Ապրիլ 03, 2021 13:24 Asia/Tehran
  • ՀՀ-ի ու Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

Մոսկվայում ապրիլի 2-ին գումարված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի լայն շրջանակի: Այդ համատեքստում կարևորվել է երկու երկրների ժողովուրդների բարեկամության լավ ավանդույթների հիման ներքո միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, բարձր մակարդակում փոխայցելությունների և շփումների դինամիկայի զարգացման միջոցով:

ԱԳ նախարարներն առանձնահատուկ ընդգծել են առևտրատնտեսական կապերի աշխուժացման ու այդ նպատակով ԵԱՏՄ և այլ կառույցներում համաձայնեցված գործիքակազմի արդյունավետ կիրարկման անհրաժեշտությունը, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Նախարարների ուշադրության կենտրոնում էր նաև մշակութային ծրագրերի իրականացման հարցը:

Կողմերը շեշտել են երկու երկրների միջև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարներ Այվազյանը և Կազակբաևը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