Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահը
https://parstoday.ir/hy/news/armenia-i113080-Պաշտոնական_այցով_Հայաստան_կժամանի_Հունաստանի_նախագահը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով՝ նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2019 09:01 Asia/Tehran
  • Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով՝ նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Հունաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու երկրների նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Հունաստանի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պրոկոպիոս Պավլոպուլոսին կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, ինչպես նաև կհանդիպի հունական համայնքի ներկայացուցիչների հետ: 

Armenpress.am