Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը
https://parstoday.ir/hy/news/armenia-i114500-Ռուսաստանը_շարունակում_է_գլխավորել_Հայաստանի_հիմնական_առևտրային_գործընկերների_ցանկը
Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը 2019 թվականին շարունակում է գլխավորել Ռուսաստանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2019 14:07 Asia/Tehran
  • Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը

Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը 2019 թվականին շարունակում է գլխավորել Ռուսաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն նշեց, որ ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում հունվար-սեպտեմբերին Ռուսաստանին բաժին է ընկնում 27 տոկոսը: Երկրորդ տեղում Չինաստանն է, որին հաջորդում է Շվեյցարիան, այնուհետև՝ Գերմանիան և Իրանը:

«Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության կառուցվածքում հիմնականում փոփոխություններ չկան՝ գյուղմթերք, վերամշակված մթերք, գազ, գյուղտեխնիկա և այլն: Ուզում եմ ընդգծել, որ գնային և որակական առումով հայկական ապրանքները մրցունակ են մեր շուկայում»,-ասաց Անդրեյ Բաբկոն:

Ինչ վերաբերում է ներդրումներին, Անդրեյ Բաբկոն նշեց, որ այստեղ նույնպես ռուսական ընկերություններն առաջնային տեղերում են: 2019 թվականի հունվար-սեպտեմբերին  ընդհանուր ներդրումների ծավալում 43.6 տոկոսը Ռուսաստանի ներդրումներն են:

Անդրեյ Բաբկոն ընդգծեց, որ ռուսական ընկերությունները պատրաստակամ են ակտիվ ներդրում ունենալ գյուղատնտեսական, աղբահավաք, ճանապարհային տեխնիկայի մատակարարման գործում: Նա տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ քննարկումների մեջ են:

«Մեր ընկերությունները պատրաստ են իրենց ներդրումն ունենալ տրանսպորտային ցանցի արդիականացման ծրագրի շրջանակում: Կարող եմ ասել, որ մեր ներկրված տեխնիկան կարող է լինել մրցունակ: Չէ որ որպես ԵԱՏՄ անդամ երկիր մաքսային վճարներ չկան: Դրանից բացի, տեղափոխման ճանապարհային ծախսը մոտ 80 տոկոսը սուբսիդավորվում է: Ստացվում է՝ այն գնով, որ ապրանքը գործարանից դուրս եկավ չնչին տարբերությամբ կհասնի Հայաստան»,-ասաց Անդրեյ Բաբկոն: Առաջարկներ կան ինչպես ավտոբուսների, այնպես էլ տրոլեյբուսների հետ կապված: Երևանի երկու փոխքաղաքապետերի հետ ակտիվ աշխատանք է տարվում: Անդրեյ Բաբկոն նշեց, որ իրենք հետաքրքրված են նաև վերելակների թարմացման ծրագրով:

«Վերելակների հետ կապված, հայտնի է, որ այն մեծ ծախս ու ներդրումներ է պահանջում: Հասկանալի է, որ բնակիչների կողմից ներկայում վերելակների համար վճարվող գումարը փոքր է, հետևաբար պետական սուբսիդավորում է անհրաժեշտ: Երբ այդ և ֆինանսական հարցերը հստակեցվեն, պայմանավորվածությունը ձեռք բերվի,մենք պատրաստ ենք այս գործում ևս մեր ներդրումն ունենալ»,-ասաց Անդրեյ Բաբկոն:

Armenpress.am