Սիրիայի հայերի հայրենասիրության մասին հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ. Բաշար Ասադ
https://parstoday.ir/hy/news/armenia-i113112-Սիրիայի_հայերի_հայրենասիրության_մասին_հարցն_ապացուցվել_է_պատերազմի_ժամանակ._Բաշար_Ասադ
Սիրիայի հայերի հայրենասիրության հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ և այդ առումով բոլոր կասկածները ցրվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2019 06:12 Asia/Tehran
  • Սիրիայի հայերի հայրենասիրության մասին հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ. Բաշար Ասադ

Սիրիայի հայերի հայրենասիրության հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ և այդ առումով բոլոր կասկածները ցրվել են:

Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ նշելով, որ Սիրիայի հայերը ինտեգրվել են, սակայն չեն ձուլվել հասարակության մեջ, հաղորդում է ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը:

Ասադի խոսքով՝ հայերը վերջում են միացել սիրիական հանրությանը և առավելապես ունեն հայրենասիրական տրամադրվածություն:

«Հայրենասիրության մասին հարցն ապացուցվել է պատերազմի ժամանակ և այդ առնչությամբ բոլոր կասկածները ցրված են: Միևնույն ժամանակ Սիրիայի քաղաքացիների այդ խումբն ունի իր կազմակերպությունները, իր եկեղեցիները և, ինչն ավելի կարևոր է, իր դպրոցները: Եթե դուք այցելում եք որևէ հայկական տոնախմբություն՝ հարսանիք կամ որևէ այլ միջոցառում, ես ունեմ հայ ընկերներ, և ես այցելել եմ այդպիսի միջոցառումներ, նրանք այդ ժամանակ երգում են իրենց ավանդական երգերը, սակայն հետո նրանք երգում են ազգային երգեր»,- ասել է Ասադը:

Նրա կարծիքով՝ չկա ազատության ավելի մեծ ձև, քան դա է: Եվ հայերը ձուլվել են սիրիական հասարակությունում շատ ավելի պակաս, քան ուրիշ համայնքների ներկայացուցիչները: «Նրանք ինտեգրվել են, սակայն չեն ձուլվել սիրիական հասարակության մեջ, պահպանել են իրենց ինքնությունը»:

Նախագահի կարծիքով՝ դրանից ելնելով՝ իշխանությունները պետք է գործեն հայերի հետ մի մոտեցմամբ, քրդերի հետ՝ մեկ ուրիշ: Իսկ պատճառն այն է, նրա խոսքով, որ վերջիններիս շրջանում կան սեպարատիստական տրամադրություններ: Կան անգամ աշխարհագրական քարտեզներ, որոնք ներկայացնում են Սիրիական Քրդստանը որպես ընդհանուր Քրդստանի մաս: «Մենք իրավունք ունենք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, և խուսափել սեպարատիստական դատողություններից: Մենք խնդիր չունենք այսպես կոչված «սիրիական բազմազանության» հետ: Հակառակը, այն հարուստ է և գեղեցիկ: Սակայն հարստությունն ու բազմազանությունը մի բան է, իսկ առանձնացումն ու երկրի մասնատումը՝ բոլորովին այլ, լրիվ հակառակ պատկեր է: Եվ հենց դա է խնդիրը»,- նշել է Ասադը:

1in.am