Սպորտը նաև խաղաղություն է. Երևանում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը
https://parstoday.ir/hy/news/armenia-i182784-Սպորտը_նաև_խաղաղություն_է._Երևանում_կայացել_է_Բռնցքամարտի_միջազգային_ֆեդերացիայի_կոնգրեսը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը: Հայտնում են ՀՀ կառավարությունից։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 25, 2022 14:23 Asia/Tehran
  •  Սպորտը նաև խաղաղություն է. Երևանում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը: Հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հարությունյանն ասել է, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կյանքում սա կարևոր իրադարձություն է: «Ըստ էության, Երևանում նաև որոշվում է, թե Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան և համաշխարհային բռնցքամարտն ինչ զարգացում են ունենալու առաջիկա տարիներին: Մենք պատրաստ ենք համագործակցել ֆեդերացիայի հետ նաև առաջիկա տարիներին»,– ասել է նա:

Արայիկ Հարությունյանն իր ելույթում շեշտել է, որ սպորտը նաև խաղաղություն է բերում աշխարհին: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ժամանակ բազմաթիվ կոչեր են հնչում և հենց այդ օրերին ամբողջ աշխարհում խաղաղություն է հաստատվում:

«Ես ցանկանում եմ, որ միջազգային մարզական միջոցառումներն այնքան շատ լինեն, որ ամբողջ աշխարհում մշտապես խաղաղություն հաստատվի»,– ասել է Հարությունյանը:

Կառավարության ներկայացրած տվյալներով` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի արտահերթ կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 170 երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բռնցքամարտի աշխարհի հեղինակավոր դեմքեր: Կոնգրեսի օրակարգի առանցքային թեման IBA-ի նախագահի նոր ընտրությունների անցկացումն էր:

Սակայն նոր ընտրությունների անցկացմանը դեմ է քվեարկել ազգային ֆեդերացիաների 106 ներկայացուցիչ, կողմ ՝ 36, ևս չորս ներկայացուցիչ ձեռնպահ է մնացել քվեարկությունից: Այսպիսով, Ումար Կրեմլևն իր պաշտոնում կմնա ևս 4 տարի։

armeniasputnik.am