Այսօր Չարենցավանը կունենա աղբը վերամշակող ռեակտոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i114344-Այսօր_Չարենցավանը_կունենա_աղբը_վերամշակող_ռեակտոր
Մինչ Երևանի քաղաքապետարանը գունավոր տոպրակներ է բաժանում աղբի տեսակավորման համար, հանրապետության մյուս քաղաքներն արդեն գործի են անցել ՝ կենցաղային աղբը վերամշակում են՝ ստանում գազ և էլեկտրաէներգիա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2019 16:17 Asia/Tehran
  • Այսօր Չարենցավանը կունենա աղբը վերամշակող ռեակտոր

Մինչ Երևանի քաղաքապետարանը գունավոր տոպրակներ է բաժանում աղբի տեսակավորման համար, հանրապետության մյուս քաղաքներն արդեն գործի են անցել ՝ կենցաղային աղբը վերամշակում են՝ ստանում գազ և էլեկտրաէներգիա։

Չարենցավանն այսօր կունենա կենցաղային աղբը  վերամշակող ռեակտոր: Մինչև տարեվերջ  աղբ վերամշակող ռեակտորներ կլինեն նաև  Գյումրիում, Վանաձորում և մի շարք այլ համայնքներում: Երևանից միայն Էրեբունի բժշկական կենտրոնն է հետաքրքրվել աղբի վերամշակմամբ:   

Աղբի վերամշակման ռեակտորի շուրջ հետաքրքրությունը ծագեց այն բանից հետո, երբ ֆուտբոլիստ  Դավիթ Դավթյանը Աբովյան քաղաքում օրեր առաջ ներկայացրեց գյուտը ՝ բացելով առաջին աղբը վերամշակող ռեակտորը: Այն ինքնաշեն է ՝ մի քանի  թիթեղյա կտոր, ցեմենտ և արտերկրից ներկրված  ֆիլտրող սարք, ահա և պատրաստ է կենցաղային  աղբը վերամշակող ռեակտորը: Առաջին հայայացքից պարզ թվացող այս գաղափարի հեղինակը  տևական  ժամանակ բնակվել է ՌԴ-ում, այնտեղ էլ անվադողերից է բնական հումք ստացել: Հետո որոշել է գալ հայրենիք և Հայաստանը մաքրել աղբից:

«Ռուսաստանում ապրելու տարիներին հեռուստատեսությամբ հաճախ էի լսել Հայաստանում աղբի խնդրի մասին։ Ութ ամիս առաջ հայրենիք վերադարձա   և անցա գործի : Առաջարկեցի Երևանի քաղաքապետարանին, բայց արձագանք չեղավ: Իսկ Աբովյանի համայնքապետը միանգամից համաձայնեց և մեկ ամսում կառուցեցինք ռեակտորը։ Հիմնական աղբը ամբողջությամբ ուտիլիզացվում է, արդյունքում ստացվում է  հեղուկ գազ։ Հետագայում  գազից հոսանք կստացվի  և կվաճառվի պետությանը, որպեսզի  համայնքի անբարենպաստ    ընտանիքների  կարիքները  հոգան։  Իսկ մոխիրն օգտագործվում է շինարարության մեջ, բարձր որակով է, չի ճաքում»,- Panorama.am -ի հետ զրույցում ասաց նա։

Երևանի  Տիկնիկային թատրոնի մոտ կուտակված աղբով, ասում է՝ հնարավոր է թատրոնի ջեռուցումը կազմակերպել. «Կարող ենք 9 հարականի շենքի տակ կառուցել, ու շենքի բնակիչները վերելակի հոսանքի գումարը չվճարեն։ Մենք նույնիսկ պրոեկտ ունենք, թե ոնց կարող ենք Խաղաղ օվկիանոսի պլաստիկը մեկ տարվա ընթացքում մեր ռեակտորներով վերացնել: Այսինքն՝ իմ պրոեկտը գլոբալ է»։

Գյուտն արտոնագրված է և պատկանում է  ֆուտբոլիստ Դավիթ Դավթյանին։ Նախագիծն անցել է  նաև բնապահպանական փորձաքննություն և անվտանգ է շրջակա միջավայրի համար ՝  փակ ցիկլ է և արտանետումներ չկան։

Դավթյանի գյուտն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել  մարզերում, մինչև դեկտեմբերի վերջ  մի շարք խոշոր քաղաքներ կունենան աղբը վերամշակող ռեակտոր:   

2020-ի ընթացքում հետաքրքրվողների թիվը կմեծանա , կարծում է գյուտարարը, հատկապես  մասնավոր ընկերությունները  կարող են  տեղադրեն լոկալ կայաններ և իրենց աղբը վերամշակելով  չվճարել  աղբավճար։ 

Panorama.am