ԵԱՀԿ ՄԽ–ն Ադրբեջանը չի ստեղծել. Միրզոյանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա:
«Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան Միրզոյանը վկայակոչել է Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
«Այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է»,– նշել է նախարարը։
Հակադարձելով Ալիևի այն հայտարարությանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա` Միրզոյանն ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը, և հետևաբար Ադրբեջանն այն չի կարող լուծարել կամ նրա առաքելությունը ավարտված համարել: Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ ՄԽ գոյություն ունի: Նաև, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում` նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաև, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց, և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է»:
Միրզոյանը նաև նշել է, որ պատերազմի էջը մեզ համար փակված չէ, կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով:
Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Բրյուսելում համաձայնություն է կայացել Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի մասին, Միրզոյանը վերահաստատել է` Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Իսկ քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին են:
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահը մայիսի 27-ին Կովսականում (Զանգելան) հայտարարել է, որ Ադրբեջանը լուծել է Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանը պետք է հաշտվի այդ մտքի հետ։ «Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է։ Մենք լուծել ենք այդ հարցը։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ անվանումը կրող վարչական միավորին, ապա Ադրբեջանի տարածքում նման միավոր գոյություն չունի»,–ասել է նա։
Ալիևը շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցություն միջազգային կազմակերպությունների լեքսիկոնում չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը հերթական անգամ ապացուցեց դա։ «Այո, Հայաստանը կրկին բարձրացրեց այդ հարցը և, ինչպես ասում են, գլուխը խփում է պատերին, բայց այդպիսին է իրականությունը, և այդ իրականության հետ պետք է հաշտվել»,- նշել է Ալիևը։
Նա հավելել է, որ Բաքուն կշարունակի հզորանալ, այդ թվում՝ ռազմական ոլորտում, քանի որ միջազգային իրավունքի համակարգն այսօր չի գործում, և հիմնական գործոնը ուժն է, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է թշնամուն «ուժով վռնդեն իրենց տարածքներից»։
armeniasputnik.am