Համաշխարհային բանկը Հայաստանի բարեփոխումներին կշարունակի աջակցել նաև խորհրդատվական և գիտելիքի գործիքների միջոցով
https://parstoday.ir/hy/news/armenia-i108100-Համաշխարհային_բանկը_Հայաստանի_բարեփոխումներին_կշարունակի_աջակցել_նաև_խորհրդատվական_և_գիտելիքի_գործիքների_միջոցով
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 5-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրենի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Մերսի Թեմբոնին և նոր տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Հունիս 06, 2019 10:48 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկը Հայաստանի բարեփոխումներին կշարունակի աջակցել նաև խորհրդատվական և գիտելիքի գործիքների միջոցով

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 5-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրենի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Մերսի Թեմբոնին և նոր տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ՀՀ փոխվարչապետը բարձր է գնահատել Մերսի Թեմբոնի ջանքերը Հայաստանի և ՀԲ-ի միջև համագործակցության զարգացման գործում՝ հաջողություն մաղթելով նրան իր հետագա առաքելության մեջ: Փոխվարչապետը շեշտել է, որ Համաշխարհային բանկը Հայաստանի ամենակարևոր զարգացման գործընկերներից մեկն է, որի հետ համագործակցությունը ծավալվում է այնպիսի առանցքային ոլորտային ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքները, կրթության, առողջապահության, սոցիալական և հարկային վարչարարության ոլորտներում իրականացվող իրավական ու ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Իր խոսքում Մերսի Թեմբոն գոհունակություն է հայտնել Հայաստանում ՀԲ-ի իրականացրած ծրագրերի հաջող արդյունքների կապակցությամբ: Ընդգծելով, որ ՀԲ-ն գլոբալ նշանակության կառույց է՝ նա նշել է, որ իր հետագա գործունեության մեջ Հայաստանի հետ համագործակցությունից քաղած փորձը շատ օգտակար կարող է լինել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՀԲ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: 2019-2023թթ. Հայաստանի համագործակցության շրջանակի իրականացման համատեքստում կողմերը շեշտել են, որ այն համատեղ աշխատելու լավ հիմք է, որի արդյունքները շատ շուտով արդեն տեսանելի կլինեն:

Ընդգծվել է նաև, որ, վարկավորումից զատ, Համաշխարհային բանկը Հայաստանի բարեփոխումների օրակարգին կշարունակի աջակցել խորհրդատվական և գիտելիքի գործիքների միջոցով: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ջրային ռեսուրսների և հանրային ներդրումների կառավարման ոլորտում համագործակցության ասպեկտներին: Քննարկվել են նաև մի շարք գործող վարկային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը:

Armenpress.am