Նավասարդին «Քարահունջում» կանցկացվի հայ-իրանական խոհարարական առաջին փառատոնը
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օգոստոսի 10-11-ն առաջին անգամ կանցկացվի հայ-իրանական խոհարարական «Նավասարդ» գաստրոփառատոնը։
Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր կայացած ասուլիսում հայտնեց, որ հյուրերին և մասնակիցներին հետաքրքիր ժամանց է սպասվում։
«Միջոցառումը մեծ նշանակություն ունի և ուղղված է նոր մրցունակ զբոսաշրջային արտադրանքի ստեղծմանը, ինչը շատ կարևոր է հատկապես հետքովիդյան շրջանում»,- ասաց Ապրեսյանը։
Նրա խոսքով` փառատոնը կխթանի նաև հայ-իրանական համագործակցությունը և կդառնա տարածաշրջանային խոշոր իրադարձություն: Ապրեսյանը նշեց, որ նպատակը զբոսաշրջության աստիճանական զարգացումն է, այդ թվում՝ մարզերում։
Փառատոնը սկսվելու է օգոստոսի 10-ին, ժամը 17:00-ին։ Ժամը 19:00-ից հարուստ երաժշտական ծրագիր ու լազերային շոու է նախանշված «Քարահունջ» պատմամշակութային արգելոցի տարածքում։
Գիշերը ժամը 03:00-05:00-ը «Քարահունջի» տարածքում կկազմակերպվի աստղադիտում։ Լարային քառյակը կներկայացնի նաև հայկական դասական երաժշտություն։ Իսկ ժամը 04:00-ին, երբ երկինք կբարձրանա Հայկի համաստեղությունը (խմբ.– Օրիոն համաստեղության հայկական անվանումն է), կհնչի Կոմիտասի «Կռունկը»։
Մշակութային և երաժշտական գոտիներում կհնչեն երգեր, կցուցադրվեն արվեստի և արհեստավորների գործեր։ Մինչ փառատոնի մեկնարկը տեղի կունենա մրցույթ տարբեր անվանակարգերում, իսկ փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնեն։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ հայտնեց, որ փառատոնի առաջին հատվածում Հայաստանի ու և Իրանի թիմերը կներկայացնեն իրենց ազգային ավանդական ուտեստները, որոնցից մեկը պետք է համապատասխանի տոնի թեմային։
«Հայկական կողմը կմատուցի կորկոտ, արևը խորհրդանշող կլոր գաթա և տոլմա»,– ասաց Մամուլյանը։
Հիշեցնենք, որ երկու երկրների ներկայացուցիչների միջև արիական խոհանոցի համատեղ փառատոն անցկացնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021 թվականին։ Գաղափարը հայկական կողմինն է, նպատակը երկու երկրներում հեթանոսական ժամանակներից հայտնի տոնական ուտեստներն ու ավանդույթները հանրահռչակելն է։
armeniasputnik.am