Պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության սկզբունքները. Իրանի ԱԽ քարտուղար
https://parstoday.ir/hy/news/armenia-i176608-Պետք_է_հարգվեն_պետությունների_տարածքային_ամբողջականության_սահմանների_անձեռնմխելիության_սկզբունքները._Իրանի_ԱԽ_քարտուղար
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 7-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2022 13:31 Asia/Tehran
  • Պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության սկզբունքները. Իրանի ԱԽ քարտուղար

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 7-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, ԱԽ քարտուղարներն ընդգծել են երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության կայուն զարգացման միտումը և այդ համատեքստում շեշտել են երկկողմ տնտեսական փոխգործակցության կարևորությունն ու դրա զարգացման անհրաժեշտությունը:

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:

Արմեն Գրիգորյանը նաև ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ, ինչի շրջանակներում Իրանի ԱԽ քարտուղարն ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը:

Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին: