Հունիս 12, 2017 15:29 Asia/Tehran

Ահաբեկչությունը վերածվել է ամբողջ աշխարհի ու մարդկության թշնամու:  Օգտվելով ամեն տեսակի բռնությունից ու խոշտանգումներից և շահագործելով կրոնական սկզբունքները, այս երևույթը վտանգի տակ է դրել համաշխարհային անվտանգությունը: Եվ այս պայմաններում ավելի քան անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարում համաշխարհային համագործակցություն:

 Անցած շաբաթ Աֆղանստանի Քաբուլում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ մարդիկ: Press TV հեռուստաընկերության օպերատորը նույնպես զոհվեց: Հաբիբոլլա Հոսեյնզադեն, ով պայթյունի ժամանակ գտնվում էր դեպի հեռուստատեսության գրասենյակ տանող ճանապարհին, մահացավ ուժգին պայթյունի հետևանքով: Հոսեյնզադեն 6 օր շարունակ գտնվում էր անհետ կորածների ցուցակում, սակայն 6 -օր հետո նրա դին հայտնաբերվեց:  Press TV հեռուստաընկերության անձնակազմը ցավակցություն հայտնեց Հոսեյնզադեի ընտանիքին: Հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ ասված էր. "Նման ահաբեկչական գործողությունները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանի և արևմտյան որոշ երկրների հովանավորությամբ,  սպառնալիքի տակ են դրել անմեղ մարդկանց խաղաղությունն ու ավտանգությունը: Սակայն Press TV  և մյուս անկախ լրատվամիջոցները շարունակելու են իրենց աշխատանքը: Հաբիբոլլա Հոսեյնզադեն  միացավ բոլոր նահատակներին, ում քաջությունն ու նվիրվածությունը վառ կմնան մեր հուշերում:


Նահատակ Հաբիբոլլա Հոսեյնզադե

 

Դեպքից հետո ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը նույնպես դատապարտեց այս ահաբեկչական գործողությունը, ցավակցություն հայտնելով Հոսեյնզադեի ընտանիքին և Իրանի լրատվական դաշտի բոլոր աշխատողներին: Իրականությունն այն է, որ Սիրիայից հետո Աֆղանստանն այսօր ամենավտանգավոր երկիրն է լրագրողների համար: 2016թ. տվյալների համաձայն` այս երկրում արտաքին ու ներքին լրագրողներն աշխատում են չափազանց վտանգավոր պայմաններում: Նրանց համար մեծ վտանգ են ներկայացնում Ալ Ղաիդան, ԻԼԻՊ-ը և մյուս զինված խմբավորումները: 2017թ. մայիսի 31-ին Քաբուլի Վազիր Աքբար Խան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց ավելի քան 80 և վիրավորվեց 400 մարդ: Աֆղանստանի ՆԳ նախարարության խոսնակի ասելով, պայթյունն այնքան հզոր էր, որ դրա հետևանքով ոչնչացվեց կամ վնասվեց 30 մեքենա և կոտրվեցին մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող խանութների, ռեստորանների և շինությունների ապակիները: Վնասվեց նաև ԻԻՀ լրատվական ծառայության գրասենյակը, դեսպանատան շենքն ու դեսպանի կեցավայրը:  

 


2017թ մայիսի 31-ի Քաբուլի պայթյունը

 

2016թ. Աֆղանստանում աշխատող լրագրողների համար շատ վտանգավոր տարի էր: Այդ տարվա ընթացքում Աֆղանստանում զոհվեց 15 լրագրող: 2001թ. առ այսօր այս երկրում զոհվել է  63 արտաքին ու ներքին լրագրող: Անցած տարի առաջին զոհը եղավ Քաբուլում "Հարաթի" հեռուստաընկերության տնօրենը: Այնուհետև թալիբները սպանեցին լրատվական գործակալություններից մեկում աշխատող 7 անձի: Դրանից հետո, տարբեր ահաբեկչական գործողությունների հետևանքով սպանվեցին մեծ թվով լրագրողներ: Այս վիճակն այնքան մտահոգիչ էր, որ խոսքի ազատության պաշտպանների ասոցիացիան` Ifex-ը, որին անդամակցում են 118 կազմակերպություններ, Աֆղանստանի կառավարությանը կոչ արեց արագացնել լրագրողների սպանությունների կապակցությամբ իրականացվող հետաքննությունները: Կազմակերպությունը Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին հղած նամակում պահանջեց ներկայացնել այդ երկրում աշխատող լրագրողների վիճակի մասին զեկույց: Ifex-ը հայտարարել է, որ 2006-2017 թ աշխարհի տարբեր երկրներում սպանվել    է 900 լրագրող կամ լրատվական դաշտի աշխատող: Իսկ հանցագործների 90 տոկոսը մնացել է անպատիժ: Աֆղանստանում լրագրողների կենտրոնի ասելով  2001-2016թթ. սպանվել է 72 լրագրող և ոլորտի այլ աշխատող, իսկ հանցագործները դեռևս չեն պատժվել:

 

Աշրաֆ Ղանիին հղած նամակում Ifex-ը հայտարարել է. "Քանի դեռ հանցագործները չեն պատժվել, այս վիճակը շարունակվելու է": " Լրագրողներ առանց սահմանի" կազմակերպությունը հայտարարել է, որ 2016թ. ամբողջ աշխարհում 57 լրագրող սպանվել է աշխատանքի պահին: Կազմակերպությունը հայտարարել է, որ 2016թ Սիրիայում սպանվել է 19, Աֆղանստանում` 10, Մեքսիկայում` 9 և Իրաքում` 5 լրագրող: 2015թ. սպանվել է  ավելի քան 67 լրագրող: Նրանց մեծ մասը սպանվել են Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Բուրունդիում: Զեկույցի համաձայն` եթե այս լրագրողները չաշխատեին նման վայրերում, հնարավոր չէր լինի ճիշտ ինֆորմացիա ունենալ այդ երկրներից: Իսկ Աղֆանստանում բոլոր լրագրողները հարձակման են ենթարկվել մասնագիտական աշխատանքի պատճառով: 1966թ, սրանից մոտ 50 տարի առաջ, սպանվեց Լիբանանի «Ալ Հայաթ» թերթի գլխավոր խմբագիր Քամել Մարվեն: Նրա մահվան  կապակցությամբ էմամ Մուսա Սադրը գրեց. «Եղբայրնե՛ր, ազատությունը լավագույն միջոցն է` մարդկային բոլոր կարողությունները կազմակերպելու համար: Ոչ ոք չի կարող ծառայել ազատությունից զրկված հասարակության մեջ: Ոչ ոք չի կարող նման պայմաններում ցույց տալ  իր կարողությունները: Ազատությունը լավագույն միջոցն է, որպեսզի մարդկային կարողությունները ծառայեցվեն մարդկությանը: Ազատություն, այսինքն` հարգել մարդկային արժանապատվությունը: Իսկ հակառակը նշանակում է  կասկածել մարդու կարողությունների վրա և նվաստացնել նրա արժանապատվությունը: Ազատությունը յուրաքանչյուր լրագրողի իրավունքն է և հասարակությունը պետք է հարգի այն: Ազատությունն անհրաժեշտ է, որպեսզի լրագրողն աշխատի: Ազատությունը սահմանափակություն չի ճանաչում և ոչ էլ ավարտվում է: Լիարժեք ազատությունը նույն արդարությունն է: Այն արդարությունը, որն Աստծո կողմից  է և որի համար որևէ սահման նշված չէ: Իսկ իրական ազատությունը նշանակում է  զերծ մնալ արտաքին ու ներքին ճնշումներից: Իմամ Ալին ասում է, որ ազատ մարդը նա է, ով հրաժարվում է ցոփությունից: Եղբայրներ, լրագրողները չպետք է վիրավորվեն կամ ճնշման ենթարկվեն, չպետք է ապրեն աղքատության մեջ և սպանվեն: Սպանությունը նպատակին հասնելու ամենադատապարտելի ձևն է: Եվ որևէ նպատակ չի կարող արդարացնել սպանությունը: Խարդախությունը և  սպանությունը, կրոնի և մարդու խղճի տեսակետից հանցագործություն է: Աստված ողորմի քեզ, Աբու Ջամիլ: Դու ընդունեցիր մահը: Սակայն դա դեռ ավարտը չէ: Մահը հավատացյալի համար երկրից երկինք տեղափոխվելն է և այդ անսահման տարածքում բնակվելը: Մահով փշրվում են շղթաները: Մահը ծնունդ է և ոչ թե ոչնչացում: Իսկական կյանքը սկսվում է մահից հետո: Մահը և վերակենդանացումը նման են զարգացման ու առաջխաղացման: Ոչ մի առաջխաղացում տեղի չի ունենում առանց մահվան: Մարդու իրական զարգացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նա անցում կատարի այն փուլից որ ապրում է, մեկ այլ փուլ: Մարդկային բջիջները մահից հետո դառնում են միտք ու մտածողություն: Մահը կատարյալին հասնելու ճանապարհին է և առաջխաղացման ու հավերժության սկիզբը և ճշմարտությունը գտնելու ուղին ». ասել է նա:

 

 

 


 

 


 

Պիտակ