ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
https://parstoday.ir/hy/news/armenia-i114154-ԱԺ_ն_ամբողջությամբ_ընդունեց_Պետական_սահմանի_մասին_օրենքում_փոփոխությունների_նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2019 08:37 Asia/Tehran
  • ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 4-ի Ազգային ժողովի նիստում այն ընդունվեց միաձայն՝ 112 կողմ ձայնով:

Նախագծով առաջարկվում է ամրագրել լիազորող նորմ, ինչը հնարավորություն կտա համապատասխան տեսչական մարմնին սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնել, և կվերանա օրենսդրական բացը, կապահովվի օրենքում օգտագործվող տերմինները միատեսակ կիրառումը: Ներկայումս գործող օրենսդրության համաձայն` սահմանի անցման կետերում իրավասու մարմինների կողմից արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի տարածման կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող անձանց և բեռների, ապրանքների, ուղեբեռների, փոստային ծանրոցների, մարդկանց դիակների, կոնտեյներների և տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում են վերահսկողության և, անհրաժեշտության դեպքում, առողջապահական միջոցառումներ:

Նշված լիազորությունը նախկինում իրականացվում էր ԱՆ առողջապահության պետական տեսչության կողմից: Ներկա իրավիճակում վերահսկողական ֆունկցիան վերապահված է տեսչական մարմիններին, սակայն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին  որևէ օրենքով սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնելու լիազորություն չի վերապահվել: Հետևաբար, նշված լիազորության օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը հնարավորություն կտա նշված տեսչական մարմնին իրականացնել համապատասխան վերահսկողություն` առաջնորդվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով առաջարկվող նախագծով ամրագրվող նորմը:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է միաձայն՝ 90 կողմ ձայնով:

 Armenpress.am