Եկել է ժամանակը, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i115011-Եկել_է_ժամանակը_որ_Հոկտեմբերի_27_ի_գործը_բացահայտվի
ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել է Հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ նախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի՝ 18.12.2019թ. ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքի պատասխանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2019 16:09 Asia/Tehran
  • Եկել է ժամանակը, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտվի

ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել է Հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ նախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի՝ 18.12.2019թ. ՀՀ գլխավոր դատախազին ուղղված Հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքի պատասխանը։

1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով տուժած ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ նոր հանգամանքներ ի հայտ գալու պատճառով, նաև այն պատճառով, որ տարիներ առաջ գործը կարճվել է՝ հաշվի չառնելով տուժողների շահերը, պետք է այն վերաբացվի։

«Ես այդ տեսակետը հայտնել եմ դեռ այն ժամանակ, երբ գլխավոր դատախազը Աղվան Հովսեփյանն էր։ Ես հարցրեցի, թե կա՞ն, արդյոք, ինչ-որ վարկածներ և հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան անջատված մասով գործը տրամաբանական ավարտին հասցնելու և բացահայտելու։ Ես ներկայացրել և ասել եմ, որ արդյոք չե՞ն իմացել նախապատրաստվող ահաբեկչության մասին նրանք, ովքեր եղել են շենքում, սակայն դահլիճ չեն մտել։ Նրանց պետք է ստուգել, պարզել հանգամանքները, և դա կդառնա այն թելի կծիկը, որը բացվելով՝ թույլ կտա բացել ամբողջ կծիկը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հմայակ Հովհաննիսյանը։

Քաղաքագետը նշեց, որ Անահիտ Բախշյանի հետ մասնակցելով լրագրող Աննա Իսրայելյանի՝ «Երկիր մեդիա»-ով կազմակերպված քննարկմանը՝ հայտարարել է, որ որպես տուժող՝ դիմում է Գլխավոր դատախազությանը, որպեսզի Աղվան Հովսեփյանին ենթարկեն պատասխանատվության։ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ներկայացրել է վարկած կազմակերպիչների մասով և պահանջել, որ այն ստուգվի։

«Ինչ վերաբերում է Անահիտ Բախշյանի քայլին, ապա այն միանգամայն տրամաբանական է։ Մենք այդ մասին քննարկել ենք հաղորդման ժամանակ և հաղորդումից հետո։ Ես այն համոզմունքին եմ, որ այսօր կան բոլոր նախադրյալները այդ գործը նոր պայմաններում, երբ խանգարող հանգամանքներ չկան, օբյեկտիվ քննելու համար։ Նրանք, ովքեր այդ տեսակետին համաձայն չեն, մասնավորապես զոհերի իրավահաջորդներից Արամ Զավենի Սարգսյանը, ժամանակին հայտարարում էին, որ Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտումը հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո, երբ կհեռանա ղարաբաղյան կլանը, և կգա նոր իշխանություն։ Հիմա հեղափոխությունից հետո եկել է այդ ժամանակը, և տարօրինակ է, որ Արամ Սարգսյանը հայտարարում է, որ ինքն այդ գործի բացահայտումը նպատակահարմար չի համարում, քանի որ կան ինչ-ինչ աշխարհաքաղաքական գործոններ։ Մինչդեռ իմ համոզմամբ՝ այդ աշխարհաքաղաքական ինչ-ինչ հանգամանքների պատկերացումներն ուռճացված են»,- նկատում է Հմայակ Հովհաննիսյանը։

Նա նշում է, որ այդ մասին հետաքրքիր դիտարկումներ է արել նաև ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Այդ առումով քաղաքագետը հիշեցնում է, որ տարիներ առաջ մահացած ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության պահեստի փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի տեսակետը, թե ՌԴ-ն մասնակից է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, չի համապատասխանում իրականությանը։

«Իմ կարծիքով՝ ՌԴ-ն իմացել է, սակայն չի կանխել։ Հնարավոր չէ, որ ՌԴ հակահետախուզությունը տեղյակ չլիներ, որ նման ահաբեկչություն է նախապատրաստվում Հայաստանում։ Բայց նա չի փորձել կանխել։ Երբ Էրդողանի նկատմամբ էր կազմակերպվում ահաբեկչություն, ՌԴ-ն զգուշացրել էր այդ մասին։ Բայց ասել, որ ՌԴ-ն է կազմակերպել, դա չափազանցություն է և հիմնավորված չէ՝ ըստ իս և ըստ Արման Բաբաջանյանի»,- ասաց քաղաքագետը։ Նա հիշեցնում է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ, և դա ապացուցված փաստ է։

«Նրա գործը ոճրագործության օրը բերել է Գորիկ Հակոբյանը, և դա տեսել է նաև նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Իհարկե, կան փաստաթղթեր, որոնք Սերժ Սարգսյանի ցուցումով Գեորգի Կուտոյանի օրոք ոչնչացվել են ԱԱԾ-ում։ Կան նաև հետաքրքիր դիտարկումներ, որոնք ներկայացրեց ԱԱԾ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում»,- ասաց քաղաքագետը։

 1in.am