ՀՀ ԱԳՆ-ն. ԼՂ-ում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է, պատերազմական հանցագործությունն է
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ ադրբեջանական կողմի գործողությունները հստակորեն ցույց են տալիս, որ ԼՂ-ում (Արցախ) Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հրապարակման մեջ:
«Հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Այս պատերազմական հանցագործությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպիտ խախտում է, հստակորեն ցույց է տալիս, որ ԼՂ-ում (Արցախ) Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ: ԼՂ-ում (Արցախ) կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության»,- գրել է Նաղդալյանը:
Շուշիի, ինչպես նաև ԼՂ-ի (Արցախ) մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական կողմը հոկտեմբերի 28-ին «Սմերչ»-ով հարվածներ է հասցրել, եղել են նաև ավիահարվածներ: Հայտնի էր դարձել, որ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով Շուշիի հրետակոծումից խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ ԼՂ-ի (Արցախ) ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ավելի ուշ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանների թիրախավորման արդյունքում կան մեծ թվով տուժածներ և ավերածություններ: Ստեփանակերտի ծննդատունը դարձել է ավիահարվածի թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio