Կոչ աշխարհի խորհրդարաններին՝ ճանաչել ԼՂ –Ի (Արցախի Հանրապետության) անկախությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i126375-Կոչ_աշխարհի_խորհրդարաններին_ճանաչել_ԼՂ_Ի_(Արցախի_Հանրապետության)_անկախությունը
ԼՂ-ի (ԱՀ) Ազգային ժողովը հայտարարություն է տարածել ԼՂ-ն (Արցախի Հանրապետության) միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2020 15:16 Asia/Tehran
  • Կոչ աշխարհի խորհրդարաններին՝ ճանաչել ԼՂ –Ի (Արցախի Հանրապետության) անկախությունը

ԼՂ-ի (ԱՀ) Ազգային ժողովը հայտարարություն է տարածել ԼՂ-ն (Արցախի Հանրապետության) միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին:

«Հաշվի առնելով, որ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, զինված հարձակում են նախաձեռնել ԼՂ-ի (ԱՀ)   դեմ՝ ԼՂ-ի   (Արցախի Հանրապետության) և Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով,

Ընդգծելով  ԼՂ –Ի (Արցախի Հանրապետության) դեմ զինված ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը և նրա կողմից ռազմական գործողությունների փաստացի հրամանատարությունն ու ղեկավարումը,

Խորը մտահոգություն հայտնելով ԼՂ –Ի (Արցախի Հանրապետության )  դեմ ագրեսիայում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ներգրավվման փաստի կապակցությամբ,

Հաշվի առնելով, որ լայնածավալ ռազմական հարձակումն ԼՂ –Ի (Արցախի Հանրապետության)    դեմ շարունակվում է աճող ինտենսիվությամբ և ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառելի օրենքների և սովորույթների խախտումներով, ներառյալ՝ քաղաքների և գյուղերի, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի դեմ ոչ-ընտրողական և մեծ կործանարարություն ունեցող զինատեսակների կիրառմամբ, որի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ,

Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության, ինպես նաև միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղութան վերականգնմանը, և միևնույն Ժամանակ, ափսոսանք հայտնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով այդ քայլերը գործնական արդյունք չեն տվել,

Ընդգծելով, որ ԼՂ –Ի (Արցախի Հանրապետության)  դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան պետք է դիտվի խաղաղ բնակչության դեմ ուղղված համատարած և համակարգված հարձակումների համատեքստում, որոնք ձեռնարկվում են Ադրբեջանի կողմից ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ՝ 1988 թ․ սկսված Արցախյան ազգային ազատագրական շարժման սկզբից ի վեր,

Ճանաչելով, որ  ԼՂ –Ի (Արցախի Հանրապետության) քաղաքացիների հիմնարար իրավունքների շարունակական խախտումները և իրենց անկապտելի իրավունքների իրացման խոչնդոտումը ոչ այլ ինչ են, քան մարդկության դեմ հանցագործություն՝

ԼՂ –Ի (Արցախի Հանրապետության) Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության և կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել ԼՂ –Ի (Արցախի Հանրապետության) անկախությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոցը՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio