներ չգիտեի այս երկրի մասին և կարծում էի, որ ապահով երկիր չէ: Սակայն որոշ ուսումնասիրություններից հետո հասկացա, որ սխալվում եմ: Այս ճամփորդությունից հետո կարող եմ վստահաբար ասել, որ Իրանը շատ անվտանգ ու ապահով երկիր է, հատկապես միայնակ կին զբոսաշրջիկների համար: Իրանցիները շատ հյուրընկալ և սիրառատ վերաբերմունք ունեն, ինչը ես ոչ մի այլ տեղ չեմ տեսել: Այս ուղևորությունից հետո հասկացա, որ ամեն մարդ պետք է իր հույսը դնի սեփական փորձի վրա և ուրիշների ասածներով դատողություններ չանի... կարծում եմ աշխարհում շատ շատերը չգիտեն, թե Իրանը ինչպիսի գեղեցիկ ու եզակի բնություն ունի»:
Օտարերկրացիները Իրանի մասին.
Ըստ Իրանի զբոսաշրջության պատասխանատուների հաղորդած տվյալների, ամեն տարի, ներգնա տուրիզմի հետ մեկտեղ, վերջին տարիներին աննախադեպ` 10-ից 12 տոկոս աճ է ունեցել նաև այլ երկրներից դեպի Իրան ճանապարհորդող զբոսաշրջիկների թվաքանակը: