ԱԺ-ն քննարկեց օտարերկրացի դատապարտյալների աշխատանքի հնարավորություններին առնչվող հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i112797-ԱԺ_ն_քննարկեց_օտարերկրացի_դատապարտյալների_աշխատանքի_հնարավորություններին_առնչվող_հարցը
ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օտարերկրացի կալանավորված անձանց, դատապարտյալներին, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին առանց լրացուցիչ ընթացակարգերի տարբեր աշխատանքներում ներգրավելու հնարավորություն տալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2019 09:17 Asia/Tehran
  • ԱԺ-ն քննարկեց օտարերկրացի դատապարտյալների աշխատանքի հնարավորություններին առնչվող հարցը

ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օտարերկրացի կալանավորված անձանց, դատապարտյալներին, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին առանց լրացուցիչ ընթացակարգերի տարբեր աշխատանքներում ներգրավելու հնարավորություն տալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

«Ներկայում օտարերկրացիները Հայաստանում կարող են աշխատել աշխատանքի թույլտվության առկայության պայմաններում: Միաժամանակ օտարերկրացիների մասին օրենքը նախատեսում է որոշ բացառություններ, որոնց առկայության դեպքում օտարերկրացին կարող է աշխատել առանց աշխատանքի թույլտվության: Սակայն նշված բացառությունները չեն տարածվում օտարերկրացի դատապարտյալի կամ կալանավորված անձի, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացի անձի նկատմամբ: Իրավունքների համահավասարությունը, նրանց զբաղվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է առանց լրացուցիչ ընթացակարգերի հնարավորություն ընձեռել նրանց ներգրավվել տարբեր աշխատանքներում»,-ասաց Գալյանը:

Նա այդ համատեքստում նկատեց՝ պատժի կատարումն ունի վերասոցիալականացման և անձի օրինապահ վարքագիծը խթանելու նպատակ, անձի ուղղման տեսանկյունից կարևոր է աշխատանքի ապահովումը: Փոխնախարարի խոսքով՝ նման առաջարկի համար նկատի են ունեցել այդ անձանց իրավունքների լրիվ իրացումն ապահովելը: Նախագծի վերաբերյալ կառավարությունը բացասական արձագանքներ չի ստացել:

Armenpress.am