Ուկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է. Լավրով
(last modified Fri, 01 Nov 2024 06:30:20 GMT )
Նոյեմբեր 01, 2024 10:00 Asia/Tehran
  • Ուկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է. Լավրով

Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության շարունակումը տարակուսանք է առաջացնում թուրքական իշխանությունների` ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում օգնելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին: Թուրքական «Hurriyet» թերթին այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ցավոք, Անկարան շարունակում է Կիևի ռեժիմի հետ համագործակցել ռազմատեխնիկական ոլորտում։ Ուկրաինայի զինված ուժերը թուրքական զենքն օգտագործում են ռուս զինվորականների և խաղաղ քաղաքացիների սպանության համար։ Դա չի կարող տարակուսանք չառաջացնել Թուրքիայի ղեկավարության կողմից հնչող միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին», - ասել է նա։

Լավրովը հավելել է` Մոսկվան գնահատում է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն աջակցելու հարցում Թուրքիայի ջանքերը` նշելով, որ հենց թրքական կողմն է 2022 թվականի գարնանը Ստամբուլի հարթակը տրամադրել Կիևի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների համար, նպաստել «հացահատիկի գործարքի» կնքմանը։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը բաց է քաղաքական կարգավորման համար, սակայն խոսքը պետք է վերաբերի ոչ թե ժամանակավոր հրադադարին, այլ հակամարտության ավարտին՝ դրա արմատական պատճառները վերացնելու ճանապարհով: Նա թվարկել է այդ պատճառները` ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի արևելք, Ռուսաստանի անվտանգության կենսական շահերի համար սպառնալիքների ստեղծում, Ուկրաինայում բնակվող ռուսների և ռուսախոս բնակիչների իրավունքների խախտում:

«Այս պահին խաղաղությունը մեր հակառակորդների պլանների մեջ չի մտնում։ Այս տարվա հունիսին նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած խաղաղ նախաձեռնության պատասխանը Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումն էր Կուրսկի մարզ, այլ սահմանամերձ շրջանների օբյեկտների ուղղությամբ օդային հարձակումները: Վաշինգտոնը և նրա դաշնակիցները Կիևին համակողմանի աջակցություն են ցուցաբերում, քննարկում են արևմտյան հեռահար հրթիռներ օգտագործելու հնարավորությունը՝ Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու համար։

Վլադիմիր Զելենսկին չի չեղարկել Մոսկվայի հետ բանակցություններն արգելող իր հրամանագիրը։ Հազիվ թե նման իրավիճակում որևէ երկրի, այդ թվում՝ Թուրքիայի միջնորդական ջանքերը հաջողության հասնելու հնարավորություն ունենան», - ասել Է Լավրովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են ոչ միայն Ուկրաինային հեռահար սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, այլև փաստացի ներքաշվում են ուկրաինական հակամարտության մեջ։ Նա նշել էր, որ նման միջամտությունը կփոխի հակամարտության բնույթը, և Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ ելնելով առաջացող սպառնալիքներից:

 

Պիտակ