Թրամփի օրոք ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ (1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i49612-Թրամփի_օրոք_ԱՄՆ_ի_քաղաքականությունը_Իրանի_նկատմամբ_(1)
Դոնալդ Թրամփը որպես ԱՄՆ քառասունհինգերորդ նախագահ շուտով մուտք կգործի Սպիտակ տուն, սակայն պետք է նշել, որ Թրամփի օգտին քվեարկելը ժողովրդի կողմից որոշակի ատելության դրսևորում էր դեպի դեմոկրատների և Օբամայի գործելակերպը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2017 11:06 Asia/Tehran
  • Թրամփի օրոք ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ (1)

Դոնալդ Թրամփը որպես ԱՄՆ քառասունհինգերորդ նախագահ շուտով մուտք կգործի Սպիտակ տուն, սակայն պետք է նշել, որ Թրամփի օգտին քվեարկելը ժողովրդի կողմից որոշակի ատելության դրսևորում էր դեպի դեմոկրատների և Օբամայի գործելակերպը։

 

2016 թվականին տեղի ունեցած ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո բազմաթիվ հարցեր լուրջ քննարկումների պատճառ են դարձել։ Քննարկվող ամենակարևոր հարցերից մեկը այն է, թե Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Իրանի համար։

Արդյոք կկարգավորվեն Իրան-ԱՄՆ հարաբերությունները Թրամփի նախագահության շրջանում, թե իրավիճակն էլ ավելի կբարդանա։

Իրականությունն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող հակասությունները ունեն պատմական խորը արմատներ և այդ հակասություններին հեշտությամբ վերջ դնելը կամ կարճ ժամանակում հարաբերություններ կարգավորելը իրատեսական չէ։ Վերոբերյալի ապացույցը այժմ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներն են։ Թրամփը Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքական ասպարեզում հայտնվեց որպես ամերիկական պոպուլիզմի վառ օրինակ և իր հետ բերեց նաև քննարկումների և հակասական հարցերի մի հսկա տարափ։ Այժմ Թրամփը տարբեր պատճառներով հասել է իշխանության և քննարկումների հիմնական առարկան դարձել է այն, թե ի՞նչ հետևանքներ կունենա Թրամփի նախագահությունը ԱՄՆ-ի համար։ Իրանի հետ կապված խնդիրը այս կոնտեքստի միայն մի մասն է կազմում։

Անցած տասնհինգ տարիների ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներին մշտապես ուղեկցել են տնտեսական լուրջ խնդիրները։ Շատ հաճախ այդ խնդիրների հիմնական պատճառ են հանդիսացել Իրաքում և Աֆղանստանում ընթացող պատերազմները, որոնք ԱՄՆ-ից մեծ ռազմական ծախսեր էին պահանջում։ Մյուս կողմից ԱՄՆ հասարակության մեջ ավելի է խորացել խավային շերտավորումը, ինչը նույնպես բավականին լուրջ խնդիր է արդի ժամանակներում։ Հասարակական նման շերտավորումը, որ ԱՄՆ-ի պատմության մեջ աննախադեպ բնույթ է կրում, այդ երկրի ժողովրդի մոտ որոշակի պահանջներ է ի հայտ բերել։ Թրամփը լավ է հասկացել, թե ինչ է պահանջում ԱՄՆ ժողովուրդը և իր քաղաքական կարգախոսները ընտրել է նրանց պահանջները հաշվի առնելով։ Ինքնին հասկանալի է, որ խնդիրներով լեցուն հասարակությունը ստեղծված պայմաններում ոգևորվել է նման կարգախոսներից և քվեարկել Թրամփի օգտին՝ հավատալով, որ նա կարող է լուծել ԱՄՆ-ի առջև ծառացած խնդիրները։

Թրամփի հաղթանակի ևս մեկ կարևոր նախադրյալներից է նրա նախընտրական կարգախոսների ձևակերպումը։ Նա իր կարգախոսները ձևակերպում էր ժողովրդական լեզվով, ինչը անկասկած նրան առավելություն էր տալիս Քլինթոնի նկատմամբ։ Ամերիկայի շատ նահանգների ժողովուրդը մեծ հետաքրքրություն չունի դեպի արտաքին քաղաքականությունը, այլ մեծապես կենտրոնացած է դեպի առօրեական խնդիրները։ Իհարկե ասվածը չի վերաբերում մեծ քաղաքներին՝ օրինակ Վաշինգտոնին կամ Սան Ֆրանցիսկոյին։ Թրամփը շատ լավ էր հասկանում այս ամենը և կարողացավ օգտվել ստեղծված իրավիճակից՝ մարդկանց ավելի իրատեսական ծրագրեր ներկայացնելով և նրանց թաքնված հույզերի մասին բացահայտորեն խոսելով։ Այսպիսի գործելակերպը մեծ արձագանք ունեցավ ԱՄՆ-ի ժողովրդի շրջանում և Թրամփի հաղթանակի հիմնական պատճառը դարձավ։

