Իրանցի նկարիչ-դիզայներների մեծ ցուցահանդեսը Թեհրանում
Իրանի նկարիչ-դիզայներների միությունը այս տարվանից ծրագրել է 4 հոգու 4 ոլորտում մրցանակ շնորհել: Այդ մրցանակը տրվում է նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել նկարիչ-դիզայներության մասնագիտական խորացման ուղղությամբ: Մրցանակը կրում է Աբան անունը և ամեն տարի աբան ամսին տրվում է արժանավորներին:

Նկարիչ-դիզայներությունը կամ պատկերավորումը կերպարվեստի ենթատեսակներից է: Այն որպես արվեստի առանձին ենթատեսակ պատկերների միջոցով արտահայտում է մի որևէ երևույթ կամ հասկացություն: Այդ երևույթները կարող են շատ բազմազան լինել՝ սկսած պատմվածքներից, բանաստեղծություններից, թերթերի հոդվածներից մինչև առևտրային կամ ժամանցային գովազդային պաստառներն ու գրքերի կազմերը, ինչպես, նաև ապրանքների ու շորերի պիտակները:
Պատկերավորումն արտահայտչական նկարչությունն է: Պատկերավորման և նկարչության հիմնական տարբերությունն այն է, որ պատկերավորումն իրականացնում է երևույթի պարզ արտապատկերումը այնպես, որ այն դիտողի համար հասկանալի լինի: Այս տեսանկյունից պատկերավորումը շատ նման է գրաֆիկային: Պատկերավորման վառ օրինակներից են մանկական գրքերում հանդիպող նկարները և մեծահասակների համար նախատեսված գրքերի պատկերները, ինչպես նաև առևտրային գովազդների, կոմիքսների, օրաթերթերի և ամսագրերի նկարները:
Ակնհայտ է, որ մանկական գրքերն առանց պատկերների արժեք չունեն: Պատկերների միջոցով արտահայտվում է գրքի հեղինակի միտքը և երեխան դրանց օգնությամբ հեշտորեն կարողանում է կապ հաստատել կարդացվող նյութի հետ և հաճույք ստանալ դրանից:
Պատկերավորման օրինակներ մանկական գրականությունից
Պատկերավորման բազմատեսակ ոճերը մանկական գրականության մեջ օգտագործվում են թաքնված և ակնառու մտքերը արտահայտելու նպատակով: Այդ ոճերը հաճախ վերցրած են լինում նկարչության հարուստ պատմության օրինակներից, կամ էլ պարզապես հեղինակի երևակայության մեջ են ծնվում: Շատ հաճախ երեխաների ուշադրությունը դեպի գիրքը գրավելու համար մանկական գրականության մեջ օգտագործում են ջրաներկի վառ ու ջերմ գույները: Կոլաժը նույնպես պատկերավորման ոճերից է, որը նկարիչ-դիզայներների կողմից շատ է օգտագործվում:
Պատկերավորումը դեռ վաղ շրջանից տարածված է եղել Իրանում և իրանցի արվեստագետների շրջանում և, չնայած վաղ շրջանում այս արվեստը չի կրել նույն անվանումը, այդուհանդերձ դրա էությունը շատ մոտ է եղել այսօրվա պատկերավորմանը: Վաղ ժամանակներում այս արվեստի առկայությունը հարուստ հիմք է հանդիսացել ներկայիս պատկերավորման համար: Իրանական ընդհանուր մոտիվներն ու նաղշերը կարելի է հանդիպել շատ կտավներում: Դրանցում հիմնականում պատկերված են ծաղիկներ, ծառերի տերևներ և կենդանիներ: Աքեմենյան ժամանակաշրջանում մեկ մարմնի մեջ պատկերներ են ստեղծվել նաև տարբեր կենդանիների, ինչպես նաև կենդանիների և մարդու համադրությունից: Այս ամենը պարզորեն ցույց է տալիս, թե հիմնականում ինչ ուղղությամբ են մտածել ու ստեղծագործել իրանցի քանդակագործներն ու նկարիչները վաղ շրջանից մինչ օրս: Կրոնական, գիտական, պատմական և այլ ոլորտների վերաբերող գրքերը ավելի գեղեցիկ ու գրավիչ դարձնելու և զարդարելու համար նկարիչները օգտագործել են հատուկ գեղեցիկ նախշեր: Այդ նախշերի ողջ գրավչությունը սպիրալաձև կորերի մեջ է: Կորերի միջոցով փորձառու նկարիչները պատկերել են շատ գեղեցիկ ծաղիկներ, որոնք մեծ գրավչություն են հաղորդել գրքերին:
Իրանական պատկերավորման հայտնի եղանակներից են նաև զանազան գծապատկերները: Գծապատկերները նույնպես օգտագործվել են գրքերը գեղեցկացնելու նպատակով: Դրանց միջոցով հիմնականում պատկերվել են միախառնված կենդանիներ ու թռչուններ՝ ծաղիկների, թփերի ու քարերի ֆոնին: Գծապատկերները երբեմն հանդիպում են նաև սև կամ ոսկեգույն տարբերակներով:
Նկարիչ-դիզայներության շաբաթը արդեն տասներորդ անգամ է անցկացվում Իրանում և դրա հետ մեկտեղ Իրանի արվեստագետների տան ցուցասրահը լեփ-լեցուն է իրանական և արտասահմանյան նկարչության նմուշներով: Աբանի 7-ի երեկոյան (հոկտեմբերի 28) Իրանի արվեստագետների տունը հյուրընկալեց բազմաթիվ նկարիչ-դիզայներների, և հենց նույն օրը նշված տարածքում տեղի ունեցավ այդ արվեստագետներին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը բաց է եղել մինչև աբանի 14-ը(նոյեմբերի 4):
Բացման արարողությունը սկսվեց առանց ներածական խոսքի: Ցուցահանդեսում, որը կրում է «Մենք նկարիչ-դիզայներներ ենք» խորագիրը, ներկայացված են նկարիչ-դիզայներների միության անդամների ստեղծագործությունները: Աշխատանքները այցելուների դատին են ներկայացված «Մոմայեզ», «Աշուն» և «Ձմեռ» անունները կրող պատկերասրահներում: Ցուցահանդեսում ներկայացված են միության 148 անդամների 148 ստեղծագործությունները:
«Քալանթարին նկարիչ դիզայներ էր» խորագրով ցուցահանդեսում ցուցադրված է ժամանակակից Իրանի առաջին նկարիչ-դիզայներներից մեկի՝ Փարվիզ Քալանթարիի ստեղծագործությունների հավաքածուն:
Այդ ցուցահանդեսում ներկայացված է նաև «Կոմիքսների նոր աշխարհը» բաժինը: Պատկերավորման արվեստի տարբեր ոլորտների ուսումնասիրությունն ու ներկայացումը, միության անդամների հոգևոր ու մասնագիտական ներդաշնակության բարձրացումը, միության երիտասարդ և տաղանդավոր անդամների աշխատանքների ներկայացումը և նկարիչ-դիզայներների ստեղծագործությունների՝ հասարակության ու արվեստասերների կողմից ճանաչման համար համապատասխան հարթակի ստեղծումը նկարիչ-դիզայներության շաբաթի հիմնական նպատակներից են:
Պատկերավորման շաբաթի միջոցառումը բաղկացած է երկու՝ գլխավոր և օժանդակ մասերից: Ամեն տարի այդ միջոցառման գլխավոր մասն է կազմում՝ նկարիչ-դիզայներների ստեղծագործությունների ներկայացումը հանրության դատին: Այս շաբաթվա շրջանակներում բացված են եղել ևս երկու ցուցահանդեսներ, որում ներկայացված են եղել պատկերավորման նոր աշխարհի ստեղծագործությունները՝ «Դիզայնի աշխարհ» և «Հմայքի աշխարհ» խորագրերով:
Այս շաբաթվա օժանդակ մասի շրջանակներում անցկացվել են պատկերավորման վերաբերյալ մասնագիտական ժողովներ ու քննարկումներ: Արդեն տեղի են ունեցել «Քալանթարին նկարիչ-դիզայներ էր», «Պատկերավորման նոր աշխարհը. Կոմիքսների աշխարհ», «Պատկերավորման նոր աշխարհը. Հմայքի աշխարհ» և «Պատկերավորման նոր աշխարհը. Դիզայնի աշխարհ» խորագրերը կրող հանդիպումները, որոնց մասնակցել են իրանցի հայտնի նկարիչ-դիզայներներն ու այդ ոլորտի մասնագետները:
Այս շաբաթվա շրջանակներում Իրանում առաջին անգամ ցուցադրվեց նաև էլվիս Քարիգոթի գրքերից մեկի հիման վրա նկարահանված ֆիլմը: Այս տարի անցակցվող նկարիչ-դիզայներների շաբաթվա կարևոր իրադարձություններից էր Աբանի մրցանակի շնորհումը: Նկարիչ-դիզայներների միությունը այս տարվանից ծրագրել է 4 հոգու 4 ոլորտում մրցանակ շնորհել: Այս մրցանակը նրանց պրոֆեսիոնալիզմի նշանն է: Մրցանակը տրվել է այն 4 անձանց, ովքեր 4 ոլորտներում իրենց ավանդն են ունեցել նկարիչ-դիզայներության մասնագիտական խորացման ուղղությամբ: Աբան անունը կրող մրցանակը հանձնվել է իրենց հասցեատերերին նկարիչ-դիզայներների շաբաթվա ավարտին՝ ուրբաթ օրը:
Ինչպես նաև ծրագրված է տարվա մեկ օրը հայտարարել նկարիչ-դիզայների օր: Այս տարվա նկարիչ-դիզայների շաբաթը կրում է «Պրոֆեսիոնալ սկզբունքներ, ընդհանուր պայմաններ» նշանաբանը, որն ընտրված է շեշտելու համար նկարիչ-դիզայներների միջև գործող մասնագիտական կանոնները և ընդհանուր հանդիսացող սկզբունքերը, որոնք պահպանվում են նրանց կողմից պատվիրատուների հետ առնչվելու ժամանակ:
Կոմիքսների նոր աշխարհ ցուցահանդեսը ցուցասրահի գլխավոր մասերից է հանդիսանում: Այդ գաղտնիքներով լի աշխարհը այսօր մեծ տարածում է գտել և իր մշակութային խմբերով, երիտասարդ ներուժով ու պատկերավորման հարուստ ու բազմազան միջոցներով կարծես թե առանձին մի աշխարհ է դարձել: Այն մի գրավիչ աշխարհ է դարձել՝ վառ ու գեղեցիկ գույների աշխարհ, որը կարողացել է նոր շունչ բերել կինոյի, խաղերի, գովազդների ոլորտներ: Կոմիքսի փառահեղ օրինակ է հին ճենապակյա տարայի վրա արված պատկերը, որում այծը հինգ գործողությամբ հասնում է ծառին և ուտում դրա տերևները: Այս բացառիկ ստեղծագործությունը գտնվել է Այրված քաղաքի տարածքից, որը շատ կարևոր մշակութային նմուշ է պատմական Իրանի և աշխարհի համար:
Այրված քաղաքը պատմական մի քաղաքի մնացած մասն է, որը գտնվում է Իրանի հարավ-արևելքում՝ այժմյան Սիստան և Բելուչեստան նահանգի տարածքում: Այս պատմական քաղաքը վեց հազար տարվա պատմություն ունի: Այրված քաղաքում, որը 5000 տարի առաջ ճենապակու արդյունաբերման ամենազարգացած կենտրոնն էր ամբողջ աշխարհում, ձկան և այծի նախշերը ամենատարածվածն էին: Նկարիչ արվեստագետը դեռևս 5000 տարի առաջ կարողացել է ճենապակյա տարայի վրա այծ պատկերել, որը հինգ գործողությամբ մոտենում է ծառին և ուտում դրա տերևերները: Այս ստեղծագործության մեջ ներկայացված է պատկերի շարժումը հնարավոր ամենափոքր ժամանակամիջոցում և ընդհամենը 8 սանտիմետր լայնության պայմաններում: Այրված քաղաքում հայտնաբերված այլ գտածոների վրա հանդիպում են անընդհատ կրկնվող նաղշեր ու պատկերներ, որոնց մեջ շարժումներ չեն նկատվում: Պատմագետների հավաստմամբ, այս ստեղծագործությունը վկայում է այն մասին, որ Այրված քաղաքի բնակիչները խելացի և իրենց ժամանակի համար բավականին զարգացած են եղել:
Սկզբնական շրջանում կոմիքսները պահանջված էին միայն երիտասարդության շրջանում, սակայն ժամանակի ընթացքում այս ժանրը մեծ զարգացում ապրեց և դրա հետ մեկտեղ մեծացավ և ավելի բազմազան դարձավ կոմիքսներին հետևողների տարիքային շեմն ու թվաքանակը: Կոմիքսները աշխարհի արտապատկերման իրենց յուրահատուկ մեթոդներով կարողացան գրավել նորանոր լսարաններ: Դրանք իրենց ընտրված թեմաներով և արտահայտչական պատկերավորման յուրահատուկ եղանակներով միանգամից շատերի համար դարձան զվարճալի ու հետաքրքիր: Պատկերավորման այս եղանակը շատ է օգտագործվում նաև մանկանակ գրականության մեջ, որը նպատակ ունի մատուցվող նյութը ավելի հետաքրքիր ու պատկերազարդ դարձնել: Այսօր արդեն կոմիքսները բավականին մեծ ազդեցություն ունեն նաև կինոյի և անիմացիայի վրա:
Հանգուցյալ Փարվիզ Քալանթարին իրանցի հայտնի նկարիչ-դիզայներներից էր: Չնայած վերջին տարիներին նա միայն նկարչությամբ էր զբաղվում, սակայն նոր սերնդի և միջին տարիքի մարդկանց հիշողության մեջ շատ լավ տպավորված են նրա ստեղծագործություններով զարդարված գրքերի պատկերները:
Փարվիզ Քալանթարին ծնվել է 1310 (1931) թվականին: Նա դիզայներ, գրող և լրագրող է եղել: Քալանթարին համարվում է Իրանի մոդեռնիստ նկարիչներից մեկը: Դպրոցական գրքերի մեջ հանդիպող շատ նկարներ նրա ձեռքի աշխատանքներն են: Քալանթարին կերպարվեստի ուսանող է եղել, այնուհետև սկսել է զբաղվել դասագրքերի ձևավորմամբ:
Նրա ստեղծագործություններում հաճախ են հանդիպում դրվագներ տարբեր մարդկանց կյանքից: Քալանթարին հիմնականում նկարում էր սալոմից ու ցեխից պատրաստված կտավների վրա և դա մեծ ճանաչում է բերել նրան: Շատերը անգամ Քալանթարիին համարում են այդ ոճի հիմնադիրը: Նա հաճախ էր ասում .«Ես իմ երկրի հողեղեն տեսարանների նկարիչն եմ»: Հենց այս պատճառով է, որ նա շատ է պատկերել գյուղական միջավայրը իր ստեղծագործություններում: Քալանթարին կյանքից հեռացել է 1395 թվականի օրդիբեհեշթի 31-ին(2016-ի մայիսի 20)ծանր հիվանդության հետևանքով: