ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարություն են տարածել դատարանների արգելափակման և դատաիրավական բարեփոխումների առնչությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i107597-ԵԽԽՎ_համազեկուցողները_հայտարարություն_են_տարածել_դատարանների_արգելափակման_և_դատաիրավական_բարեփոխումների_առնչությամբ
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը հայտարարություն են տարածել դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի առնչությամբ՝ անդրադառնալով նաև Դատական բարեփոխումների անհրաժեշտության մասին վարչապետի հայտարարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2019 15:24 Asia/Tehran
  • ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարություն են տարածել դատարանների արգելափակման և դատաիրավական բարեփոխումների առնչությամբ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը հայտարարություն են տարածել դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի առնչությամբ՝ անդրադառնալով նաև Դատական բարեփոխումների անհրաժեշտության մասին վարչապետի հայտարարությանը:

«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության նկատմամբ: Դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայման է, և օրենքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների միջամտության բացակայությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են համազեկուցողները:

Նրանք նկատում են դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը:

«Դատական բարեփոխումներն առաջնահերթություն են մնում, և մենք ողջունում ենք դատական համակարգի բարեփոխման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած հանձնառությունը, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված, ինչպես նաև այդ հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցելու նրա ցանկությունը»,-նշված է հայտարարությունում:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին կոչ էր արել մայիսի 20-ին  արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը։ Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում ՀՀ վարչապետը հայտարարեց դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու անհրաժեշտության մասին:

Armenpress.am