ԵԽԽՎ-ից մաքրվում է խավիարի հոտը. Հայաստանի պատվիրակության ղեկավար
https://parstoday.ir/hy/news/armenia-i106424-ԵԽԽՎ_ից_մաքրվում_է_խավիարի_հոտը._Հայաստանի_պատվիրակության_ղեկավար
ԵԽԽՎ-ից մաքրվում է խավիարի հոտը։ Այս մասին ապրիլի 16-ին ճեպազրույցում ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2019 04:56 Asia/Tehran
  • ԵԽԽՎ-ից մաքրվում է խավիարի հոտը. Հայաստանի պատվիրակության ղեկավար

ԵԽԽՎ-ից մաքրվում է խավիարի հոտը։ Այս մասին ապրիլի 16-ին ճեպազրույցում ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ում թեւածում է խավիարի հոտը (նկատի է առնվում Ադրբեջանի տխրահռչակ խավիարային դիվանագիտությունը- խմբ.), պատգամավորը նշել է, որ հոտը շատ թույլ է եւ արագ կօդափոխվի։ «Մանավանդ հիմա ԵԽԽՎ-ում դժվարացել է լոբբինգի եւ կաշառքի գործընթացը։ Համենայնդեպս, այս պահին չի կարելի ասել, թե իրավիճակը նախկինն է»,- նկատել է Ռուբինյանը։

ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, իր հերթին, նկատել է, որ խավիարային դիվանագիտության մասին խոսք լինել չի կարող, քանի որ ադրբեջանական կողմի բացասական վարքը հիշատակվում է տարբեր զեկույցներում։ «Օրինակներից մեկը։ Նստաշրջանից ոչ շատ առաջ Ալիեւը ներում է շնորհել քաղբանտարկյալներին, եւ իրենք՝ ադրբեջանցի իրավապաշտպաններն են դա կապել նստաշրջանի հետ»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը։ Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի շրջանակում գործող ենթահանձնաժողովը մերժել է ադրբեջանական պատվիրակության ներկայացրած՝ կտտանքների դեմ կոմիտեում թեկնածուների ցուցակը. «Հարկավոր էր ներկայացնել 3 մասնագետի թեկնածություն՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորոտում փորձի առկայությամբ։ Թեկնածուներից մեկը ակնաբույժ էր, եւ Ադրբեջանի ներկայացուցիչները անհաջող փորձում էին ապացուցել, թե ինչպես է այդ մարդը պաշտպանում իրավունքները պոլիկլինիկայում։ Դա զայրացրեց հանձնաժողովի անդամներին, եւ վկայում է այն մասին, որ խավիարային դիվանագիտությունը այլեւս չի աշխատում։ Որոշ պատգամավորներ առհասարակ ասում են, թե տանել չեն կարողանում խավիարի հոտը»։  

News.am