Կորոնավիրուսի համավարակ. Զոհրաբ Մնացականյանը կապվել է ԱՄՆ պետքարտուղարության հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i118852-Կորոնավիրուսի_համավարակ._Զոհրաբ_Մնացականյանը_կապվել_է_ԱՄՆ_պետքարտուղարության_հետ
Մարտի 31-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2020 07:40 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի համավարակ. Զոհրաբ Մնացականյանը կապվել է ԱՄՆ պետքարտուղարության հետ

Մարտի 31-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ՝ միաժամանակ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության և գործողությունների համակարգման կարևորությունը: Այդ համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:

ԱԳ նախարար Մնացականյանն իր համերաշխությունն ու զորակցությունը հայտնեց իր գործընկերոջը՝ ԱՄՆ կառավարության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում:

Անդրադարձ կատարվեց ցամաքային և օդային փոխադրումների սահմանափակումներով պայմանավորված մարդկանց տեղաշարժման խնդիրներին: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն անդրադարձավ ԱՄՆ-ում գտնվող և Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեցող ՀՀ քաղաքացիների առջև տեղում ծառացած մի շարք խնդիրներին՝ դրանց հասցեագրման հարցում կարևորելով նաև ամերիկյան կողմի աջակցությունը:

Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց նախօրեին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական միջադեպի արդյունքում առաջացած իրավիճակը:

Հեռախոսազրույցի ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունն ակտիվ քայլեր ձեռնարկելու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի պահպանման ու ընդլայնման ուղղությամբ:

Verelq.am