Հայաստանում խոսել են ազատորեն զենք կրելու թույլտվության անհրաժեշտության մասին
Ռազմական արդյունաբերության ոլորտում հայ մասնագետները «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղի» 7-րդ բիզնես-ինովացիոն ֆորումի (BIF-2019) ժամանակ քննարկել են զենք կրելու ազատականացման հարցերը ոլորտը զարգացնելու համար:
Instigate-ի ղեկավար Արման Պողոսյանը մատնանշել է ոչ միայն ինովացիոն ռազմատեխնիկա, այլ ինքնաձիգների, փամփուշտների եւ այլ ռազմամթերքների արտադրությունը զարգացնելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նա հետաքրքրվել է, թե կառավարությունում մտադիր չե՞ն արդյոք քայլեր ձեռնարկել զենք կրելը խթանելու համար: «Պարզապես առաջարկ է: Ես կարծում եմ, որ նախարարությունը կարող է խրախուսել զենք կրելը: Մեծ տարբերություն չկա արտադրել ինքնաձիգ կամ այլ տեսակի զենք, սակայն զենքի ձեռքբերումը խթանելու դեպքում արտադրող ընկերությունները միջոցներ կստանան ոչ թե բյուջեից, այլ քաղաքացիներից»,-հայտարարել է Պողոսյանը:
Ռազմական արդյունաբերության պետական հանձնաժողովի նախագահ Ավետիք Քերոբյանը խոստովանել է, որ այդ առաջարկն անձամբ իրեն դուր է գալիս, քանի որ առկա օրենսդրության մեջ սահմանափակումները չեն համապատասխանում իրավիճակին, որում այժմ գտնվում է Հայաստանը: Ընդգծելով, որ երկիրը գտնվում է պատերազմի վիճակում, նա շեշտել է, որ համապատասխան օրենսդրական սահմանափակումները թույլ չեն տա «պատրաստել քաղաքացիական անձանց»: Նա նշել է, որ, օրինակ, դիպուկահարները աշխատանքից ազատվելուց հետո կարող են ձեռք բերել զենք միայն 5 տարի անց: «Այլ կերպ ասած՝ աշխատանքից ազատվելուց հետո հաջորդ օրը պատերազմ սկսվելու դեպքում նա չի ունենա զենք»,-նշել է Քերոբյանը: Նա նշել է, որ օրենսդրական սահմանափակումները մենք ժառանգություն ենք ստացել խորհրդային ժամանակաշրջանից, սակայն այժմ այդ սահմանափակումները կրում են հակակառավարական բնույթ: Նա համոզված է, որ եթե հարցի ազատականացումը խելամիտ չափով կամրապնդի ազգային անվտանգությունը:«Անձամբ ես կարծում եմ, որ երկրի բնակչության կեսը պետք է դեսանտային լինի, իսկ մյուս մասը՝ գրոհիչներ: Մեր հարեւանների նման 200 մլն թշնամի ունենալու դեպքում մեզ անհրաժեշտ է առնվազն ապահովել համապատասխան վերահսկողությունը»,-հայտարարել է նա:
«e-Hayq» ընկերության ղեկավար Վահագն Պողոսյանն ընդգծել է, որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս բոլոր ցանկացողներին ստանալ թույլտվություն զենք կրելու համար: «Մեր երկրում հնարավոր է դառնալ Որսորդների միության անդամ եւ ձեռք բերել ինքնաձիգ, որը ոչնչով չի զիջում մարտական զենքին, սակայն վաճառվում է որպես որսորդական զենք: Մեր խնդիրն այն է, որ մարդիկ չեն ցանկանում գնել զենք: Բացի այդ, երկրում չի արտադրվում որակյալ ինքնաձիգ»,-հայտարարել է նա:
News.am