«Տարոսը` Սենատին». ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i113895-Տարոսը_Սենատին_._ԱՄՆ_մայրաքաղաք_Վաշինգտոնը_ճանաչեց_Հայոց_Ցեղասպանությունը
ԱՄՆ Կոլումբիայի շրջանային խորհուրդը (Վաշինգտոն) Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, որով ոգեկոչում է Ցեղասպանության 104-րդ տարելիցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2019 08:41 Asia/Tehran
  • «Տարոսը` Սենատին». ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ Կոլումբիայի շրջանային խորհուրդը (Վաշինգտոն) Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, որով ոգեկոչում է Ցեղասպանության 104-րդ տարելիցը:

Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը:

«Խորհուրդը ճանաչում է 1915թ․ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը, խրախուսում է Կոլումբիայի կրթական շրջանակներին ներառել մարդու իրավունքների, Հայոց ցեղասպանության և ցեղասպանության ժխտման հետևանքների մասին դասավանդում»,- ասված է բանաձևում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարաբերությունների հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, որն այժմ բնակվում է Վաշնգտոնում, հորդորում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին շնորհակալական նամակ հղել ամերիկացի գործընկերներին:

«ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի ավագանին 13 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Ամերիկյան Գոհաբանության տոնին ընդառաջ հրաշալի կլինի, եթե Երեւանի ավագանու, կամ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից շնորհակալական նամակ ուղարկվի ամերիկացի գործընկերներին:

Ի դեպ, բանաձեւի տեքստում ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման տարբեր հղումներից զատ, կոչ է արվում Վաշինգտոնի կրթական հաստատություններին ներառել հայոց ցեղասպանության դասավանդումը մարդու իրավունքների համատեքստում», - ասված է Խառատյանի Facebook-յան գրառման մեջ:

Թեմային արձագանքել է նաև Ամերիկայի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը՝ կոչ անելով ԱՄՆ Սենատին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Տարոսը` Սենատին», - ասված է Սարգսյանի Facebook-յան գրառման մեջ:

VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատի բանաձեւը Սպիտակ տան խնդրանքով: Այս մասին նա հայտնել է Axios պարբերականի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Նա ասել էր, որ երբ դուրս է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, Սպիտակ տան աշխատակիցը նրան խնդրել է Սենատ վերադառնալ և արգելափակել բանաձևը՝ պատճառաբանելով, թե Բոբ Մենենդեսը մտադիր է քվեարկության դնել ցեղասպանության բանաձեւը, և հարցրել Գրեմին՝ արդյոք նա կարող է արգելափակել բանաձևը: Սենատորի խոսքով՝ խնդրանքը կատարելու միակ պատճառն այն է, որ Էրդողանը դեռեւս քաղաքում է եղել։

Գրեմը նաև խոստովանել է, որ վատ է զգացել իրեն այդ պատճառով, «որովհետև ինձ դուր է գալիս Բոբ (Մենենդեսը)»։ Սենատորի խոսքով՝ նա չի առարկի հաջորդ անգամ։

Անցած շաբաթ Մենենդեսը և Թեդ Քրուզը նորից ներկայացրել էին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, սակայն այս անգամ բանաձեւն արգելափակվեց Սենատում հանրապետականների մեկ այլ դաշնակցի՝ Դևիդ Փերդյուի կողմից։

verelq.am