Հատկանշական է, որ անցած տարիների ընթացքում ինչպես Օբամայի, այնպես էլ իր նախորդ Ջորջ Բուշի օրոք ԱՄՆ-ը բավականին մեծ տնտեսական խնդիրներ ուներ։ Ջորջ Բուշի նախագահության շրջանում նման խնդիրները մեծապես կապված էին Իրաքի պատերազմի հետ։ Բուշի կառավարության առանձնահատկություններից մեկն այն էր, որ  ԱՄՆ-ը մեծապես վարում էր առանձին արտաքին քաղաքականություն և հաշվի չէր նստում իր դաշնակից պետությունների հետ։ Նույն իրավիճակը ստեղծվեց իրաքյան պատերազմում, որտեղ ԱՄՆ-ի հետ համագործակցեց միայն Բրիտանիան, իսկ մյուս եվրոպական երկրները հրաժարվեցին ստանձնել հյուծիչ պատերազմի ահռելի ծախսերը։

Ջորջ Բուշի նախագահության շրջանում միջին արևելքում տեղի ունեցան բազմաթիվ անհավատալի ոճրագործություններ։ Անկասկած ժամանակի սարսափելի իրականությունն էր, որ ծնեց ահաբեկչական շարժումները որոնք ներկայումս կեղեքում են հազարավոր անմեղների։ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը Միջին Արևելքի տարածաշրջանում ոչ մի լավ բանի չի հանգեցրել մինչ այժմ և սա անհերքելի փաստ է։ Այժմ էլ ԱՄՆ քաղաքական շրջանակներում Օբամայի վարած արտաքին քաղաքանակությունը բազմիցս քննադատությունների է ենթարկվում։ Ամերիկայի բազմաթիվ քաղաքական գործիչներ տարբեր կերպ հարցականի տակ են դնում Օբամայի գործելակերպը։ Սակայն պետք է նշել, որ ԱՄՆ քաղաքական վերնախավը դեռևս հստակ կողմնորոշում չունի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված հարցերում, քանի որ նրա պաշտոնավարման սկզբունքներին առայժմ ծանոթ են միայն վերջինիս կողմից արված հայտարարությունների միջոցով։ Թրամփի մասին հիմնական կարծիք կկազմվի միայն այն բանից հետո, երբ նա ստանձնի ԱՄՆ-ի ղեկավարությունը։

Ինչևիցե, այժմ Բարաք Օբաման լքում է Սպիտակ տունը։ Նրա պաշտոնավարման տարիներին ԱՄՆ-ը մշտապես փորձում էր խուսափել ուղղակի պատերազմներից։ Օբաման փորձում էր ԱՄՆ-ի բոլոր խնդիրները դիվանագիտական ճանապարհով հարթել։ Նրան հաջողվեց որոշ չափով կարգավորել ԱՄՆ-ի երկու պատմական լուրջ խնդիրները։ Առաջինը Իրանի հետ կապված միջուկային հարցերն էին, իսկ երկրորդը՝ Կուբայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը։  Նա նաև պատմական այց կատարեց դեպի Հիրոսիմա քաղաք։

Այնուամենայնիվ անհերքելի է մնում այն փաստը, որ Միջին Արևելքի տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական և ռազմական վայրիվերումները ԱՄՆ-ի երկդիմի և ագրեսիվ քաղաքականության արդյունքն են։ Ամերիկայի ձեռնարկած ամենամեծ ավանտյուրան 2003 թվականին Իրաքի վրա հարձակվելն էր, որից հետո տարածաշրջանում սկսեցին ձևավորվել ահաբեկչական բազմաթիվ խմբավորումներ։ Այժմ այնպիսի ժամանակներ են վրա հասել, որ պետությունները միմյանց դեմ պատերազմում են երրորդ պետության միջոցով։ Այս ամենը հաշվի առնելով սպասվում է, որ ԱՄՆ նոր նախագահը իր քաղաքականությունը կվարի հետևյալ սկզբունքների հիման վրա․ առաջին՝ քաղաքականությունը չպետք է վնասակար լինի մարդկության համար, երկրորդ՝ անհրաժեշտ է մշտապես կշռադատել վարվելիք քաղաքականության դրական և բացասական կողմերը և երրորդը, որ ԱՄՆ-ն  աշխարհի խնդիրների լուծման ճանապարհը չէ, այլ այդ խնդիրների բաղկացուցիչ մասը։․

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ԱՄՆ-ի ընտրությունների և այդ երկրի վարած քաղաքականության վերաբերյալ ասել է․«Ի տարբերություն ոմանց, մենք Ամերիկայի ընտրությունների արդյունքներից ո՛չ կուրախանանք և ո՛չ էլ կանհանգստանանք, քանի որ մեզ համար կապ չունի թե ով է ղեկավարում այդ երկիրը, կարևորը այն է, որ ամենակարող Աստված մեզ հետ է, և նրա զորությամբ մենք պատրաստ ենք դիմակայել ամեն ինչի։ Ամերիկայի ընտրությունների վերաբերյալ մենք ոչ մի մեկնաբանություն չունենք․ Ամերիկան այն նույն Ամերիկան է, որ անցած 37 տարիների ընթացքում չի փոխվել՝ անկախ նրանից, որ կուսակցությունն է իշխանության գլուխ կանգնած եղել»։

Ամփոփելով նշենք, որ Իրանի ժողովուրդը մշտապես դիմակայել է բոլոր տեսակի սպառնալիքներին և լարված իրավիճակներին։ Եթե ԱՄՆ ներկայիս քաղաքականությունը շարունակություն ունենա, ապա իրանցիները պետք է միահամուռ ուժերով պայքար մղեն ԱՄՆ-ի  իմպերիալիստական զեղումները հաղթահարելու համար։