Թեհրանից Երևան ժամանող ինքնաթիռի վայրէջքի ժամի փոփոխություն նախատեսված չէ
«Զվարթնոց» օդանավակայնը հունվարի 8-ին Թեհրանից Երևան ժամանող ինքնաթիռին սպասում է նախատեսված ժամին, այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Նախատեսված է, որ մեզ մոտ ժամանակին վայրէջք կկատարի Թեհրանից Երևան եկող օդանավը»,-ասաց Հովհաննիսյանը:
Երևանում վայրէջքի նախատեսված ժամը 15։00-ն է, Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա: Երևանից Թեհրան ինքնաթիռը մեկնել է հունվարի 8-ին ժամը 11։00-ին: Հետագա հնարավոր մանրամասներին ծանոթանալու համար Հովհաննիսյանը հորդորեց հետևել չվացուցակին:
Իրանի մայրաքաղաք Թեհրանի օդանավակայանի մոտակայքում կործանվել է 176 մարդ տեղափոխող Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար Բոինգ -737 ինքնաթիռը:
ԻՐՆԱ գործակալության տվյալներով ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:
Իրանում ՀՀ դեսպանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ հարցում են ուղարկել ԻԻՀ արտաքին գործերի նախարարություն՝ ճշտելու, թե արդյոք ինքնաթիռում գտնվե՞լ են ՀՀ քաղաքացիներ:
Fars գործակալության տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:
Armenpress.am