Ֆրանսիան կարեւորում է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը. Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i126288-Ֆրանսիան_կարեւորում_է_ռազմական_գործողությունների_շուտափույթ_դադարեցումը._Փաշինյան_Մակրոն_հեռախոսազրույցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2020 19:50 Asia/Tehran
  • Ֆրանսիան կարեւորում է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը. Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը եւ ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին:

Ֆրանսիայի նախագահը կարեւորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը եւ խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության:

Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել Թուրքիայի եւ նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան՝ ընդգծելով, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման՝ հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը: Խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ նրանց երկրների սերտ համագործակցությունը:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio