ՀՀ-ն կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիային. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
https://parstoday.ir/hy/news/armenia-i112574-ՀՀ_ն_կշարունակի_մարդասիրական_օգնություն_ցուցաբերել_Սիրիային._ՄԱԿ_ում_ՀՀ_մշտական_ներկայացուցիչ
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2019 16:12 Asia/Tehran
  • ՀՀ-ն կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիային. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ՀՀ մշտական ներկայացուցիչը խորին մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման հումանիտար հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների և քաղաքացիական բնակչության տեղահանման կապակցությամբ։

«Մհեր Մարգարյանը հատկապես ընդգծեց ռազմական գործողությունների հետևանքով սիրիահայ համայնքի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար առաջացած սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային ոճրագործության վտանգը։ ՀՀ դեսպանի կողմից շեշտվեց Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում հումանիտար գործողություններ իրականացնելու և աջակցություն ցուցաբերելու կարևորությունը՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին։

Կողմերը քննարկեցին այդ ուղղությամբ համագործակցության և ջանքերը համադրելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Armenpress.am