Որտեղո՞վ է անցնելու Լաչինի միջանցքի նոր երթուղին
https://parstoday.ir/hy/news/armenia-i179918-Որտեղո_վ_է_անցնելու_Լաչինի_միջանցքի_նոր_երթուղին
Օգոստոսից վերջից սկսած` հայկական կողմը չի կարողանա օգտվել Գորիս–Ստեփանակերտ նախկին ճանապարհից։ Ներկայում միաժամանակ կառուցվում է Երևանից Ստեփանակերտ տանող մայրուղին, որն անցնում է Կոռնիձորով, բարեկարգվում է Աղավնոյից ոչ հեռու գտնվող ժամանակավոր գրունտային ճանապարհը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2022 09:58 Asia/Tehran
  • Որտեղո՞վ է անցնելու Լաչինի միջանցքի նոր երթուղին

Օգոստոսից վերջից սկսած` հայկական կողմը չի կարողանա օգտվել Գորիս–Ստեփանակերտ նախկին ճանապարհից։ Ներկայում միաժամանակ կառուցվում է Երևանից Ստեփանակերտ տանող մայրուղին, որն անցնում է Կոռնիձորով, բարեկարգվում է Աղավնոյից ոչ հեռու գտնվող ժամանակավոր գրունտային ճանապարհը։

Առաջիկայում Լաչինի միջանցքի երթուղին պետք է ներկայիս Գորիս-Տեղ-Ստեփանակերտ ճանապարհից տեղափոխվի Ստեփանակերտ-Հին Շեն-Կոռնիձոր-Տեղ նոր մայրուղի: Սակայն Հայաստանի տարածքում գտնվող ճանապարհահատվածը դեռ պատրաստ չէ: Այդ պատճառով տեղաշարժը ժամանակավորապես հնարավոր կլինի միայն 4-կիլոմետրանոց գրունտային ճանապարհով, որով նախկինում երթևեկություն չի իրականացվել։

Sputnik Արմենիայի թղթակիցն այցելել է շինարարության գոտի և ծանոթացել ճանապարհների ընթացիկ վիճակին։

Լաչինի նոր միջանցքը

2022 թ.-ի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լաչինի միջանցքի նոր մայրուղու կառուցումից հետո նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզից դուրս գտնվող տարածքները կանցնեն Ադրբեջանին:

Եվ չնայած Երևանում ոչ լեգիտիմ որակեցին Լաչինի միջանցքը հնարավորինս սեղմ ժամկետներում այլ երթուղով փոխարինելու` Բաքվի պահանջը, օգոստոսի 4-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները մեկնարկել են։

Մինչդեռ ադրբեջանական կողմը օգոստոսի 11– ին հայտարարեց մինչև Հայաստանի սահմանն ընկած ճանապարհահատվածի կառուցման ավարտի մասին, որը շրջանցում է Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը։ Շինարարական աշխատանքները սկսվել էին դեռևս 2021 թվականի հուլիսին:

Ստեփանակերտն ու Երևանը կապող նոր ճանապարհը պետք է անցնի Կոռնիձոր գյուղով, դուրս գա դեպի Ադրբեջանի կառուցած կամուրջը Աղավնո գետի վրայով։ Այնուհետև այն հասնում է Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին և դուրս է գալիս Եղծահող գյուղից ոչ հեռու գտնվող նախկին մայրուղի։

Սակայն Կոռնիձոր–ՀՀ սահման հատվածը Հայաստանի իշխանությունները նոր են սկսել կառուցել։ Այս հատվածը կազմում է մոտ 12 կմ: Շինարարության վրա միաժամանակ երեք ընկերություն է աշխատում, համապատասխանաբար աշխատանքներ են տարվում երեք տեղամասերում:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցները թույլ չտվեցին ավելի առաջ անցնել։ Շինարարական աշխատանքների հիմնական հատվածն այժմ ընթանում է դե ֆակտո սահմանին անմիջականորեն կից հատվածում։

Իսկ մինչ պատրաստ կլինի Տեղ–Կոռնիձոր–ՀՀ սահման ճանապարհը, Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին կանցնի 4 կիլոմետրանոց գրունտային հատվածով։

Այն կսկսվի Աղավնո գետի կամրջով, որով ավարտվում է Ադրբեջանի կառուցած, նախկին մայրուղուց Մեծ Շեն և Հին Շեն գյուղերով անցնող ճանապարհը, կմիանա Տեղ–Գորիս ճանապարհին Աղավնո գյուղից արդեն քիչ վերև` հայկական սահմանին ավելի մոտ։

armeniasputnik.am