Նվիրված Իրանցի արվեստաբան և նկարիչ Ալի Աքբար Թաջվիդիի հիշատակին
Ալի Աքբար Թաջվիդին երկար տարիներ Իրանի արվեստի ոլորտում հետազոտություններ անցկացրեց` խորապես ուսումնասիրելով Իրանի արվեստի անցյալը և արդի ժամանակները:
Շատ կարևոր է ուսումնասիրությունն այն մեծերի մասին, ովքեր ոչ մի ջանք չեն խնայել Իրանի ազգային ու մշակութային ինքնությունը պահպանելու ուղղությամբ: Հատկապես գեղանկարչության ոլորտում նրանց աշխատանքը մեծ ուշադրության է արժանի: Այս մեծերին ճանաչելը նպաստում է իրանա-իսլամական արվեստների զարգացմանը և Իրանի մշակութային ինքնության ամրապնդմանը: Ավանդական արվեստների, հատկապես` գեղանկարչության մեջ, շատ կարևոր են երկու գործոններ` կրթությունը և տաղանդը: Այս երկու գործոններն ի հայտ են եկել բոլոր այն արվեստագետների կյանքում, ովքեր մեծ դերակատարություն են ունեցել իրանական մշակույթի զարգացման գործում: Հին ժամանակներում Իրանում որդիները շարունակում էին հայրերի աշխատանքը: Մանկուց, որպես սան սովորելով իրենց հոր մոտ, հետագայում նրանք դառնում էին մեծ վարպետներ: Եվ այսպես շարունակ: Սա նկատելի է բոլոր այն գերդաստանների պատմության մեջ, ովքեր զբաղվել են արվեստով: Այդ գերդաստաններից է Թաջվիդի գերդաստանը: Վարպետ Հադի Թաջվիդին եղել է Թեհրանի նկարչական դպրոցի և "Հին արհեստների" դպրոցի հիմնադիրներից: Նա աշակերտել է մեծ նկարիչ Քյամալ-օլ- Մոլքի մոտ: Իսկ երաժշտության ոլորտում սովորել է Դարվիշ խանի մոտ: Նրա որդիները` Ալի, Մոհամմադ և Ալի Աքբար Թաջվիդիները, երաժշտության ու գեղակարչության դասեր են ստացել իրենց հորից: Իսկ Մոհամմադ Քազեմ և Մոհամմադ Մեհդի Թաջվիդիները, ինչպես իրենց եղբայր` Հադի խանը, գեղանկարչության ոլորտում հասան վարպետության աստիճանի: Մոհամմադ Մեհդին ոչ միայն գեղանկարիչ էր ու երաժիշտ, այլ նաև բանաստեղծ: Նրա ամենահայտնի գործերից են իսլամի իմամներին պատկերող գեղանկարները, որոնք կարևոր արժեք են ներկայացնում իսլամական արվեստում:
Ալի Աքբար Թաջվիդին Հադի Թաջվիդիի որդին է, ով եղել է հնեաբան, և գեղանկարիչ: Նա երկար տարիներ հիվանդությունից հետո 2017 թվականի հունիսի 10-ին մահացավ Փարիզում:
Նա ծնվել է 1926թ.: Եղել է Քյամալ օլ Մոլքի սաներից: Նա համարվում է Թաջվիդի գերդաստանի ամենակարկառուն դեմքերից մեկը: Նա լրջորեն ուսումնասիրել է Իրանի գեղանկարչության պատմությունը: 1973թ հրատարակել է "Իրանական գեղանկարչությունը հին ժամանակներից մինչև սեֆևյան ժամանակաշրջան " գիրքը: Բազմաթիվ հոդվածներ է հրապարակել մշակույթի ու արվեստի մասին: Հեղինակել է շատ կարևոր գիրք` "Իրանական գեղանկարչությունը սկզբից մինչև 18-րդ դար": Այս գիրքը առաջին մասնագիտական գիրքն է`Իրանի գեղանկարչության մասին, որում հեղինակն անդրադարձել է Իրանում գեղանկարչության զարգացման ընթացքին` սկսած Լոռեստան նահանգի ժայռապատկերներից մինչև 18-րդ դար: Իրանի մեծ նկարիչ Մահմուդ Ֆարշչյանը իրեն համարում է նրա աշակերտը: Նա ասում է, որ այն ինչ ունի, ձեռք է բերել Թաջվիդիի խորհուրդների շնորհիվ: Ֆարշչյանն ասում է."Մենք շատ էինք զրուցում գեղանկարչության մասին: Նրա հայրը վերակենդանացրեց Իրանի գեղանկարչությունը: Իսկ Ալի Աքբար Թաջվիդիի մեջ կարելի էր տեսնել ոչ միայն նկարչի, այլ վեհ առանձնահատկություններով օժտված մի մարդու": Արվեստաբան Մուհամմադ Ալի Ռաջաբին նշում է. "Ալի Աքբար Թաջվիդին եզակի վարպետ էր: Նա և' նկարիչ էր, և' մանրանկարիչ, և' երաժիշտ, և' պատմաբան: Նա լավագույն հետազոտություններն է անցկացրել Իրանի արվեստի և իմաստնության մասին, տիրապետելով արաբերեն լեզվին և սովորելով այնպիսի վարպետների մոտ, ինչպես` Ալլամե Թաբաթաբային": Համալսարանի դասախոս` Հոսեյն Հալիմիի ասելով. "Իրանի հեղափոխությունից առաջ երկրի արվեստի մասին աղբյուրները շատ չէին: Երբ ծանոթացա Թաջվիդիի հետ, նա արդեն հրատարակել էր "Հայացք Իրանի արվեստին" գիրքը: Իրանի հեղափոխությունից հետո կարիք զգացի վերահրատարակելու այդ գիրքը: Իսկ այսօր այն համարվում է կարևոր աղբյուր` Իրանի արվեստը ճանաչելու համար: Ալի Աքբար Թաջվիդին, լինելով ավանդական արվեստի ջատագովներից, հետևում էր մոդեռն արվեստին, ընդունելով արվեստի ոլորտի նորարարությունները:
Ալի Աքբար Թաջվիդին մի հարցազրույցում ասել է. "Հիմա, ով ներկայացնի մի ստեղծագործություն և արժանանա թանգարանների տնօրենների ուշադրությանը, նրա ստեղծագործությունը կհամարվի արվեստի կոթող: Իսկ մարդիկ, որպեսզի չմեղադրվեն անգրագիտության մեջ, կընդունեն այն: Այսօր ժամանակակից արվեստները չունեն որևէ չափորոշիչ, ինչը չի համապատասխանում մոդեռն և մինիմալիստական արվեստների չափանիշներին: Որովհետև վերջիններում ամեն դեպքում կարելի է տեսնել որոշակի չափորոշիչներ: Հենց այդ պատճառով էլ ներկա դրությամբ արդի արվեստի մասին գոյություն չունի որոշակի հասկացություն": Նրա ասելով.`"Ժամանակակից արվեստն արտասահմանում հասունացել է, լինելով որոշակի խմբի զգացմունքների արդյունք, ովքեր գուցե նույնիսկ արվեստագետ չեն եղել: Այսօր աշխարհը փնտրում է հատուկ նմուշ, որպեսզի դրանով ներկայացնի արվեստը և ճշտորոշի դրա սահմանները: Սակայն այսօր մեզ համար շատ կարևոր է արվեստագետների գիտելիքը, որպեսզի ճիշտ կերպով ներկայացնեն արվեստը: Թվում է, որ այսօր, առավել քան երբևէ, զգացվում է նման արվեստագետների կարիքը:
Ալի Աքբար Թաջվիդիի հոդվածների մեծ մասը հրապարակվել են 60-70-ական թթ.: 1968թ. մասնակցել է Հնեաբանության և արվեստի 5-րդ համաշխարհային կոնգրեսի գրքի հրատարակման աշխատանքներին: 1960թ. եղել է Թեհրանի երկրորդ Բիենալեի քարտուղարը: Տիրապետել է ֆրանսերենին: Ֆրանսերենով հրատարակել է 2 գիրք` մեկն Իրանի արվեստի մասին և Հաֆեզի գազելները: Հեղափոխությունից հետո դասավանդել է Թեհրանի արվեստի համալսարանում, իսկ կյանքի վերջին տարիներին ապրել է Փարիզում: Համագործակցել է իրանցի գեղագիրների և Փարիզում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ: Իսկ այն օրերին, երբ Իրանի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունները լարված էին, պարտավորված մնաց Փարիզում Իրանի դեսպանատանը, քանի որ աշխատակիցներին թույլ չէր տրվում դուրս գալ դեսպանատնից: Այնտեղ նա խաղաղություն էր պարգևում գործընկերներին։
Իրանի արվեստի ակադեմիայի` Ալի Աքբար Թաջվիդիի մահվան առիթով հղած ցավակցական ուղերձում ասվում է. "Լինելով Իրանի արվեստի ակադեմիայի մշտական անդամ, մեծ արվեստագետն իր մահվամբ խոր վիշտ պատճառեց Իրանի արվեստասեր հասարակությանը": Նրա հրատարակումները մեծ ազդեցություն են թողել Իրանի մշակույթի ու արվեստի զարգացման վրա: Իսկ Թաջվիդի գերդաստանը մեծ դերակատարություն է ունեցել Իրանի արվեստը համաշխարհայնացնելու գործում:
Ալի Աքբար Թաջվիդիի կտակի համաձայն` չորեքշաբթի օրը նրա դին տեղափոխվեց Իրան և հողին հանձնվեց Թեհրանում: Բյուր հարգանք նրա հիշատակին։