ՇՀԿ-ին Իրանի անդամակցության կարևորությունը
Առաջիկայում Իրանը պաշտոնապես կդառնա Շանհայի Համագործակցության Կազմակերպության(ՇՀԿ) մշտական անդամ: Կազմակերպությունը ստեղծվել է 2001 թվականին՝ անվտանգության, տնտեսական և մշակութային բազմակողմ համագործակցության համար։
ՇՀԿ անդամ երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Իրանի պաշտոնական անդամակությունը հաստատվեց կազմակերպության ղեկավարների նախորդ հանդիպմանը: Իսկ ԻԻՀ նախագահ Էբրահիիմ Ռայիսիի Ուզբեկստան կատարած այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը ստորագրեցին անդամակցության պարտավորությունների մասին փաստաթուղթը:
ՇՀԿ նիստերը սովորաբար անցկացվում են երկու փուլով: Առաջին փուլում ներկա են միայն հիմնական անդամները: Իսկ երկրորդ փուլը, որն անցկացվում է երեկոյան, հրապարակային է ու բաց՝ դիտորդ կամ գործընկեր երկրների մասնակցությամբ:
Անցնելով դիտորդ անդամից մշտական անդամ դառնալու ուղին, Իրանն այսուհետ ունի նաև քվեարկելու իրավունք: ՇՀԿ-ին անդամակցությունը, որի երկու հիմնական և մշտական անդամներն են Չինաստանն ու Ռուսաստանը և որոնք ունեն վետոյի իրավունք, շահավետ է Թեհրանի համար:
ՇՀԿ ներսում գործող մեխանիմզմի համաձայն՝ եթե որևէ երկիր ցանկանում է դառնալ կազմակերպության անդամ, պետք է ստանա բոլոր մշտական անդամների համաձայնությունը: Դա մեծ հնարավորություն է Իրանի համար և մեծացնում է երկրի դերը տարածաշրջանում և աշխարհում:
ՇՀԿ-ն միայն տնտեսական կազմակերպություն չէ: Կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակ որոշումներ են կայացվում ահաբեկչության և թմրանյութերի արտադրության և թրաֆիքինգի դեմ համատեղ պայքարի, ինչպես նաև գիտական ու ակադեմիական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Իսկ բանկային հարցերով զբաղվող հանձնաժողովի առկայությունը, ազգային արժույթի կիրառմամբ իրականացվող առևտուրը և անդամ երկրներում որոշ տնտեսական նախագծերի ֆինանսական վերականգնումը Շանհայի կազմակերպությունը վերածել են բազմաբնույթ կազմակերպության։
Անդրադառնալով այն հարցին, թե ՇՀԿ-ն ինչպես է փորձում հրաժարվել առևտրում դոլարի կիրառումից, գլխավոր քարտուղար Չժան Մինգն ասել է. «Մենք փորձում ենք անդամների միջև առևտուրը դոլարի փոխարեն իրականացնել ազգային արժույթներով։ Շատ կարևոր է, որ այս գործընթացը տեղի ունենա հանգիստ և առանց պարտադրանքի»:
Նշելով, որ ՇՀԿ անդամները պատրաստ են առևտուրն իրականացնել ազգային արժույթներով, ՇՀԿ-ում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիյար Խակիմովն ասել է. «Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները լրջորեն են վերաբերվում ազգային արժույթով առևտրի իրականացման գաղափարին»։
Անդամ երկրների հետ մշակութային ու զբոսաշրջային ոլորտներում համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի Իսլամական Հանրապետության մշտական անդամակցության մյուս ձեռքբերումն է։ Հարկ է նշել, որ ամեն տարի, անդամ երկրներից մեկի որևէ քաղաք ընտրվում է որպես կազմակերպության զբոսաշրջության մայրաքաղաք: Իսկ Իրանի համար, որը հնագույն պատմություն և քաղաքակրթություն ունեցող երկիր է, ունի պատմական քաղաքներ և մշակութային ժառանգություն, սա հնարավորություն է, անդամ երկրների հետ մշակութային հարաբերություններից բացի բարձրացնել զբոսաշրջության ոլորտում զբաղվածության մակարդակը:
ՇՀԿ գագաթնաժողովի համակարգող կոմիտեի քարտուղար Քիային ասում է. «ՇՀԿ-ն ակտիվ է տարբեր ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակութային և տնտեսական ոլորտները: Իսկ Իրանի քաղաքներից մեկի ընտրությունը որպես ՇՀԿ զբոսաշրջության մայրաքաղաք, կխթանի զբոսաշրջությունը»:
Արևմուտքում փորձում են ՇՀԿ-ն ներկայացնել որպես արևելյան ՆԱՏՕ, ինչը չի համապատասխանում իրականությանը և հակասում է կազմակերպության ձևավորման նպատակներին: Որովհետև կազմակերպության ապագայի տեսլականն անդամների ավելացումն ու աշխարհագրական տարածքի ընդլայնումն է՝ հիմնված խաղաղության և համագործակցության վրա:
ՇՀԿ-ն շարժվում է դեպի մերձեցում՝ չեզոքացնելով տարաձայնությունները: Իսկ «Արևելյան ՆԱՏՕ» որակումը խաղաղ հարաբերություններն ու կառուցողական համագործակցությունը տանում է դեպի քաղաքական բևեռացում և միջազգային հակամարտություններ ու վեճեր: Սակայն կազմակերպության անդամ երկրներին հաջողվել է կոնվերգենցիայի միջոցով բանավեճը շեղել այդ ուղուց:
Մյուս կողմից, ՇՀԿ-ին Իրանի մշտական և հիմնական անդամակցությամբ և ավելի շատ երկրների հետ հարաբերությունների սերտացմամբ, Թեհրանը դառնում է ակտիվ դերակատար միջազգային փոխգործակցության և առևտրային փոխանակումների նոր հարթություններում:
Շանհայի գագաթնաժողովի համակարգող կոմիտեի քարտուղար Քիային ասում է. «ՇՀԿ-ն զգալի առաջընթաց է գրանցել ռեգիոնալիզմի և տնտեսական ոլորտներում, և կազմակերպության հիմնական անդամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ Իրանի տնտեսական հարաբերությունները մեծացրել են անդամների միջև մերձեցումը և ակտիվացրել կազմակերպության աշխատանքը»:
ՇՀԿ-ն միայն փակ կազմակերպություն չէ: Այն ապահովում է մշտական անդամ պետության զարգացումը և ստեղծում է փոխգործակցության, նոր համաձայնագրերի ստորագրման և աշխատանքային խմբերի ձևավորման հնարավորություն, որպեսզի անդամ երկրները կարողանան ընդլայնել իրենց հետաքրքրությունների ոլորտները և նոր լուծումներ գտնել ապագա տեսլականի սահմանման համար: Իսկ ներդրումներ կատարելը և ներդրողների ներգրավումը, էներգիայի արտադրությունն ու տարանցումը նոր հեռանկարներ են և լավ տնտեսական հնարավորություններ։
Հյուսիս-Հարավ և Արևելյան միջանցքների նախագծերի գործադրումը և Չինաստանի, Հնդկաստանի ու Պակիստանի հետ Իրանի կապը կազմակերպությանը մշտական անդամակցության արդյունքում կխորանա:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասում է. «Կազմակերպության քարտուղարության շրջանակներում Իրանի լիիրավ անդամակցության վարչական գործընթացն ընթացքի մեջ է և իրականացվում է ճշգրիտ և արագ»:
ՇՀԿ ներկայիս իրավիճակի և աշխարհի անկախ կառավարությունների դեմ ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից պատժամիջոցների կիրառման գործընթացի պայմաններում, կարելի է ասել, որ Իրանի մշտական անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը մեծ ներդրում է այս կազմակերպության համար, քանի որ Իրանի կայուն սկզբունքները համատեղելի են և նույնիսկ լրացնում են Շանհայի նպատակները: Բացի այդ, հաստատելով Իրանի անդամակցությունը, անդամ երկրներն ընդլայնեցին կազմակերպության կարողությունները և ամբողջացրին այս կազմակերպության բազմաշերտ մշակույթը։
Այս երկրների պատմության ու քաղաքակրթության մեջ արմատացած է հեգեմոնիայի ժխտումն ու հավաքական շահերի պահպանումը։ Այս հատկանիշը Շանհայի կազմակերպության անդամների հարաբերությունները վերածել է շահեկան համագործակցության։