Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա դեկտեմբերին Սլովակիայում. Պոպով
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին, Բրատիսլավայում: Այս մասին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:
Նրա խոսքով, եթե երկու երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնություն տան, ապա հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերին Սլովակիայի մայրաքաղաքում:
«Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք կազմակերպելու այդ հանդիպումը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Բակո Սահակյանի հետ հանդիպման մանրամասներին, ապա Պոպովը տեղեկացրել է, որ հանդիպմանը պատմել են Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների մասին, ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսլականը հումանիտար օգնության այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ:
«Անդրադարձել ենք մասնավորապես լրագրողների փոխանակման, ինչպես նաև երկկողմ ազատազրկվածների խնդիրներին վերաբերող հարցերի: Այդ առումով ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են: Վերջերս մեր եռյակը եղել է նաև Ժնևում, որտեղ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով զրույց ենք ունեցել»,-մանրամասնել է նա:
Հիշեցնենք, այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
Verelq.am