Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է «ֆեյք» անվանել ԼՂ հարցով բանակցային գործընթացը
https://parstoday.ir/hy/news/armenia-i152556-Փաշինյանը_պարզաբանեց_թե_ինչու_է_ֆեյք_անվանել_ԼՂ_հարցով_բանակցային_գործընթացը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է նախորդ իշխանությունների օրոք վարած՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացն անվանել «ֆեյք»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2021 07:12 Asia/Tehran
  • Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է «ֆեյք» անվանել ԼՂ հարցով բանակցային գործընթացը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է նախորդ իշխանությունների օրոք վարած՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացն անվանել «ֆեյք»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան»-ից Աննա Գրիգորյանի հարցին:

Փաշինյանը նկատեց, որ ընդդիմադիր պատգամավորները մի քանի անգամ հիշատակել են Լիտվայում իր ունեցած հանդիպումը ՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այնտեղ նշած մի քանի հայտարարություններ են մեջբերել, բայց չեն հետաքրքրվել, թե ինչու է բանակցային գործընթացը «ֆեյք» գործընթաց անվանել:

«Բանակցային գործընթացը «ֆեյք» գործընթաց եմ անվանել այն պատճառով, որ բանակցային ամբողջ գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ: 1998-ից ԼՂ-ն դուրս է թողնվել բանակցային սեղանից: 1999-ին ՀՀ-ն ընդունել է կոնսենսուսի շրջանակներում Եվրոպայում անվտանգության խարտիան»,-ասաց Փաշինյանն ու ընթերցեց այն:

 Վարչապետը շարունակեց. «Երբ 2000-ականներին ՀՀ-ն ԼՂ-ի հարցի կարգավորման համատեքստում քննարկել է տարածքների փոխանակման բանաձևը և առաջարկել է, որ Մեղրիի շրջանը հանձնի՝ Ղարաբաղը ստանալու դիմաց, սրանով ամբողջացրել է, որ ՀՀ-ն երեք քայլանի գործողությամբ ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Սա է պատճառը, որ ես այդ բանակցային գործընթացն անվանել եմ «ֆեյք», որովհետև այդ նույն իշխանության ներկայացուցիչներն այսօր այդ նույն համոզվածությամբ ասում են, որ այդպես կամ այնպես պետք է լիներ: Չի եղել այդպիսի բան»:

Նա նշեց, որ, երբ Ադրբեջանն ասում էր, որ ԼՂ-ն պետք  ինքնորոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, դա ասում էր՝ հիմնվելով 1998-1999 թվականին ՀՀ արտաքին քաղաքականության և կառավարության արած գործողությունների վրա: Այդ գործողությունները, նրա խոսքով, ապացուցելի են:

Armenpress.am