Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել (5)
Սպառման մշակույթի հարցում իսլամ կրոնում արծարծված թեմաներից մեկը անիրական, կեղծ կարիքների և փառասիրության մերժումն է: Իսլամի տեսանկյունից մարդու կարիքները պիտի ապահովվեն բավարար չափով, սակայն շռայլությունը և սպառման մեջ վատնումը չի քաջալերվում: Հետևաբար դիմադրողական տնտեսության կարևոր խնդիրներից մեկը սպառողականության մերժումն է:
Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ սպառման մեջ հավասարակշռված քայլեր կատարող անձը կամ հասարակությունը հասնելու է դիմադրողական ու առողջ տնտեսությանը: Սպառման մեջ չափավորության պահպանումը կարևոր է այն առումով, որ մի կողմից մարդու կարիքները բազմազան են և մյուս կողմից նյութական աղբյուրներն են սահմանափակ, ուստի մի խումբ մարդկանց շռայլ ապրելակերպի հետևանքով ուրիշները կարող են հայտնվել աղքատության մեջ: Սպառման մեջ չափավոր լինելու անհրաժեշտությունը կարևորվում է այն աստիճանով, որ մինչև իսկ բարեգործությունը և բարի նպատակներով նյութի սպառումը նույնպես պիտի չափավոր լինի և պիտի խուսափել ծայրահեղություններից: Սպառման մեջ չափավորությունը մեծ ազդեցություն ունի տնտեսական խնդիրների կարգավորման, ծախսերի կրճատման ու դրանց արդյունքում անձի ու հասարակության աղքատությունն ու թերզարգացումը կանխելու մեջ: Նաև ասացինք, որ հասարակության հիմքերի վրա ազդող սկզբունքներից մեկը հարստության կուտակումից հեռու մնալը և հարստության ճիշտ ու առողջ շրջանառությունն է, քանի որ հարստության կուտակումն ու լճացումը մեծ վնասներ են հասցնում երկրի տնտեսությանը և տնտեսական աճին: Հետևաբար դիմադրողական տնտեսության մեջ արտադրման համար ֆինանսական աղբյուրներ հատկացնելը համարվում է ն իսլամական հասարակության անհրաժեշտություններից մեկը: Ուստի սպառողը չի կարող և չպիտի իր հարստությունը լճացած վիճակում պահի այլ պարտավոր է ըստ կրոնական սկզբունքների` ծախսի դրանք և այդ քայլով ֆինանսական աղբյուրները դուրս կգան լճացված վիճակից և կաճեն ու կզարգանան տնտեսական տարբեր միավորները:
Տնտեսական ոլորտում սպառումը հավասար է ապրանքների և մատուցվող ծառայությունների ֆինանսական փոխարժեքի հետ: Սպառումը մեկնաբանելու համար ասվել է.«Եկամուտը օգտագործվում է երկու նպատակներով: Մի մասը հատկացվում է խնայողություններին ու մյուս մասը ծախսվում է կարիքները հոգալու և ժամանցային ու հաճոյական ծրագրերի վրա: Եկամտի այն բաժինը, որ հատկացվում է կարիքները հոգալու համար կոչվում է սպառում: Տնտեսագիտության մեջ կան սպառման երկու գլխավոր խմբեր՝ ուտեստներն ու ոչ ուտեստային ապրանքներ: Ուտելիքների բաժնում ներառվում են առօրյա սպառման համար ապրանքները ինչպես՝ հաց, բրինձ, մսամթերք, կաթնամթերք և այլն, իսկ ոչ ուտեստային խմբի մեջ են ներառվում հագուստեղենը, տան կահույքն ու կահկարասիները, առողջապահությունը, բուժման ծախսերը, ժամանցային ծրագրերը, մշակութային ծառայությունները և այլն: Տնտեսագետների կարծիքով սպառման չափի և տեսակի որոշիչ գործոնը եկամուտն է: Ընդորում ինչքանով որ եկամուտը մեծ լինի այնքան էլ սպառման չափն է մեծանալու: Իհարկե կան նաև այլ որոշիչ գործոններ ինչպես տարբեր սեփականությունները, հարկերը, ապագայի սպասելիքները և գները, որոնք ազդում են սպառման չափի վրա:
Իսլամ կրոնի տեսանկյունից սպառման չափն ու որպիսությունը որոշվում է սկզբունքների ու չափանիշների հիմունքներով: Այդ չափանիշներից մեկը կարիքներն են: Մուսուլման տնտեսագետները կարիքները բաժանում են երեք խմբերի՝ առաջին անհրաժեշտություններ, երկրորդ կարիքը գնահատվում է ըստ բավարարվածության իսկ երրորդն՝ ըստ ապահովվածության:
Իսլամական ուսուցումներից հասկացվում է, որ այս երկնային կրոնի մեջ մարդու կարիքների սպառումը կարևորվում է բավարարվածության մակարդակով: Այնպես որ նույնիսկ աղքատներին զաքաթ տրվի այնքանով, որ վերջիններս կարողանան ունենալ միջին մակարդակի ապրուստի պայմաններ: Բայց չպիտի մոռանանք, որ սպառման մշակույթի հարցում իսլամ կրոնում արծարծված թեմաներից մեկը անիրական, կեղծ կարիքների և փառասիրության մերժումն է: Իսլամի տեսանկյունից մարդու կարիքները պիտի ապահովվեն բավարար չափով, սակայն շռայլությունը և սպառման մեջ վատնումը չի քաջալերվում: Հետևաբար դիմադրողական տնտեսության կարևոր խնդիրներից մեկը սպառողականության մերժումն է: Ծայրահեղ սպառողականությունը հասրակության մեջ բերում է խավերի բացահայտ տարբերության և այդ երևույթից ամենաշատը տուժում են ցածր եկամուտ ունեցողները: Այդ կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ասել է.«Պիտի խոստովանենք, որ սովորությունների, ավանդությունների և սխալ ձևաչափերի հետևանքով հասարակության մեջ մեծացել է սպառման ծավալը և խախտվել է հավասարակշռությունը ի վնաս արտադրության: Այսօր սպառման մեջ չափավորությունը ջիհադական քայլ է համարվում»:
Այդ ուղղությամբ դիմադրողական տնտեսության մեջ ուշադրության արժանացած խնդիրներից մեկը սպառման մեջ առավելատնեչությունից ու ագահությունից հեռու ապրելակերպն է: Քանի որ ագահությունը պատճառ է դառնում կեղծ ու ոչ իրական ձևով ավելանա առաջարկը ու արդյունքում առաջարկի ու պահանջարկի միջև խախտվի հավասարակշռությունը ինչն էլ իր հերթի կհանգեցնի ինտենսիվ գնաճին: Ալի Էմիրապետը ագահության վնասների ու հետևանքների մասին այսպես է ասում.«Ագահ մարդը կործանվելու է»:
Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ տնտեսության հավասարակշռությունը խախտող գործոններից մեկը ոչ անհրաժեշտ սպառումներն են: Այդ պատճառով էլ իսլամական մշակույթի մեջ եթե մեկը որևէ ապրանք օգտագործում է հպարտության ու ցուցամոլության պատճառով, քննադատության է արժանանում:
Այդ ուղղությամբ սպառման հարցում առկա սկզբունքներից մեկը խնայողությունն է: Ալի Էմիրապետը տնտեսական լավագույն և առողջ ապրելակերպը համարել է խնայողության վրա հիմնված տնտեսությունը: Այդ կապակցությամբ նա ասում է.«Ամենաուրախ կյանքը խնայողությամբ ապրած կյանքն է»:
Նա իսկական խնայողությունը մեկնաբանելու համար ասում է.«Ամեն մարդ եթե գոհ մնա իր կարիքների բավարարումից, իր կյանքում կարգ ու կանոն ու խաղաղություն կհաստատվի: Նրա զարգացման համար ենթահող կստեղծվի և խաղաղ կերպով կշարունակի իր կյանքը»: (Նահջոլբալաղե, իմաստություն 371, 377)

Ուրեմն խնայողությունը բավարարության իմաստով է: Օրինակ սննդային գիտությունների մեջ պարզել են, որ յուրաքանչյուր բնական գործողության համար օրգանիզմը ինչ կալորիականություն է անհրաժեշտ: Օրգանիզմը ավելորդ կալորիականությունը արտազատում կամ էլ մի այլ բաժնում կուտակում է որպես ճարպային հյուսվածք: Եվ հաճախ այս ճարպային հյուսվածքները իրենք հիվանդության պատճառ են դառնում: Հետևաբար սպառման մեջ շռայլությունը բազմաթիվ գլխացավանքների է հանգեցնում:
Խնայողությունն այն է, ինչ մարդը իր կարիքները բավարարելու չափով սպառի անհրաժեշտ նյութերը: Եթե ցանկացած անձ այս սկզբունքով դասակարգի իր կյանքը և ցանկացած նյութի սպառման մեջ հարգի չափավորության սկզբունքը, նրա անձնական կյանքը կարգավորված կլինի և օգնություն ստանալու համար ուրիշին ձեռք չի մեկնի: Այն սպառողական հասարակությունը, որ չի հետևում խնայողության սկզբունքին չի կարող բավարարության զգացում պատճառել իր քաղաքացիներին:
Խնայողությունը նվազեցնում է ագահության աստիճանը և կանխարգելում է տնտեսական վնասները: Իմամ Սադեղն այս կապակցությամբ ասում է.«Յուրաքանչյուր ոք պիտի նայի իր կարիքներին ու ըստ այդմ հայթայթի իրեն անհրաժեշտ ամեն ինչ, քանի որ ժողովրդի կարիքները տարբեր են լինում: Ուրեմն պիտի տեսնի թե սպառման ինչ չափն է իրեն անհրաժեշտ և օգտակար: Այն որ մարդուս առողջ է պահում դա անշուշտ շռայլությունը չէ: Շռայլությունը վնասում է մարդուն»:
Իմամ Սադեղը մեկնաբանելով շռայլության նշանները ասում է.«Շռայլություն անողը ունի երեք նշաններ, առաջինը գնում է այն ինչ իրեն հարիր չէ, երկրորդ հագնում է այն ինչ իրեն հարիր չէ և երրորդ ուտում է այն ինչ իրեն հարիր չէ»:
Այլ խոսքով սպառման մեջ ագահությունը ոչ միայն հանգստությունն ու խաղաղությունն է խլում այլև անձի մոտ կասկածներ է առաջացնում Աստծո հոգածության նկատմամբ: Ուրեմն ագահության ազդեցությունը չպիտի սահմանափակենք միայն նյութական երևույթներով, այլ պիտի հասկանանք, որ ագահության հոգեկան ազդեցությունները նույնպես բացասաբար են ազդում անհատի վրա և խախտում են նրա հոգեկան հավասարակշռությունը և առողջ մարդուն դարձնում են հիվանդ: Կարող ենք ասել, որ փափուկ և կոշտ պատերազմների ոլորտում էլ ագահությունն է մարդուն սպառնացող թշնամին: Մերօրյա աշխարհում ծայր առած փառամոլության մրցույթը բարդությունների է մատնել նույնիսկ ֆինանսապես ապահովված ընտանիքների, քանի որ փառասեր անձը ոչնչով չի բավարարվում և աշխարհիկ երևույթները երբեք վերջ չունեն: Այսպիսի հասարակություններում դիմադրողական տնտեսությունը չի կարող իրականություն դառնալ: Հետևաբար պիտի խոստովանենք, որ դիմադրողական տնտեսության մեջ սպառման կառավարման խնդրից առաջ պիտի նոր մշակույթ ձևավորել և փոփոխության ենթարկել անձի ու հասարակության համոզումները, տնտեսական ու հասարակական վերաբերմունքը: Սա նույնպես իրական կդառնա բազմակողմանի ջիհադական քայլով: Այն հասարակությունը որի մեջ հզորացվել է խնայողության ոգին ուրիշների օգնությանը կարոտ չի լինի և կարող է առանց ուրիշի օգնության հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները: Այսպիսով կձևավորվի դիմադրողական տնտեսությունը: