Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա կգտնվի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Հայաստանի նախագահը կայսերական պալատում կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը և զրույց կունենա կայսեր հետ:
Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում նախատեսվում է նախագահ Արմեն Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը և երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
Նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև տեխնոլոգիական մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարների և գործարարների հետ` հայ-ճապոնական փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, ինչպես նաև կայցելի գիտակրթական հաստատություններ:
ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ Տոկիո ուղևորվելու ճանապարհին նախագահ Սարգսյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում կհանդիպի Կատարի Պետության ղեկավարության հետ՝ քննարկելու հայ-կատարական փոխգործակցության ընդլայնմանը, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր:news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio