Թուրքիայի ագրեսիվ պահվածքը և Մնացականյանի այցը Եգիպտոս. Հայաստանը պետք է զգույշ լինի
Արաբագետ Արմեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի Եգիպտոս կատարելիք այցին և այդ համատեքստում հայ–արաբական հարաբերություններին։
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեք օրով Եգիպտոս է մենելու, որտեղ տեղի են ունենալու մի շարք հանդիպումներ։
Արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` նախարարի այցը կարելի է դիտարկել մի քանի հարթություններում, առաջինը` Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության ուղեգծում վերջին շրջանում նկատվող ակտիվությունն է, որը բավականին կարևոր է։
«Եգիպտոսը մեծ դերակատարություն ունի արաբական աշխարհի տարաբնույթ խնդիրների հանգուցալուծման գործում, հետևաբար, Մնացականյանի այցն այս տեսանկյունից ունի նաև խորհրդանշական բնույթ։ Երկրորդ հարթությունն առնչվում է երկկողմ հարաբերությունների օրակարգին։ Հայաստանի ու Եգիպտոսի միջև տասնամյակներ ի վեր հաստատված են բարեկամական հարաբերություններ, առկա է փոխգործակցության բավականին մեծ ներուժ, բայց բավարար չափով չի իրացվում»,– նշում է արաբագետը։
Նա հույս ունի, որ ՀՀ արտգործնախարարի այցով երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներում կընձեռվեն հնարավորություններ կապերն ակտիվացնելու, վերագործարկելու առումով։
Պետրոսյանի կարծիքով` երրորդ հարթությունն այն է, որ Մնացականյանի այցը տեղի է ունենում արաբական մի շարք երկրներում ու Արևելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակի ֆոնին, մասնավորապես` Թուրքիայի հավակնոտ ու ագրեսիվ գործողությունների պատճառով ստեղծված խնդրահարույց զարգացումների ֆոնին։
«Պետք է փաստել, որ Թուրքիան հարևան արաբական երկրների հանդեպ ցուցաբերում է ակտիվ վերաբերմունք, անգամ միջամտության տեսքով, ու թեև այդ գործընթացներն ուղղակի կապ չունեն Հայաստանի հետ, բայցևայնպես, Թուրքիայի ագրեսիվ պահվածքն ընդհանրական է ու համանման բոլոր տարածաշրջաններում, հետևաբար, այս առնչությամբ են մեր շահերը համընկնում արաբական երկրների շահերի հետ և այդ առումով` Հայաստանի քայլերը պետք է լինեն բավականին կշռադատված»,– նշում է արաբագետը։
Արմեն Պետրոսյանի կարծիքով`հակաթուրքական որևէ դաշինքում Հայաստանի ընդգրկվելու հարցն ունի կշռադատության, լուրջ քննարկումների անհրաժեշտություն, ըստ այդմ` Հայաստանը պետք է որդեգրի հստակ ուղեկից գործելաոճ տարբեր տարածաշրջաններում Թուրքիայի գործողություններին արձագանքելու տեսանկյունից։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio