Նիկոլ Փաշինյան.ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ է, որը չենք կարող անցնել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում պատրաստ է փոխզիջումների, սակայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այն կարմիր գիծն է, որը «չի կարող անցնել»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է «Ռուսաստանն այսօր» միջազզային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
Անդրադառնալով հարցին, թե ինչ փոխզիջման է Հայաստանը պատրաստ և արդյոք կա գիծ, որից Հայաստանը չի նահանջի որևէ պարագայում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Այո, իհարկե կա այդպիսի գիծ, և այդ գիծը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել փոխզիջման: Ամենահայտնին կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ է եղել հստակ փոխզիջման: Բայց Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել այդ համաձայնությունները, որովհետև չէր ցանկանում և չի ցանկանում ընդունել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը մեզ համար գիծ է, կարմիր գիծ է, որից մենք չենք կարող անցնել»:
Անդրադառնալով հոկտեմբերի 10-ի մոսկովյան համաձայնությունների մեջ հիշատակված կարգավորման բազային սկզբունքների մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ասել է, որ այդ սկզբունքները հայտնի են՝ ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն:
«Հարցը նրանում է, թե ինչպես են կողմերը մեկնաբանում այդ սկզբունքները: Որովհետև բանակցային գործընթացի ընթացքում պարզվեց, որ տարբեր կողմեր տարբեր կերպ են մեկնաբանում այդ սկզբունքները: Եվ հիմա մենք ունենք իրավիճակ, երբ այդ շատ կարևոր սկզբունքներից մեկը խախտված է: Ես արդեն խոսեցի դրա մասին: Դա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio