Իմամ Հոսեյնի ուսմունքը(5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i37390-Իմամ_Հոսեյնի_ուսմունքը(5)
Իմամ Հոսեյնը մարգարեի բոլոր առաքինությունների և բարոյական հատկանիշների արժանի ժառանգորդն էր: Նա իր պապի՝Մեծ մարգարեի նման շատ էր մտահոգվում ու տանջվում մոլորության մեջ գտնվող բոլոր մարդկանց համար: Տեսնել թե ինչպես են մարդիկ ճշմարիտ ուղուց շեղվում ու քայլում կեղծիքի անպտուղ ճանապահով, նրանց համար տանջալից մի փորձություն էր: Հետևաբար , թեև Իմամը հասկանում էր, որ թշնամին չի անսալու իր խոսքերին, մտահոգ էր նրանց համար և մինչև վերջին պահը չէր դադարում հորդորել հրաժարվել արյունահեղությունից:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 05, 2016 21:12 Asia/Tehran

Իմամ Հոսեյնը մարգարեի բոլոր առաքինությունների և բարոյական հատկանիշների արժանի ժառանգորդն էր: Նա իր պապի՝Մեծ մարգարեի նման շատ էր մտահոգվում ու տանջվում մոլորության մեջ գտնվող բոլոր մարդկանց համար: Տեսնել թե ինչպես են մարդիկ ճշմարիտ ուղուց շեղվում ու քայլում կեղծիքի անպտուղ ճանապահով, նրանց համար տանջալից մի փորձություն էր: Հետևաբար , թեև Իմամը հասկանում էր, որ թշնամին չի անսալու իր խոսքերին, մտահոգ էր նրանց համար և մինչև վերջին պահը չէր դադարում հորդորել հրաժարվել արյունահեղությունից:

Մուհամմեդ Մարգարեն տեսնելով մարդկանց անգիտությունն ու կրոնից շեղվածությունը, երբեմն այնքան էր տանջվում, որ Աստված նրան մխիթարում էր Ղուրանի տողերում, ասելով`.«Միթե ուզում ես ոչնչացնել ինքդ քեզ, միայն նրա համար որ մարդիկ անհավատ են»: Իմամ Հոսեյնն էլ մեծ մարգարեի ծառից պոկված մի պտուղ է, նրա ժառանգորդն ու գոյության անբաժանելի մասը:

 Աշուրայի  օրը Իմամ Հոսեյնը հակառակ չարության ու անողոքության, որ ցույց էր տալիս թշնամին, մշտապես փորձում էր նրանց ուղորդել դեպի ճշմարիտ ճանապարհը: Չէր չարանում անգամ այն մարդկանց նկատմամբ, ովքեր խանգարում էին, որպեսզի ջուր հասնի ճամբար` իր զավակների համար: Նա, չնայած Եզիդի զորքերի բարձրացրած աղմուկին և գորգոռոցներին, չդադարեց հորդորել նրանց դարձի գալ և ընտրել դեպի Բարձրյալը տանող ուղին: Իմամի խոսքերը այնքան  խորն ու իմաստուն են, որ նրա յուրաքանչուր նախադասությունը կարելի է առանձին մեկնաբանել: Մեծ Իմամը առանց վայրկյան իսկ խնայելու, անդադար փորձում էր Եզիդի բանակի հանցագործ հրամանատարներին  հետ բերել կործանարար ճանապարհից: Նրա գլխավոր նպատակը հոգիները վաճառած ու մոլորության մատնված մարդկանց փրկելն էր, սակայն հենց այդ մարդիկ սպանեցին Հոսեյնին` հավիտենական տանջանքներ ու կրակ  ապահովելով սեփական հոգիների համար: Աշուրայի օրը երկու զորքերի ներկայությամբ Եզիդի բանակի զորահրամանատար Օմար Իբն Սաադի  հետ ունեցած հանդիպման ժամանակ, Իմամն ասում է.«Վայ քեզ, ով Սաադի որդի. միթե՞  չես վախենում այն Աստծուց ,որի մոտ ես վերադառնալու և միթե  իմանալով թե ում որդին եմ, պատերազմում ես ինձ հետ: Ազատիր քո մարդկանց և միացիր ինձ, քանզի միայն այդպես կարող ես մոտենալ Բարձրյալին»:

