Փետրվար 07, 2020 18:14 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը ԵՄ դեսպաններին ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների գործընթացը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավանդական հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի և Եվրոպական միության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում արդի մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված հարցերի շուրջ: 

Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում անդրադարձ է կատարվել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:

ՀՀ կառավարության զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականության համատեքստում ԱԳ նախարարը ԵՄ գործընկերներին ներկայացրել է երկրում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացն՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: 

Armenpress.am

 

Պիտակ