Երևանում ներկայացվեց MG ZS EV մակնիշի էլեկտրամոբիլը
https://parstoday.ir/hy/news/armenia-i114877-Երևանում_ներկայացվեց_mg_zs_ev_մակնիշի_էլեկտրամոբիլը
Երևանում «ԷՄՋԻ Մոթորս» ընկերությունը ներկայացրեց լիովին էլեկտրական MG ZS EV քրոսովերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2019 05:20 Asia/Tehran
  • Երևանում ներկայացվեց MG ZS EV մակնիշի էլեկտրամոբիլը

Երևանում «ԷՄՋԻ Մոթորս» ընկերությունը ներկայացրեց լիովին էլեկտրական MG ZS EV քրոսովերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, MG ZS EV էլեկտրամոբիլը հագեցած է նորագույն անվտանգության և հարմարավետության համակարգերով։ Հայաստանը աշխարհում առաջին երկրներից է, որտեղ հասանելի դարձավ այս մոդելը։ 

«ԷՄՋԻ Մոթորս» ընկերության մարկետինգի և կորպորատիվ վաճառքների պատասխանատու Հայկ Հարությունյանը նշեց, որ ներկայացվել է վերջին շրջանի ամենահաջողված քրոսովերը, որը արտադրված է չինական ամենամեծ ավտոարտադրող SAIC motors ընկերության կողմից, որի հետ «ԷՄՋԻ Մոթորս»-ը 2019 թվականին պայմանագիր կնքեց։

«Կարելի է ասել հեղափոխություն ենք անում ավտոշուկայում, քանի որ այսուհետ էլեկտական տարբեր մոդելներ են ներկայացված լինելու Հայաստանում՝ բավականին հաջողված և մատչելի։ Մեր քաղաքացիները հնարավորություն կունենան էկոլոգիապես մաքուր, ոչ ծախսատար, ժամանակակից և ապահով մեքենաներով երթևեկել»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ մոտ ապագայում այլ մոդելներ նույնպես կցուցադրվեն։

«ԷՄՋԻ Մոթորս» ընկերության մարկետինգի և կորպորատիվ վաճառքների պատասխանատուի խոսքով՝  ընկերությունը մոտ ապագայում կիրականացնի նաև արագ լիցքավորիչ կայանների (Hyper Chargers) տեղադրումը Հայաստանի ողջ տարածքով՝ այդպիսով լիարժեք շղթա ապահովելով էլեկտրոմոբիլների շահագործման համար։

Հարությունյանը լավատեսորեն է տրամադրված Կառավարության կողմից արտոնությունների տրամադրման առնչությամբ։ 

«Կառավարությունը արդեն իսկ հայտարարել է, որ ծառայողական մեքենաների մի մասը կփոխարինի էլեկտրամոբիլներով։ Հուսանք, որ կօգտվեն մեր մեքենաներից»,- շեշտեց Հարությունյանը։

Նա հայտեց, որ MG ZS EV մակնիշի քրոսովերի մեկ լիցքավորմամբ միջին վազքը կազմում է 330-340 կմ։

«Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացին միջինում 30-50 կիլոմետր է վարում մեքենան, կարծում եմ, մեկ լիցքավորմամբ մեկ շաբաթ բավարար կլինի այն շահագործել։ Մեքենայի հետ կոմպլեկտում կա նաև լիցքավորիչ, որը կարելի է տան պայմաններում օգտագործել։ Էլեկտրամոբիլը հագեցած է նաև անվտանգության բոլոր համակարգերով»,- ասաց Հարությունյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ պետք է վերլուծություն անել և հասկանալ, թե ընդհանուր պետական ապարատում տրանսպորտային միջոցների վրա որքան գումար է ծախսվում։

«Կարծում եմ, որ բավականին արդյունավետ կլինի, որպեսզի ունենանք էլեկտրական շարժիչներով մեքենաներ, քանի որ ծախսերը բավականին կնվազեն։ Հնարավորություն կլինի նաև վառելիքի խնայողություն ունենալ, ինչպես նաև կնպաստի օդի աղտոտվածության նվազմանը»,- ընդգծեց Սարգսյանը։

MG վաճառքի գծով տնօրեն Արև Պետրոսյանը նշեց, որ կան մի քանի հարցեր, որոնք մշտապես անհագստացնում են սպառողներին։ 

«Առաջին հարցը, որ մշտապես անհագստացնում է սպառողներին, կապված է լիցքավորման կայանների հետ։ 2020 թվականին ամբողջ Հայաստանի տարածքում ամեն 100 կմ մեկ տեղադրվելու են լիցքավորման կայաններ։ Մտավախություն կա նաև սպառողների շրջանում, որ կարող է թանկ լինել մեքենաների սպասարկումը։ Միայն մեքենայի մարտկոցի երաշխիքը 8 տարի է, իսկ ամբողջ մեքենային երաշխիքը 5 տարի։ Գնելով MG մեքենաները ստանալու եք ևս մեկ առավելություն։ Ամբողջ  Հայաստանի տարածքում մեքենայի կայանումն անվճար է։ Մյուս առավելությունը այն է, որ էլեկտրամոբիլներն ազատվել են ավելացված արժեքի հարկից, նշանակում է դարձել են ավելի մատչելի և հասանելի բոլորին»,-  շեշտեց Պետրոսյանը՝ հավելելով, որ բոլոր ցանկացողները կարող են դեկտեմբերի 24-ից գրանցվել մեքենան փորձնական վարելու համար։ Էլեկտրամոբիլի գինն է 16 միլիոն 900 հազար դրամ։ 

Armenpress.am