Հոկտեմբեր 13, 2022 11:57 Asia/Tehran
  • Անհնար է խոսել խաղաղության մասին, երբ կրակում են քեզ վրա. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ–ում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ելույթ ունեցել ԵԽԽՎ–ում և անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու, խաղաղության և այլ հարցերի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարևանի կողմից: Հարձակումը եղել է բոլորովին անհիմն և չարդարացված: Խաղաղ բնակիչներ են զոհվել: Վնասվել են բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Խաղաղության մասին խոսել հնարավոր է, երբ քո գործընկերները ցանկանում են խոսել խաղաղության մասին: Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ նրանք կրակում են քեզ վրա, մինչ նրանք օկուպացնում են քո տարածքը: Անհնար է»,– ասված է հաղորդագրությունում:

Շարունակելով խաղաղության մասին իր ելույթը` նա ընդգծել է, որ սեպտեմբերի 15-ին պետք է Փարիզում հանդիպում ունենար ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հետ, որին հրավիրել էր ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը, սակայն այն տեղի չի ունեցել, քանի որ դրանից 2 օր առաջ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա։

Խոսելով Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հերթական ներխուժման մասին` նա շեշտել է, որ սա նոր ագրեսիա է, նոր օկուպացիա, նոր ռազմագերիներ, նրանցից ոմանք սպանվել են, և կան կադրեր, որտեղ երևում է, որ նրանք գերեվարվելուց անմիջապես հետո մահապատժի են ենթարկվում ադրբեջանցիների կողմից:

Ռուբինյանը հորդորել է դատապարտել Ադրբեջանի նման վարքագիծը, երբ ավտորիտար իշխանությունը հարձակվում է իր դեմոկրատ հարևանի վրա և օկուպացնում է նրա տարածքը: Նա ընդգծել է` ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքից, իսկ հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։

armeniasputnik.am

Պիտակ