Բանակցային սեղանին ունենք ավելի վատ փաստաթուղթ, քան Փաշինյանին «վշտացրած» ժառանգությունն էր
Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը, որի շրջանակներում Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդները հանդիպումներ ունեցան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ քննարկելու կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը:
Իսկ ընթացիկ վիճակի հետ կապված բավականին հետաքրքրիր պատկեր ունենք:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը համանախագահների հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը: Կողմերի ստանձնելիք հանձնառությունների համաչափության ապահովման կարևորությանը Մնացականյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի վերջին Նյու Յորքում համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Սա թույլ է տալիս եզրակացնելու, որ բանակցային գործընթացում հայկական կողմերից և Ադրբեջանից ակնկալինքներն անհամաչափ են և ոչ ի օգուտ մեզ:
Մյուս եզրակացությունը, որ կարելի է անել, այն է, որ մենք ստացել ենք պարզաբանումներ Մադրիդյան սկզբունքների հետ կապված, ինչի կարիքը տեսնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և այդ սկզբունքները ՀՀ կառավարության համար ընդհանուր առմամբ ընդունելի են, քանի որ դրանք շարունակում են հիմք հանդիսանալ բանակցությունների համար: «Մենք ելնում ենք այն բանակցային օրակարգից, որն ունենք սեղանին: Մենք աշխատում ենք փաստաթղթերի հետ, որոնք համաձայնեցված են կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից», - նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն, իր հերթին, ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Այն, ինչ դրված էր Մադրիդյան փաստաթղթերի հիմքում 2008 թվականին, այնուհետև 2010 թվականին դրա վերանայված տարբերակում, այնուհետև Կազանի փաստաթղթում, այդ ամենը մշակվում է, սակայն, ընդհանուր առմամբ, մնում է բանակցությունների հիմք»:
Հաշվի առնելով, որ Կազանյան փաստաթուղթը մերժվել է հենց Ադրբեջանի կողմից, իսկ այսօր Հայաստանը հայտարարում է անհամաչափ պարտավորությունների մասին՝ կարելի է եզրակացնել, որ փաստաթղթում «մշակումներն» արվում են հաշվի առնելով ադրբեջանական կողմի դիրքորոշումները: Այսինքն՝ այսօր մենք բանակցային սեղանին ունենք շատ ավելի վատ փաստաթուղթ, քան այն ժառանգությունը, որ ստացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու այդքան վշտացել:
Armedia.am