Հունիս 17, 2020 17:59 Asia/Tehran
  • Մոսկվան հստակ քայլեր է անում Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու համար․ գործի է դրվել քարոզչական ողջ ռեսուրսը

Ռուսական ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Մասնավորապես, «Коммерсантъ» պարբերականը իր՝ «Փողոցը մարտահրավեր է նետել Հայաստանի վարչապետին» հոդվածում գրում է, 2018 թվականին բողոքի ակցիաների արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բախվեց իր կառավարման դեմ տեղի ունեցող զանգվածային ակցիայի։ «Երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության կանչեց ԲՀԿ առաջնորդին, որը քննադատում է վարչապետին «բոլոր ոլորտներում ձախողման համար», նրա հարյուրավոր աջակիցներ հավաքվեցին ԱԱԾ-ի մոտ՝ բղավելով «Նիկո՛լ, հեռացի՛ր»։ Այս միջադեպը Ն Փաշինյանի բանավոր դիմակայության գագաթնակետն էր ընդդիմության հետ, որին նա անվանում է «քաղաքական բացիլներ»»,- հավելում է լրատվամիջոցը:

«Кавказский узел» կայքը իր՝ «Ո՞վ ավելի ուժեղ կգտնվի՝ Ծառուկյա՞նը, թե՞ Փաշինյանը» հոդվածում գրում է, որ կիրակի էր, արևոտ եղանակ, շատերը ցանկանում էին իրենց ընտանիքների հետ գնալ հանգստանալու և այդպես էլ արեցին քաղաքականության ժամանակը չէ, թեև Երևանում անհանգիստ էր։ «Ցուցարարները քննադատում էին Նիկոլ Փաշինյանին, բացականչում Ծառուկյանի անունը։ Վերջինը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, որը միշտ իր ունեցվածքից ինչ-որ տոկոս կիսել է ժողովրդի հետ»:

Interfax գործակալությունը գրում է, որ Հայաստանի ոստիկանությունը 252 անձի նկատմամբ իրականացրել է վարչական ձերբակալում։ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից հարցաքննվել է ավելի քան ութ ժամ: «Росбалт»-ը հիշեցնում է, որ Փաշինյանը մոռացել է իր ցուցարար անցյալի մասին ընդդիմության կողմնակիցներին Հայաստանում ցրում էին։

Իսկ ահա Gazeta.ru կայքն ավելի խորն է գնացել՝ հրապարակելով հոդված «Ծառուկյան-վարչապետ Հայաստանը պահանջում է Փաշինյանի հրաժարականը» վերնագրով։

«Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ռուսական լրատվամիջոցների նմանատիպ հրապարակումները պատահական չի համարում։ «Սա նախ և առաջ խոսում է այն մասին, որ Ռուսաստանը փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին։

Ընդ որում՝ դա անում է՝ իր ողջ պրոպագանդայի ռեսուրսը նպատակաուղղելով դեպի Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ամեն ինչ ներկայացնելով միակողմանի, իրականությանը որևէ կերպ չհամապատասխանող։ Այո՛, իր հրապարակումներով Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ փորձ է արվում Ռուսաստանի հանրությանը լարել Հայաստանի դեմ ու վարկաբեկել Ռուսաստանի հանրության աչքերում Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ իշխանություններին. «Չմոռանանք, որ Ռուսաստանում ապրում են հարյուր հազարավոր հայեր։ Եվ այս ամենը նաև մի մտորման տեղ է տալիս՝ երբ ՌԴ դեսպանին հարցնում են Ռուսաստան փախած և ծանրագույն հանցագործությունների մեջ կասկածվող մի քանի անձանց մասին՝ թե ինչո՞ւ է Ռուսաստանն իր մոտ պահում և չի արտահանձնում Հայաստանին, ինչո՞ւ է տանիք հանդիսանում նրանց համար, Ռուսաստանի դեսպանը պատասխանում է, որ սա քաղաքական հարց չէ, իրավական հարց է։ Մինչդեռ՝ դատախազի միանգամայն հիմնավորված միջնորդությամբ հանդես գալն ու քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալուն ուղղված հարցը ռուսական կողմը իր ողջ պրոպագանդայով ներկայացնում է որպես քաղաքական հետապնդում, մի քանի ճղճղացողների փաստն ուռճացնում է, թե իբր Հայաստանը պահանջում է Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն՝ մենք այստեղ գործ ունենք մեր ռազմավարական դաշնակցի, բավականին մեղմ եմ ուզում ասել՝ ոչ բարեկամական ու անազնիվ կեցվածքի հետ։ Ես, մեծ հաշվով, շատ մեծ հույսեր էլ չունեի, բայց այս փաստը չեմ կարող չարձանագրել»։

Մեր այն դիտարկմանը, որ ռուսաստանամետ կեցվածքով այլ ուժեր այս օրերին հանդիպումներ են ունենում և հարցին՝ արդյոք նրանց ռեսուրսները բավարար կլինեն երկրում անկայուն իրավիճակ ստեղծելու, ցնցումներ առաջացնելու համար, Մեհրաբյանն արձագանքեց. «Իրենք Հայաստանում ռեսուրսներ չունեն, իրենք ունեն որոշակի քանակի փող ու անսահման ցինիզմ։ Այլ բան չունեն։ Ու այս իմաստով պետք է ասեմ հետևյալը՝ ՀՀ իշխանությունն ուղղակի պարտավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարությունն ու պետության սուվերենությունը արտաքին ցանկացած ոտնձգությունից, ինչպես նաև պետք է արտաքին ուժերի պրոքսիների դիվերսիոն գործողությունների դեմն առնեն երկրի ներսում»։

Հաջորդ դիտարկմանը, թե այս ամենը տեղի է ունենում Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ, արդյոք պե՞տք է նման հարցերը բարձրացվեն այնտեղ տեղի ունենալիք հանդիպումների ժամանակ, քաղաքագետն ասաց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանի ղեկավարությունը Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացների հետ կապված ինչ-որ հարցեր պետք է պարզի Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի հետ։ Հայաստանի ներսում տեղի ունեցածի շուրջ, եթե իշխանություններն ունեն պարզելու բան, ապա միայն հասարակության հետ։ Իսկ իշխանությունն, ինչպես տեսնում ենք, այդ հարցի շուրջ առավել քան թափանցիկ է։ Հետևաբար՝ այդ իմաստով հարցը փակված է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերաբերմունքին՝ դա թող մնա Ռուսաստանին։ Իսկ մենք կանենք մեր հետևությունները»։

Հարցին՝ արդյոք Ռուսաստանը կփորձի՞ օգտագործել այս հնարավորությունը Փաշինյանի իշխանությունը տապալելու համար, թե՞ պարզապես «ինչ-որ բան պոկելու» քաղաքականություն է իրականացնում։ «Հետագա մտադրությունները կձևավորվեն հենց այդ պահի դրությամբ թելադրված հանգամանքներով, բայց այս պահին Ռուսաստանը հստակ քայլեր է անում Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու համար։ Չափազանցություն չեմ համարի ասել, որ Հայաստանում բոլոր հակապետական ուժերի գործունեությունը առնվազն բարոյական աջակցություն է ստանում Ռուսաստանից՝ ռուսական պրոպագանդայի ողջ ռեսուրսը գործի դնելով»,- եզրափակեց նա։

1in.am

 

Պիտակ