Չնայած  Իմամի հորդորները  չազդեցին Եզիդի անօրեն զիվորներից մեծ մասի վրա, բայց այնուամենայնիվ, գտնվեցին մարդիկ ովքեր, անսալով Հոսեյնի խոսքերին, միացան նրա զորքին և դրանով իսկ հավերժացրին իրենց հոգիները փառքով: Այսպիսինն էր մարգարեի արժանի ժառանգի գործելակերպը. նա անգամ ամենադժվար պայմաններում երբեք չէր դադարում ուղորդել ու առաջնորդել մարդկանց:

Հոսեյնը մարգարեական ծառի պտուղ էր, և նրա բարոյական բոլոր սկզբունքները հիմնված են Ղուրանում ներկայացված արժեքների վրա: Նա լինելով աշխարհի հռչակավոր մտածողներից մեկը, կարևոր նշանակություն էր տալիս առատաձեռնությանն ու վեհանձնությանը, և միշտ նման վերաբերմունք էր ցույց տալիս թե ընկերներին, և թե թշնամիներին: Իմամի անսահման վեհանձնությունը շատերի սահմանափակ մտքին հասու չէ, բայց միևնույն ժամանակ նրա մեծությամբ են սնվում ու զորանում շատ շատերի հոգիները: Պատմության մեջ պահպանվել է Իմամ Հոսեյնի հետ կապված հետևյալ դրվագը. շամցի մի մարդ, որ տարածում էր Մուավիայի թունավոր քարոզները ընդդեմ Մուհամմեդի գերդաստանի և Իմամ Հոսեյնի նկատմամբ ատելություն ու թշնամանք էր զգում, մտնում է Մադինա: Նա Հոսեյնի հետ խոսելիս սկսում է վիրավորել և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել նրա նկատմամբ: Սակայն Հոսեյնը բարի մի հայացք նետելով նրա վրա, ասում է.«Եթե դու մեզնից աջակցություն ցանկանաս քեզ կտրվի, և եթե ինչ-որ բան ուզես մեզնից կտանք քեզ, եթե ուղորդվել ես ցանկանում, կուղորդենք քեզ»: Այս խոսքերից շամցին ամոթից այլայլվում է, և քանի որ Իմամը հասկանում է, որ նա զղջաց իր  արարքների համար, ասում է. «Կշտամբանք ու մեղադրանք չունեմ դեպի ձեզ, Աստված կօրհնի ձեզ, քանզի նա է ամենագթասիրտը»: Շամցին ամոթից նվաղած հեռանում է  բայց իր սրտում հասկանում է, թե ով է Իմամը և ինչ մեծ վեհությամբ է ճառագում նրա անձը:

Իմամ Հոսեյնի վեհանձնության բացառիկ օրինակ ենք տեսնում Քարբալայի դեպքերի ժամանակ, երբ նրա քարավանը շարժվում էր դեպի Քուֆա: Ճանապարհին նրանք բախվում են Եզիդի զորախմբերից մեկին, որը ուղարկված էր Հոսեյնի ճանապարհը կտրելու և նրա քարավանը անջուր մի վայր փոխադրելու համար: Սակայն զորախմբի ջրի պաշարը վերջացել էր և նրանք ծարավ դեգերում էին անապատում: Իմամը տեսնելով այդ, հրամայում է թշնամի զորքերի զինվորներին և անգամ նրանց ձիերին ջուր տալ:Զինվորներից մեկը, որ փոքր ինչ ուշ էր հասել Իմամի մոտ, անգամ ուժ չուներ որպեսզի իջներ իր նժույգից և հագեցներ իր ծարավը: Հոսեյնը, նկատելով այդ զինվորին, մոտենում և ջուր է մեկնում նրան: Սակայն Աշուրայի օրը այդ զինվորներից և ոչ ոք չօգնեց Հոսեյնին և ջուր չտվեց նրա 6-ամսյա երեխային, այլ հսկա նիզակով սպանեցին նրանց:

Իմամ Հոսեյնը ռազմի դաշտում թշնամու խորամանկության և չարության դիմաց վեր խոյացավ իր բարությամբ ու գթասրտությամբ: Նրա վեհանձնությունը արտահայտող դրվագներից կարելի է հիշել հետևյալը. թշնամու բանակի զինվորներից Թամիմ անունով մեկը, կռվի դաշտում կորցնում է ոտքն ու ընկնում գետնին: Երբ արյունաքամ լինող զինվորը զգում է իր մոտալուտ մահը, դիմում է Իմամ Հոսեյնին և  խնդրում ողորմած լինել իր նկատմամբ: Հոսեյնը ներում է զինվորին և խնայում նրան: Իմամը թույլատրում է, որպեսզի թշնամու զինվորները գան և տանեն վիրավորին մարտի դաշտից: Եվ սա այն դեպքում, երբ Եզիդի զորքերը անողոքաբար էին վարվում Իմամի և նրա ընտանիքի հետ, իսկ քարավանի բոլոր երեխաները ծարավից տանջահար էին լինում: Ահա այսպիսին էր մեծ Իմամի վեհությունը:

 

Երբ Իմամի աչքի առաջ իր բոլոր աջակիցները նահատակվեցին մարտի դաշտում, նա որոշեց գնալ  ռազմադաշտ, բայց մինչ այդ ձայն տվեց.«Արդյոք կա մեկը, ով կպաշտպանի մարգարեի շառավիղը, կա մեկը ով կվախենա Աստծուց և կա մեկը, ով այս դժվար պահին կօգնի մեզ»: Այս խոսքերից ազդված, Հոսեյնի ընտանիքի անդամները սկսեցին լաց լինել: Այդ ժամ Իմամը մոտեցավ վրանին և ասաց իր քույր Զեյնաբին. «Ինձ տուր Ալի Ասղարին, որպեսզի նրան հրաժեշտ տամ» :Եվ երբ նա գրկեց իր որդուն, Զեյնաբն ասաց.  -«Եղբա'յր իմ, այս մանուկը տանջվում է ծարավից: Հակառակորդի զորքից ջուր վերցրու նրա համար»: Հոսեյնը մանկանը տանելով դեպի թշնամին, դիմեց նրանց.«Գթացե'ք այս երեխային, միթե չեք տեսնում ինչպես է ծարավից բացուխուփ անում բերանը»:Դեռ չէր ավարտել Իմամն իր խոսքը, երբ Օմար Սաադը հրաման տվեց նետով խոցել մանկանը: Ալի Ասղարը, դեռ լիարժեք կյանք չմտած,սպանվեց հոր ձեռքերի մեջ: Իմամը գլուխը դարձնելով դեպ երկինք, գոչեց. «Աստվա'ծ իմ, ինքդ դատիր այս ժողովրդին:Նրանք, որ մեզնից օգնություն էին խնդրում, հիմա սպանում են մեզ»: Այնուհետև իր արյունոտ ձեռքերը դեպի երկինք պարզելով շարունակեց.«Ինչ էլ որ տեղի ունենա ինձ հետ այս աշխարհում, կդիմանամ, քանի որ ամեն բան Աստծո աչքի առաջ է կատարվում»: Այս ասելով, Իմամն իջավ ձիուց, սրի պատյանով գետինը փորեց և թաղեց նահատակված մանկանը:

 

Աշուրայի սխրանքի ամենամեծ ուղերձն այն է, որ դեպի Աստված ճանապարհին կարելի է զոհաբերել ամեն ինչ , ինչպես դա արեց մեծն Իմամը: Նա Քարբալայի ամբողջ ընթացքում և նույնիսկ վերջին պահին, երբ իր ձեռքերի մեջ նահատակվեց իր նորածին որդին՝ Ալի Ասղարը, չտրտնջաց և չհեռացավ Աստծուց: Իր զավակի մահը տեսնելուց հետո ասաց.«Եվ այս տեսնելն էլ ինձ համար հեշտ է, քանի որ նույնը Աստված է տեսնում»: Իմամը իր վերջին շնչի հետ կրկին դիմեց Աստծուն. «Աստված իմ, այս ողջ դժվարությունների ու ողբերգության մեջ, քո գոհությամբ եմ գոհանում և քեզ եմ հանձնվում իմ ողջ գոյությամբ»:

Ալի Ասղարը Քարբալայի ամենակրտսեր զոհն էր, ով փոքր տարիքի պատճառով ակտիվ դեր չի ունեցել ճակատամարտում: Սակայն նրա մահը մեծ ազդեցություն թողեց իսլամական աշխարհի վրա և ցույց տվեց, թե ովքեր են և ինչի են ընդունակ մարգարեի շառավիղների իրական թշնամիները: Հոսեյնի 6-ամսական որդու սպանությունը բացահայտեց մարդկության թշնամիներին :Փոքրիկի մահը դարաշրջանի աշխարհընկալման վրա մեծ ազդեցություն ունեցավ. այս ողբերգական իրադարձությամբ մեկընդմիշտ սեպ խրվեց կեղծիքի և իրականության միջև: