Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը
Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի առավոտյան Իրանի հազարից ավելի տաղանդավոր գիտնականների և գիտական էլիտայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ երկրի ընտրյալ երիտասարդությանը համարել է Աստծո կողմից շնորհված պարգևներ:
Իրանի հազարից ավելի տաղանդավոր գիտնականների և գիտական էլիտայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շեշտելով, որ վարկյան անգամ պետք չէ վարանել երկրի երիտասարդ ուժերին աջակցելու և ուղղորդելու հարցում, ասել է.«Հիմնվելով երիտասարդ մասնագետների ու գիտնականների մեծ ներուժի վրա և աջակցելով նոր սերնդի ջանասիրության ու աշխատասիրության զարգացմանը` Իրանը կվերածվի զարգացած, հզոր, բարգավաճ մի երկրի, և մշտապես կանգուն կմնա Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը»: Հանդիպման սկզբում մեծարգո առաջնորդը, անդրադառնալով Մոհառամ ամսվան, ասաց.« Մոհառամը պարզապես Աշուրայի տասնօրյակը չէ և պարզապես պատմության էջերում տեղ գտած հերթական դեպքերից չէ, այլև այն իրականության ճշգրիտ արտացոլումն է. իրականություն, որ կերտվել է լույսի ու խավարի, արդարության ու ստի, փառամոլության ու համեստության միջև ընթացող պայքարի արդյունքում»: Այնուհետև մեծարգո առաջնորդը, արտահայտելով իր խորին հիացմունքն ու երջանկությունը երկրի երիտասարդ ներուժի հետ հանդիպման կապակցությամբ, նրանց համարեց Աստծո կողմից իրանցիներին շնորհված պարգևներ: Այաթոլլահ Խամենեին, նշելով, որ որոշ ազգեր զրկված են նման պարգևներից, շեշտել է երիտասարդական ուժերի տարբեր ոլորտներում ներգրավվածության մեծացման կարևորությունն ու հորդորել բոլորին ավելի հետևողական լինել նոր սերնդի կրթման ու դաստիարակման հարցերում:
Մեծարգո առաջնորդը անդրադարձել է նաև այն մեծ պատասխանատվությանը, որ դրված է երիտասարդ գիտնականների ու մասնագետների ուսերին` ասելով .<«Ձեր առաջին ու ամենակարևոր առաքելությունն այն է, որ շնորհակալ լինեք ամենազոր Աստծուն ձեզ շնորհած տաղանդի համար: Շնորհակալ լինեք գիտակցելով, որ տաղանդը պարգև է, և այդ պարգևն Աստված է շնորհել ձեզ: Պետք է գիտակցեք, որ այդ շնորհի դիմաց դուք պարտավոր եք այն ճիշտ տեղում և ճիշտ ուղղությամբ օգտագործել»: Իսլամական հեղափոխության առաջնորդը հանդիպման ժամանակ խոսել է քաջարների և փահլավիների իշխանության շրջանում մարդկանց ներարկված անկարողության զգացումների մասին` ասելով. «Արևմտյան քաղաքակրթությունը գիտության ավելի վաղ զարգացման հետևանքով նշանակալիորեն առաջընթաց ապրեց և սկսեց վերևից նայել մյուս ազգերին: Ազգերը, որոնք ունեցել են հարուստ ու փայլուն անցյալ, այնքան ստորացվեցին, որ ստիպված եղան անցնել արևմուտքի քաղաքակրթական ստվերի տակ»: Ըստ Այաթոլլահ Խամենեիի խոսքերի, միայն այն հանգամանքը, որ արևմտյան քաղաքակրթությունները Ասիա աշխարհամասի տարածքները կոչել են Հեռավոր, Միջին և Մերձավոր Արևելք անուններով, վկայում է այն մասին, որ եվրոպացիները իրենք իրենց գերակա դիրքում են համարում մնացած ժողովուրդների նկատմամբ: Այնքան գերակա դիրքում, որ անգամ մնացած տարածքները անվանակոչում են ըստ Եվրոպայից ունեցած հեռավորության սկզբունքի: Եվ սա այն դեպքում, երբ Ասիան մարդկության և քաղաքակրթության պատմության ամենամեծ ու ամենահին օրրանն է: Նա հավելել է.«Արևմտյան ազգերը այն մարդուն են նմանվում, ով, աղքատությունից միանգամից հասնելով հարստության, ինքն իրեն կորցնում է.նրանք ձեռք բերեցին գիտության հարստությունն ու առաջընթաց ապրեցին, ապա սկսեցին բոլորին, այդ թվում նաև նրանց` ումից ստացել են իրենց գիտելիքները ,վերից նայել: Մեր երկիրը նույնպես արժանացավ այդ վերաբերմունքին»: Պատմության վկայությամբ, երբ միջնադարում Եվրոպան ընկղմված էր խավարի ու անգրագիտության մեջ, իսլամական երկրները գտնվում էին իրենց ծաղկման ու զարգացման շրջանում: Արևմուտքը ռենեսանսի շրջանում, թարգմանելով մուսուլմանների գիտական աշխատությունները բժշկության, մաթեմատիկայի, քիմիայի և աստղագիտության վերաբերյալ, սկսեց իր գիտական առաջընթացը: Սակայն, հետագայում ձեռք բերելով առավել խորացված գիտելիքներ ծովագնացության ոլորտում, այն օգտագործեց ուրիշ պետությունները գրավելու և գաղութացնելու ուղղությամբ` սև էջեր ավելացնելով մարդկության պատմության մեջ:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը, անդրադառնալով արևմուտքի երկրների ամբողջատիրական զեղումներին, շեշտեց.«Երբ մի պետություն հայտնվում է մեկ այլ օտար պետության ազդեցության տակ, իր բոլոր հնարավորությունները անկախ պետության ղեկավարների կամքից, հայտնվում են ուրիշ պետության ձեռքերում»: Իրանը տարիներ շարունակ գտնվել է Քաջարների և Փահլավիների և դրա հետ մեկտեղ արևմուտքի տիրապետության տակ, այդպիսով իրանցիները ստիպված են եղել կրելու այդ կրկնակի լուծը և ապրել նրանց կողմից ստեղծված ամոթի մթնոլորտում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բրիտանիան ու Ռուսաստանը, առանց Իրանի իշխանավորների համաձայնության իրենց զորքերը մտցրեցին երկիր և այն օգտագործեցին որպես զորքերի և ռազմատեխնիկայի փոխադրման ուղի: Այդ շրջանում Իրանի ժողովուրդը կրեց բազմաթիվ անհատույց վնասներ: Պատմական փաստերը վկայում են, որ այդ ժամանակ իրանցիների մոտ 30 տոկոսը սովի և գոյատևման համար առաջին անհրաժեշտության պայմանների բացակայության հետևանքով մահացել են: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս ամենը համարում է Իրանի ժամանակի կառավարիչների թուլակամության և իրանցիներին «չենք կարող» գենի ներարկման հետևանք: Նա հավելել է.«Իսլամական հեղափոխությունը մեծ իրադարձությունների սկիզբ հանդիսացավ: Այդպիսով ինքնավստահությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը միաձուլվեց պատերազմի հետ, և Աստված օգնեց մեզ այդ հարցում»: Այաթոլլահ Խամենեին Իրան-իրաքյան պարտադրված պատերազմը համարում է իրանցի երիտասարդների ինքնավստահության դրսևորումներից մեկը: Այս մասին նա ասում է.«Այս պատերազմը, չնայած իր բոլոր դառնությունների, տաղանդներ ծնեց և ցույց տվեց, որ իրանցի երիտասարդը կարող է դատարկ ձեռքով հաղթել գերտերություններին ապավինող թշնամու մեծաքանակ ուժերին»:
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը իր ելույթի շարունակության մեջ անդրադարձավ թշնամիների փորձերին իրանցիների սեփական ուժերի նկատմամբ հավատը կոտրելու խնդրին: Նա այս առիթով ասաց, որ ներկայումս թշնամին փորձում է որոշակի տկարամիտ քայլերով ու խաբեությամբ մշակութային կախվածություն ստեղծել գրականության ու պոեզիայի միջոցով: Մշակութային գլոբալացմամբ Արևմուտքը նպատակ ունի բոլոր ժողովուրնդերին պարտադրել այն մշակույթը ,որ մի քանի գերտերություններ կարողացել են պարտադրել աշխարհի տնտեսությանը, աշխարհի քաղաքականությանն ու աշխարհի անվտանգությանը, ինչը նշանակում է կախվածություն: Մեծարգո առաջնորդը, չնայած կարևորում է երիտասարդների կապը ուրիշ երկրների ու ազգերի հետ, այնուամենայնիվ ամեն տեսակ կախվածության մեջ ընկնելը մերժելի է համարում:
Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը հանդիպման ժամանակ կարևորել է երիտասարդներին ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը, քանի որ դա շատ կարևոր է Իրանի ապագա նպատակների համար: Նրա խոսքերով.«Այդ նպատակն է Իրանը վերածել զարգացած, հզոր, բարգավաճ երկրի, ինչպես նաև նոր խոսք ունենալ միջազգային ասպարեզում և մարդու իրավունքների ոլորտում: Իրանը, լիանալով հոգևոր հարստությամբ, բարձր կպահի իսլամական դրոշի արժանապատվությունը»: Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով աշխարհում հումանիտար խնդիրների մասին բազմաթիվ մտավորականների բողոքներին, ասել է.«Նոր խոսք պետք է հնչի այս խնդիրների լուծման ուղղությամբ, և այդ խոսքը պետք է իսլամական Իրանը հնչեցնի»: Մեծարգո առաջնորդը, ընդգծելով հոգևոր տարրի կարևորությունը Իրանի հզորության տեսլականի մեջ, ասաց.«Այժմյան հզոր աշխարհի խնդիրն այն է, որ այտեղ ուր ուժ կա,հավատը բացակայում է»: Նա խոսելով ԱՄՆ-ում նախագահի երկու մրցակից թեկնածուների մասին հավելեց.«Այդ երկու անձանցից մեկը նախագահ պետք է դառնա... ամենամեծ ատոմային ներուժը, ամենամեծ հարստությունն ու աշխարհի խոշորագույն լրատվամիջոցները ունենա իր տրամադրության տակ: Այդ երկուսից մեկը կդառնա նախագահ, և դուք տեսնում եք, թե ովքեր են նրանք և ինչ են իրենցից ներկայացնում: Այս ամենը հոգևորի և հավատի բացակայության հետևանք է»:
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Իրանի հետագա հզորացման և հոգևոր բարգավաճման կարևոր նախապայման է համարում քաջ, գրագետ, քաղաքակիրթ, նախաձեռնող, ինքնավստահ ու եռանդուն սերնդի դաստիարակումը: Այնպիսի անհատների դաստիարակումը, ովքեր այդ նպատակի ճանապարհին չխնայեն իրենց և ամենայն լրջությամբ նախաձեռնեն երկրի զարգացմանը նպաստող գործերը: Մեկ բառով «հեղափոխական մարդու» ստեղծումը նա համարում է գալիք սերնդի գլխավոր շարժիչ ուժն ու խնդիրը:
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին իր ելույթում կարևորել է երկրի գիտական վերելքի անհրաժեշտությունը և ասել, որ ներկայումս թշնամին ցանկանում է ամեն կերպ կասեցնել կամ շեղել այդ գործընթացը: Նա, անդրադառնալով վերջին տարիներին Իրանում գիտության վերելքին, մեկ անգամ ևս շեշտել է երկրում գիտության զարգացման կայուն տեմպերի պահպանման անհրաժեշտությունը և ասել,«Եթե գիտության վերելքը Իրանում բախվի թշնամու հակազդեցությանը, և մենք ուշադրություն չդարձնենք, դա կբերի երիտասարդ ներուժի համատարած հիասթափությանը, որը մեծ հարված կարող է հասցնել երկրին»: Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երկրում գիտության կայուն զարգացման պահպանման համար համապատասխան ոլորտի պատասխանատուներին հանձնարարականներ տվեց: Այդ հանձնարարականներից առավել կարևորներն են. Ուշադրության կենտրոնում պահել գիտական ընկերությունները և դրանց արտադրանքը հնարավորինս կիրառել պետական ապարատներում, համալսարաններում ստեղծել լավագույն ուսանողներից բաղկացած խմբեր, ուշադրության կենտրոնում պահել փայլուն տաղանդների ուսուցման ազգային կազմակերպությունը, ուշադրության դարձնել լավագույնների ազգային հիմնադրամին, ուշադրություն դարձնել մեծ գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը, ուշադրություն դարձնել լավագույն մասնագետների մշակութային զարգացման խթանմանը և նրանց մասնակցությանը ջիհադական ճամբարներին` երկրի կարիքների և թույլ կողմերի ուսումնասիրությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն իր ելույթի մեկ այլ մասում, նշելով մարդկության զարգացման համար նոր ուղենիշների ներկայացման անհրաժեշտությունն, ասել է.«Այսօր աշխարհի սատանայական հզոր ուժերը մարդկանց օրեցօր ավելի ու ավելի են ընկղմում անգիտության ու ապաշնորհության ճահճի մեջ և պայքարում են այն բոլոր գործընթացների դեմ, որոնք ուղղված են մարդկությանը այդ ճահճից հանելուն: Եվ այս ամենով հանդերձ աղաղակում են, թե ինչու իրենց նկատմամբ լավատեսորեն չենք տրամադրված»: Նա, անդրադառնալով Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի բազմիցս կրկնվող դավաճանական քայլերին, ասել է.«Ես բազմից եմ ասել պատասխանատուներին, որ եթե իրենք միջուկային խնդիրների լուծման հարցում նահանջեն, միևնույնն է մեր խնդիրները ԱՄՆ-ի հետ չեն վերջանալու, այլև նրանք նոր խնդիրներ են հարուցելու, ինչպիսիք կարող են դառնալ մեր հրթիռային հզորությունը, մեր աջակցությունը պաղեստինցիներին ու Լիբանանին, և վերջապես նրանք պարզապես չեն կարող համակերպվել, որ կրոնը մեծ ազդեցություն ունի Իրանի պետական գործերում»: Անդրադառնալով Իրանի ու իր ժողովրդի յուրահատուկ հզորությանը` գերագույն առաջնորդը նշել է, որ շատ կարևոր է , որպեսզի երիտասարդները առավելագույնս տեղեկացված լինեն Իրանի և տարածաշրջանի արդի քաղաքական խնդիրների մասին: Մեծարգո առաջնորդն իր ելույթի վերջում երիտասարդների և հատկապես էլիտայի ներկայացուցիչների համար հաջողություն հայցեց բարձրյալն Աստծուց:
دیدار جمعی از نخبگان با رهبری